Օրհնության կարգ, երգ ու պար, ծիսական ուտեստներ. «Ընտանիք» համալիրում նորապսակ հինգ զույգերը երեկ երեկոյան Տյառնընդառաջ էին տոնում:
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն՝ Տյառնընդառաջը նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Այս տոնը նաեւ նորապսակ զույգերի եւ պտղաբերության տոն է: Պտղաբերություն՝ ոչ միայն զավակածնության, այլեւ ճիշտ հոգեւոր արժեքների. «Սիրո եւ հանդուրժողականության մասին ոչ թե խոսել, այլ սիրել եւ հանդուրժել» :
«Այսօրվա տոնը որոշման տոն է. որոշման տոն, թե մենք որքանո՞վ ենք քրիստոնեական արժեքներին հավատարիմ: Այսօր առավել քան խարխլվում են մեր ազգային արժեքները, ընտանեկան եւ բարոյական արժեքները, ուստի, այսօր առավել քան կարեւոր է այս տոնը՝ վերանորոգման եւ քիրստոնեությունը «զգեստավորելու» մեր պարտավորության կարեւորագույն տոներից է»,- օրվա խորհրդի մասին պատմում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ընտանիք» համալիրում տոնում են բոլոր ազգային եւ հոգեւոր տոները, բոլոր ծիսակատարություններն ըստ կարգի կատարվում են: Համալիրի տնօրեն Լուսինե Մարտիրոսյանի մատուցմամբ՝ նպատակն է արմատներին ավելի մոտենալ, հայկական ավանդույթները պահպանել, դրանց հաղորդակից դարձնել թե տեղացիներին, թե հյուրերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ