Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ շարժման ժամանակ հրահանգիչներին ուղարկել էին Հադրութ՝ մեզ համոզելու, ժողովուրդը շենք շրջափակեց»․ Լեւոն Հայրյան

Փետրվար 13,2023 20:11

«Արցախյան շարժումը վերջանալ չի կարող։ Շարժման վերջնակետը պետք է լինի ազատ-անկախ Հայաստանը։ Դրանից հետո հարատեւ կռիվ պետք է տաս, որ երկիրդ ուժեղ մնա»,-«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն Հադրութի» հ/կ նախագահ, 88թ․-ի արցախյան շարժման կազմակերպիչներից Լեւոն Հայրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է արցախյան շարժման ակունքը․ արդյո՞ք 1988 թվականն է, ինչպես սովորաբար ներկայացվում է։ «Սկսվել է այն օրից, երբ Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Արցախում մեծ ու փոքր դիմակայություններ են եղել, որոնց ընթացքում մեծ թվով արցախցիների արտաքսել են բնօրրանից»,-նշեց Լեւոն Հայրյանը։

Նա փաստեց, որ արցախցին երբեք չի հաշտվել ՀՀ-ից կտրված լինելու հետ․ «Այդ հարցի շուրջ միշտ բոլոր շրջաններում եղել են խմբակներ։ Հադրութի խմբակից էին Արթուր Մկրտչյանը՝ Արցախի առաջին նախագահը, Էմիլ Աբրահամյանը (մահացավ երկու տարի առաջ), Գրիշա Հայրապետյանը, Մանվել Սարգսյանը, Վիգեն Գրիգորյանը․․․ 1985թ․-ին արդեն իրազեկում էինք ժողովրդին, տպում քարտեզներ, գրում պատմական նյութեր, լուսաբանում Չարդախլուի դեպքերը, ժողովրդի ով լինելը, հայրենիքի ինչ լինելը, թե ինչու ենք հայտնվել այս վիճակում։ Հետք անցանք ստորագրահավաքին։ Սկզբում շատ դժվար էր, որովհետեւ մարդիկ հրաժարվում էին ստորագրել, վախենում էին, սովետական «кгб»-ն հետեւում էր։ Հետո մեծ թափ ստացավ։ Հեռագրարշավ սկսեցինք Կրեմլի վրա։ Տասնյակ հազարավոր հեռագրեր ենք ուղարկել Մոսկվա՝ ամեն գյուղից։ Ժողովներ էին անում, անհնազանդություն հայտնում Ադրբեջանին, գյուղսովետներից որոշումներն ուղարկում Կրեմլ»։

Լեւոն Հայրյանի պատմելով՝ սովետական իշխանությունը դաստիարակչական բրիգադներ էր ուղարկում Արցախ՝  ժողովրդին համոզելու, որ «այդ էքստրեմիստների ու լակոտ-լուկուտների» կոչերին չհետեւեն․ «Եկել էին հրահանգիչներ, հադրութեցիներին բացատրել, թե չի կարելի, թե ազգամիջյան թշնամություն ենք հրահրում։ Ժողովուրդը բարկացավ, շենքը շրջափակեց ու թույլ չտվեց, որ դուրս գան։ Սա արդեն ոչ թե շարժումն էր, այլ ընդվզումը։ Երկու տարի մենք մեծ աշխատանք էինք արել ու մարդկանց լուսավորել, բացատրել, ստորագրություններ հավաքել։ Նվիրյալների մի «սորտ» կար, որ բոլորը բոլորին ճանաչում էին ամեն շրջանում։ Ի վերջո սա պետք է լիներ, որովհետեւ գալիս էին մեզ կոտորելու։ Մի բան էլ հիշեցնեմ, որ այս շարժումն Իգոր Մուրադյանի շնորհքն է։ Ժողովուրդը ո՞նց է զարթնել։ 1988թ․ սեպտեմբերին ինձ կանչեց ղեկավարս եւ մատ թափ տալով ասաց՝ Էմիլից եւ Արթուրից հեռու կմնաս։ Պահանջը չբացատրեց։ Շարժումն այնքան մեծացավ եւ ուժեղացավ մինչեւ դեկտեմբեր, որ ղեկավարս ասաց՝ ես հայրենասեր տղա եմ։ Այսպես ժողովուրդն արթնանում էր։ Ով, երբ իմացել է շարժման մասին, դա համարում է սկիզբը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728