Գյումրու ներհամայնքային տրանսպորտը, թեև նորացվել է․ երթուղի են մտել սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված ռուսական «Gazelle Next» մակնիշի միկրոավտուբուսները, սակայն դրանից ուղևորափոխադրման որակը չի բարելավվել։
Օրվա որոշակի ժամերի միկրոավտոբուսներն այնքան լիքն են, որ շարժվելու տեղ անգամ չկա․ ուղևորների դժգոհելով ՝ եթե «հին գազելները բեզռազմեռ էին», նորերը կանգնած երթևեկելու առումով ամենևին հարմար չեն։ Մեր ֆոտոխցիկը քանիցս ֆիքսել է այդ ծանրաբեռնված վիճակը։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեցինք, թե հիմա ի՞նչ լուծում են տեսնում, վերջին հաշվով տրանսպորտը նորացնելու իմաստն անվտանգ երթևեկելն է։
Կարդացեք նաև
«Մենք ունենք թեժ գիծ, հեռախոսահամարները միկրոավտոբուսների մեջ փակցված են։ Ես հաճախակի եմ հարցնում եմ՝ կա՞ խնդիր, որից մարդիկ բողոքում են։ Մեծամասամբ զեկուցում են, թե չկա նման բողոքներ, չնայած որ նոր միկրոավտոբուսների քանակը 65-ն է, 30-35 հատ էլ հարկավոր է, որ ամբողջ ցանցը սպասարկենք։
2023 թվականի համար հայտ ներկայացվել է 20 նոր միկրոավոբուսների ձեռք բերման մասով, որից 10-ը էլեկտրական է լինելու, 10-ը տեսնենք՝ կամ գազել կամ մեկ այլ մակնիշի կլինեն։ Մենք ավելացնելու ենք մեր ավտոբուսային պարկի տրանսպորտը, բոլոր երթուղիները ունենալու են 100 տոկոսանոց համայնքապատկան մեքենաների սպասարկման ոլորտ։
Ճիշտ է՝ միկրոավտոբուսների քանակը քիչ է, բայց պիտի ճիշտ կազմակերպենք աշխատանքը, երևի թե առավոտյան ժամերին է պիկ, մեկ էլ երեկոյան՝ աշխատանքից տուն գնալիս։ Ճիշտ է՝ մեզ բողոքներ չեն հղվեն, բայց կուսումնասիրենք, թե որ երթուղու մասով որ ժամերն են պիկ, կանգառներում որ ժամին են ավելի շատ հավաքված մարդիկ, որ խնդրին լուծում տանք։
Մենք 4-5 նոր կանգառներ ենք տեղադրել, այդ թվում « Մուշ» թաղամասում, շարունակելու ենք ևս 10-ը տեղադրել, նորացնել»,-ասաց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ