Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բազար մի՛ սարքեք»,-քաղաքապետը` ավագանու անդամներին

Փետրվար 14,2023 13:16

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստը բուռն է անցնում։ Օրակարգի հարցերից մի քանիսը՝ 2-12-ը չզեկուցվող են։ Առաջարկվեց չզեկուցվող դարձնել նաեւ 17-20-րդ հարցերը, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխությանը։ Հիմնավորվեց, թե հանձնաժողովի նիստում այն ընդունվել է միաձայն, առանց խնդրի։

«Այն, ինչ ձեռք է տալիս, ճխտում եք չզեկուցվողների մեջ, վախեր ունեին չզեկուցվողների մասին խոսելիս․․․»,-տեղից արձագանքեց  «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։

Քվեարկության դնելիս` քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անընդհատ շփոթում էր՝ չզեկուցվողի փոխարեն զեկուցվող էր ասում, դահլիճում իրարանցում էր, ավագանու  որոշ անդամներ ուղղեցին քաղաքապետին։

Ավագանու անդամներից մեկն էլ ասաց՝ ինչո՞ւ  2-12 հարցերը մի փաթեթով պետք է քվեարկել, կոնկրետ ինքը դեմ է, որպեսզի 8-րդ հարցը լինի չզեկուցվող։ Բայց արդեն ուշ էր, քվեարկել էր «կողմ» փաթեթին, սակայն քաղաքապետը բացատրեց, որ այդ  դեպքում պետք է ընդհանուր դեմ քվեարկեր։

Ավագանին կողմ քվեարկեց, որպեսզի ներկայացված հարցերը լինեն չզեկուցվող։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի համար անհասկանալի էր՝ հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցը մյուս հարցերի հետ ինչո՞ւ են չզեկուցվողի տակ անցկացնում։

«Սա խայտառակություն է, ինչը սպասելի էր, եւ զգուշացնում էի։ Յուրաքանչյուր հարցի վերաբեյալ մեր կարծիքը բացարձակ որեւէ մեկին հետաքրքիր չէ»,-հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ի պատասխան ասաց․«Նմանատիպ բանը Ազգային ժողովում էլ կա։ Պետք չէ չափազանցնել հիմա։ Եթե հարցերը ժամանակին բաժանվում են, ու հարցադրումներ ունեք՝ ոչ միայն ստեղ ելույթ ունենալու, ֆեյսբուքում քոմենթներ գրելու, լայքեր հավաքելու համար է, խնդրում եմ այդ հարցադրումները գրեք, քննարկենք»։

Անի Խաչատրյանը կրկին տեղից արձագանքեց, բավականին վրդովված, դահլիճում աղմուկ էր, ոչինչ չէր լսվում, թե ով՝ ինչ է ասում։

«Խնդրում եմ լսեք իրար, բազար մի՛ սարքեք»,-սաստեց քաղաքապետը։

Անի Խաչատրյանը շարունակեց․«Հաստիքացուցակի կրճատում եք բերել, զեկուցվող, բայց էն մյուսը, որ բերեցիք, կրճատեցիք, նորից հետ եք բերում․․․լղոզեցիք․․․»,-փորձեց հիմնավորել  Խաչատրյանը։

Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց՝ քանի որ դուք այստեղ եք, չենք կարող լղոզել, ելույթ կունենաք, կասեք։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728