Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ ղեկավարին սերտ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Համակարծիք լինելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Գիլբերտ Հունգբոն վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտային համագործակցությանն ուղղված։
Կարդացեք նաև
Վերջինս նախարարին ներկայացրել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցա ստեղծելու իր նախաձեռնությունը և առաջարկել, որ դրա մաս կազմի նաև Հայաստանը։ Զրուցակիցները քննարկել են տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը ևս։
Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Գիլբերտ Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ