«Ամերիկայի ձայն». Թուրքական մամուլն այս օրերին անդրադառնում է Թուրքիայում երկրաշարժի աղետի գոտում հայաստանցի փրկարարների գործունեությանը, Հայաստանից ժամանած մարդասիրական օգնությանն ու դրա տեղափոխմանը Թուրքիա հայ-թուրքական ցամաքային սահմանով:
Պետական «Anadolu Agency» լրատվական գործակալությունը փետրվարի 11-ին հրապարակել է «Թուրքիա-Հայաստան սահմանը 30 տարվա դադարից հետո վերաբացվել է երկրաշարժի գոտուն օգնություն ցուցաբերելու համար» վերնագրով հոդվածը, ուր գրում է. «Թուրքիա-Հայաստան սահմանը շաբաթ օրը վերաբացվել է 35 տարվա մեջ առաջին անգամ՝ հումանիտար օգնություն հասցնելու համար երկուշաբթի օրը Թուրքիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից տուժած մարդկանց։ Հայաստանից օգնություն տեղափոխող հինգ բեռնատարներ սահմանը հատել են Թուրքիայի արևելյան Իգդիր շրջանի Ալիջանի սահմանային անցակետով»:
Գործակալությունը անդրադարձել է հայկական և թուրքական դիվանագիտական շրջանակների արձագանքներին, մասնավորապես այս կապակցությամբ մեջբերելով ՀՀ արտգործնախարարության և Հայաստանի հետ երկխոսության հարցում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի թվիթերյան գրառումները:
Փետրվարի 13-ին «Anadolu Agency» լրատվական գործակալության կայքում հրապարակվեց մեկ այլ հոդված «Հայկական թիմը շարունակում է ողջ մնացածների որոնումները երկրաշարժից տուժած Թուրքիայում» վերնագրով: Նյութում մեջբերվում է հայկական փրկարարական թիմի անդամ Գարի Արմագայանի խոսքերը, ով գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանից ժամանած փրկարարական խմբի աշխատանքների մասին: Ըստ գործակալության, Արմագայանը նշել է. «Թուրք ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս մութ օրերին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը, պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»՝ հավելելով, որ նման ուժգնությամբ ու ավերածությամբ աղետ չի հանդիպել երբևէ:
Կարդացեք նաև
Գործակալությունը նաև մեջբերում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Գարո Փայլանի թվիթերյան գրառումը, ուր պատգամավորը գրում է. «Եվս երկու հրաշք տեղի ունեցավ յոթերորդ օրը: Ադիյամանում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների համագործակցության արդյունքում փրկվել են ևս երկու աղջնակներ։ Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- գրել է հայազգի օրենսդիրը: Մեկ այլ գրառման մեջ, ըստ գործակալության, Փայլանը գրել է. «Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գերատեսչության անձնակազմի հետ ուս-ուսի տված հայկական փրկարարական թիմը Ադիյամանում փրկել է ողջ մնացած ութամյա աղջկան»:
Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև հայ-թուրքական սահմանի վերաբացմանը Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության տեղափոխման համար: Այստեղ նշվում է նաև, որ «երկու երկրները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, իսկ երկու հարևան երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից»:
Գործակալության տարածած տեղեկատվությունը վերահրապարակվել կամ մեջբերվել է թուրքական մամուլի կողմից այս թեմաների շուրջ այլ հրապարակումներում, ներառյալ Hürriyet Daily News-ի, Daily Sabah-ի, Duvar-ի, Türkiye թերթի և այլ լրատվամիջոցների:
Hürriyet Daily News թերթը իր «Թուրքիա-Հայաստան անցումը բացվել է 35 տարվա մեջ առաջին անգամ» հոդվածում մեջբերում է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի թվիթերյան գրառումը, ուր նշվում է, որ մարդասիրական օգնությամբ բեռնված հինգ բեռնատարներ ժամանել են Թուրքիա Ալիջան սահմանային անցակետից։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ օգնությունը տրամադրվել է փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո, որոնց հետևանքով երկու երկրներում զոհվել է մոտ 28,000 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են: «Սա առաջին անգամն էր, որ սահմանային անցումը բացվեց 1988 թվականից ի վեր, երբ Թուրքիան էր օգնություն ուղարկել Հայաստան, այստեղ ավերիչ երկրաշարժից հետ, որի հետևանքով զոհվել էր 25,000-ից մինչև 30,000 մարդ», – նշում է Hürriyet Daily News-ը:
Մեկ այլ առանձին հրապարակմամբ թերթը հայտնել է, որ Թուրքիային երկրաշարժից հետո իրենց ցավակցություններն են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Իր հերթին, Daily Sabah իշխանամետ օրաթերթը, մեջբերելով «Anadolu Agency» գործակալության տեղեկությունը, «Հայկական թիմը շարունակում է փրկարարական աշխատանքները երկրաշարժից տուժած Թուրքիայում» հոդվածում ընդգծում է, որ «հայկական փրկարարական խումբը որոնողական աշխատանքներ է տանում կյանքեր փրկելու համար Թուրքիայի Ադիյաման նահանգում՝ անցյալ շաբաթ երկրի հարավն ավերած երկրաշարժից հետո ողջ մնացածներին փլատակներից դուրս բերելու համար»: Թերթը նաև անդրադառնում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը՝ Հայաստանից ժամանող օգնությունը տեղափոխելու համար՝ ընդգծելով՝.
«Շաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ վերաբացվեց Թուրքիա-Հայաստան սահմանը՝ հեշտացնելու համար մարդասիրական օգնության փոխանցումը երկրաշարժից տուժած մարդկանց։ Հայաստանից օգնություն տեղափոխող հինգ բեռնատարներ սահմանը հատել են Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգի Ալիջան անցակետով»: Թերթը մեջբերում է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի գրառումներն ուղղված ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին և բանակցությունների գծով իր գործընկեր, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, ուր մասնավորապես ասված է. «Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները երկրաշարժից տուժած Թուրքիայի տարածքում»:
Սահմանի վերաբացմանը թերթն անդրադարձել է նաև փետրվարի 11-ին հրապարակած իր «Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը 35 տարվա մեջ առաջին անգամ է բացվել» հոդվածում, ուր նշում է, որ «շաբաթ օրը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետը բացվել է ավելի քան երեք տասնամյակ անց՝ հումանիտար օգնություն տրամադրելու համար երկու խոշոր երկրաշարժերից հետո, որոնք ավերել են հարավ-արևելյան 10 նահանգներ:
Ըստ թերթի՝ Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը թվիթերում հրապարակել է երկու երկրները բաժանող Արաս գետի թուրքական կողմի Ալիջան անցակետով անցնող բեռնատարների լուսանկարները»:
Ստամբուլում տեղակայված, ընդդիմադիր Duvar առցանց պարբերականը իր էջերում ևս լուսաբանել է Հայաստանի փրկարարական թիմի գործունեությունն ու հայ-թուրքական սահմանով մարդասիրական օգնության տեղափոխումը Թուրքա՝ վերահրապարակելով մի շարք հրապարակումներում թուրքական պետական «Anadolu Agency» լրատվական գործակալության նյութերն այս թեմաների վերաբերյալ: Իսկ թուրքական աջակողմյան պահպանողական «Türkiye» թերթն իր «Թուրքիա-Հայաստան սահմանը 3 տասնամյակում առաջին անգամ է բացվում երկրաշարժի համար օգնության նպատակով» հրապարակման մեջ ընդգծում է, որ երկար տարիներ հաշտություն չունեցող երկու երկրները համագործակցել են երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու հարցում։ Հայաստանն ու Թուրքիան 35 տարի անց վերաբացեցին իրենց սահմանային անցակետը, ընդգծում է թերթը:
Հրապարակումը ևս մեջբերում է բանագնաց Սերդար Քըլըչի գրառումներն ուղղված հայկական կողմին, ուր նաև նշվում է. «Երկրաշարժից անմիջապես հետո 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից բացի, 5 բեռնատար, բեռնված հայ ժողովրդի կողմից 100 տոննա սննդամթերքով, դեղորայքով, ջրով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով օգնությամբ, մեկնել է Ադիաման՝ անցնելով Ալիքան սահմանային անցակետն այսօր առավոտյան»,- գրում է « Türkiye» պարբերականը:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ