ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը:
Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նրան ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երկու անձանց ինքնությունը։ Վերջիններս 53 և 23 տարեկան տղամարդիկ են, որոնց գործողություններն անհատականացվել են։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղևորին վիճաբանության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը:
Մասնավորապես՝ 2023թ․ հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում, 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում ուղևորներից երկուսը, իրենց անձի ենթադրյալ առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով և երթուղային ավտոբուսում գտնվող ուղևորների անդորրը խաթարելով, ավտոբուսում գտնվող ուղևորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խմբի կազմում կատարել խուլիգանություն։
Կարդացեք նաև
Խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղևորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ուղևորի մարմնի տարբեր մասերին, իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղևորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կատարված հանցավոր արարքների պատճառով նաև խափանվել է երթուղայինի բնականոն աշխատանքը, ուղևորների մի մասը հեռացել են երթուղայինից, իսկ նշված երկու անձինք դիմել են փախուստի:
Դեպքից հաշված օրեր անց վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե