Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինստիտուցիոնալ» բառն այլեւս մոդայիկ չէ

Փետրվար 14,2023 10:02

Դուք գիտե՞ք, որ Հայաստանում գոյություն ունի Հանրային խորհուրդ, որն, ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի, կառավարության խորհրդակացական մարմինն է: Եթե մեր երկրում լինեին հեղինակավոր փորձագետներ եւ հասարակական գործիչներ, ապա այդ մարմինը կարող էր որոշակի դրական դեր խաղալ մեր հասարակական կյանքում: Բայց քանի որ բոլոր պոտենցիալ հեղինակություններին ֆեյսբուքյան «կարմիր բրիգադները» կարող են մեկ րոպեում «փչացնել» եւ գետնին հավասարեցնել, հեղինակություններ իրականում չկան, իսկ Հանրային խորհրդի մասին վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ ոք ոչ մի բան չի լսել:

Նույն Սահմանադրության մեջ կա մի ամբողջ գլուխ՝ 10-րդը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանին: Ի տարբերություն Հանրային խորհրդի՝ նշված ինստիտուտը գոյություն ուներ ոչ միայն թղթի վրա, եւ այդ առումով պետք է արժանին մատուցել դրա բոլոր 5 ղեկավարներին: Բայց այս պահին ստեղծվել է մտահոգիչ վիճակ. արդեն 10 օրից ավելի է՝ օմբուդսմեն չկա, ու Ազգային ժողովը, կարծես թե, չի կարեւորում այդ հարցը:

Ինչի՞ համար է պետք Մարդու իրավունքների պաշտպանը: Օրինակ, այն դեպքի համար, երբ ոստիկանության Էրեբունու բաժնում, ըստ լուրերի, բռնություն է կիրառվում սկզբից անչափահասների, ապա՝ փաստաբանների նկատմամբ: Ի դեպ, այդ «քաղմասն» ունի ծեծուջարդի «հարուստ ավանդույթներ». մասնավորապես, 2003-2004 թվականին այնտեղ յուրահատուկ «ծառայողական պարտականություններ» էին կիրառվում ընդդիմության ակտիվիստների հանդեպ: Անցյալում հասարակական հատվածն իրավամբ խարազանում էր, ասենք, «սերժաբարո մենթերին», մինչդեռ այժմ չկա դատափետելու նախկին խանդավառությունը: Բայց պետական անկախ մարմինը, ինչպիսին է օմբուդսմենի գրասենյակը, այստեղ հաստատ անելիք ունի: Կարծում եմ նաեւ՝ «Համմերի» մասով պետք է ապահովվեն հակաօրինական գործողություններ կատարած անձի իրավունքները, ինչպես նաեւ բացատրվի հանրությանը, որ «դիմահար կրակ բացելը» խնդրի լուծում չէ:

Երբ Փաշինյանը ստեղծում էր «ՔՊ»-ն, նա հաճախ էր օգտագործում «ինստիտուցիոնալ» ածականը: Եվ ինստիտուցիոնալ փոփոխություններն իսկապես մեր պետության կարեւորագույն խնդիրն են: Բայց, գալով իշխանության, նա չկարողացավ կամ չցանկացավ բարեփոխել, զարգացնել եղած ինստիտուտները եւ ստեղծել նորերը: Մնացին հիմնականում հին, փտած կառույցները, որտեղ եկան վարչապետին եւ նրա թիմին հավատարիմ մարդիկ, որոնք անում այն, ինչն անում էին «նախկինները»: Այս համակարգում հնարավոր չէ այլ բան անել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Օմբուդսմենի մարմնային չգոյութիւնը, գոնէ՝ անկեղծութիւն է: Եւ դրամական խնայողութիւն: Թերեւս նոյնը պէտք է անեն, ՀԽի պարագային եւս…

    Փաշինյանը «ինստիտուցիոմալ» բառը կը գործածէր, ի մասնաւորի եւ ամենակարեւորը՝ Հայաստանի այն առաջին, իսկական Ընդդիմութեան առնչութեամբ, որ ինք սկսած էր կերտել, յաջող ընթացքով:

    Եթէ նա այդ ուղիին վրայ պահէր Իր Քայլը, լրիւ ուրիշ տեղ հասած կը լիէնինք հիմա…

    Անկիւնադարձային պատեհութիւն մը, որ նոյնպէս կորսցուցինք… բազմահազար անգին կեանքերու – եւ որքան կենսական հողերու – հետ…

    Հ.Շ.

  2. Լավատես says:

    Մենք պետք է հարաբերվենք միմիայն մեր քաշային կարգի պետությունների ու պետական կազմավորումների հետ, իսկ ապավինել գերտերությունների օժանդակությանը’ հանցավոր միամտություն է: Մենք պետք է ապավինենք միայն մեր գերտերությանը, երբ միավորվենք մեր քաշային կարգի պետությունների հետ մի գերտերության մեջ եւ նոր միայն թույլ տանք մեզ հարաբերվել այլ գերտերությունների հետ: Ամենացածր քաշային կարգը’ դա պետությունը չի, այլ շարքային քաղաքացիներն են, ովքեր միավորվելով դառնում են գերքաղաքացի կամ քաղհասարակություն, որի հետ է միայն համայնքն ու պետությունը հաշվի նստում: Մեր քաղաքական պահանջները սնանկ են, մենք հայտնի բուրգի ստորոտում ենք եւ միայն գոյության խնդիր ենք լուծում: Աղքատությունը պետք է համարվի հասարակական հիվանդություն, իսկ առավել աղքատներին պետք է հասարակական հիվանդանոցներ ու վերակենդանացման բաժանմունքներ տանել: Աննորմալ է, երբ մարդն իր սեփական երկրում ավելի վատ է ապրում, քան ուրիշի երկրում: Կրկնեմ, մենք պետք է հրաժարվենք բոլոր, նույնիսկ ամենաբարեկամ գերտերությունների հետ որեւէ հարաբերություն ունենալուց, բացի գիտությունից ու մշակույթից, լինի դա Ֆրանսիա, Ռուսաստան թե Ամերիկա ու Չինաստան, մենք պետք է միավորվենք Վրաստանի, Կովկասի կամ Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի հետ, իսկ քոչվորները լավն են, երբ բնիկներն են նրանց ղեկավարում, բայց ոչ հակառակը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728