Ո՞րն է արցախյան շարժման ակունքը․ արդյո՞ք 1988 թվականն է, ինչպես սովորաբար ներկայացվում է․ «Նոյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը արցախյան շարժման մասնակիցներն արձագանքեցին այս հարցին ու մանրամասներ պատմեցին։ «Շարժումը սկսվել է այն օրից, երբ Ղարաբաղը կցեցին Ադրբեջանին։ Ամեն տասնամյակ Ղարաբաղում լինում էր մի շարժում, որը ճնշում էին։ Օրինակ՝ 1920թ․-ի ապստամբությունը։ 67-68թ․-ին մի թուրքի ուզում էին արդարացնեին, ժողովուրդը ոտքի կանգնեց: Թուրքը երեխա էր սպանել։ Դատն էլ գնում էր այնպես, որ պետք է ազատեին դրան։ Ցինիզմ էր»,-նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար (1990-92թթ․), ազատամարտիկ Արկադի Կարապետյանը եւ շարունակեց,-«Սովետական բանակն այդ ժամանակ քաղաք էր մտել։ Ում բռնեցին, գնդակահարեցին՝ բոլորը հայեր էին. թուրքերին՝ ոչինչ»։
Արդեն 1974թ․-ին Կարապետյանն ընդհատակյա կազմակերպության անդամ էր ընկերների հետ: Պատմում է․ «Աստիճանաբար խմբեր կազմվեցին բոլոր շրջաններում։ Երեւանում եւս կապեր էինք հաստատում։ Սուրեն Այվազյանի հետ անձամբ էի կապի մեջ։ 85-ին գաղտնի ստորագրահավաք էինք անում, որը չհաջողվեց, բայց զարկ տվեց շարժմանը։ Ադրբեջանցիները գիտեին այդ մասին։ Պարզվեց՝ մեր մեջ էլ կային «գործակալներ»։
Ակտիվ շրջանը, Արկադի Կարապետյանի խոսքով, նորից սկսվել է 1988-ի գարնանը, երբ զուգահեռ ստորագրահավաք էր արվում․ «Տարել-ներկայացրել ենք կենտկոմ՝ Կրեմլ, ասելով, որ ժողովուրդն ուզում է վերամիավորել մայր Հայաստանին։ Մենք գիտակցում էինք, որ ՀՀ-ի մաս ենք, ուղղակի սովետի ժամանակ անարդարություն է եղել, եւ մեզ կցել են այլ երկրի։ Զարթոնքը սկսվեց։ Երեւանում ցույց եղավ, որը շարունակվեց։ Արցախում ամեն խումբ մի մարդու հետ էր կապվում։ Այդ մարդիկ մեզանից ավելի շատ փորձ ունեին՝ Բագրատ Ուլուբաբյան, Իգոր Մուրադյան, Սուրեն Այվազյան, Զորի Բալայան։ Եկավ ժամանակ, ու զգացի, որ պետք է Ղարաբաղի բոլոր խմբերը միավորվեն մի կազմակերպության հետ, որովհետեւ իրավիճակն արագ փոխվում էր, մեր խնդիրները մենք պետք է լուծեինք ու ժամանակին արձագանքեինք իրավիճակին։ Դա միանշանակ չընդունվեց, բայց երկու ամսում կազմակերպությունը ստեղծվեց»։
Արկադի Կարապետյանը նաեւ հիշեց, թե ժողովրդի պահանջը ներկայացնող ստորագրություններն ինչպես տարան Մոսկվա․ «88թ․-ին, երբ Ղրիմի թաթարներից մեկն իրեն հրկիզեց կարմիր հրապարակում, Կրեմլը ռեակցիա տվեց, եւ մեր մոտ գաղափար առաջացավ արագացնելու, որովհետեւ գիտեինք սովետի քաղաքականությունը։ Ղրիմի թաթարները կարող էին իրենց հարցը լուծել, եւ ազգային հարցերը կփակվեին։ Դրա համար մենք որոշեցինք առաջ ընկնել»։
Կարդացեք նաև
Բանախոսը նշեց, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի ձեւավորումը դեռ ընդհատակում էր կազմակերպվում՝ մինչեւ շարժման երեւացող մասի մեկնարկը․ «Մեր իշխանավորները պատմությունն աղավաղել են։ Փետրվարի 12-ին միայն Հադրութում չէ, որ եղել է հանրահավաք, այլեւ մյուս շրջաններում եւս։ Հանրահավաքը պլանավորել էինք փետրվարի 15-ին, բայց մարդ էին ուղարկել մեզ ճնշելու, դրա համար արագացրինք ու մեր պահանջները ներկայացրինք։ Այդպես շարժումը սկսվեց, բաց մինչեւ այդ գործարաններում, կոլխոզներում, բոլոր տեղերում ժողովներ ենք արել, որոշումներ ընդունել, որոնք հավաքել ենք եւ ուղարկել Մոսկվա՝ նույն պահանջներով։ Մեկ քաղաքական պահանջ էր՝ վերամիավորվել։ Ուրիշ պահանջներ չենք դրել։ Իմիջիայլոց, բավականին թուրքեր կան դրա տակ ստորագրած»։
Ըստ Կարապետյանի՝ այսօր մեր հիշողությունից փորձում են ջնջել, որ ունակ ենք կազմակերպվել եւ հաղթել․ «Դրա համար մեզ այսօր նսեմացնում են, աղավաղում։ Ժողովուրդն էլ իրականությունը չգիտի։ Շարժումը սկսած շրջանակներն են անգամ մեզ ճնշել՝ սովետի իշխանությունների հետ միասին։ Այսօր Արցախում կարող ենք ինքնակազմակերպվել։ Տասը տարուց ավելի իմ նախաձեռնությամբ եւ ընկերներիս օգնությամբ ամեն տարի փետրվարի 13-ին հավաքվում ենք Ստեփանակերտի հրապարակում եւ օրը նշում։ Երբ ժողովուրդը չգիտի ինչ է եղել, պատմությունը պատժում է կրկնությամբ։ Բայց այն, ինչ մենք էինք կազմակերպել, էլի է կազմակերպվելու։ Ելքը կգտնեն։ Հնարավոր չի չկազմակերպվել»։
Արկադի Կարապետյանի խոսքով՝ արցախյան շարժման ժամանակ առաջնորդներին փորձել են փողով գնել․ «400 միլիոն ռուբլի են առաջարկել։ Տարատեսակ ապրանքներ են բերել։ Մենք գնացքները հետ էինք ուղարկում։ Մենք չծախվեցինք, դրա համար ենք հաղթել։ Այն, ինչ կատարվում է այսօր, այն ժամանակ էլ էր նույնը։ Իգորը պատմել է, որ իրեն կանչել-ասել են՝ վերջ, էլ շարժում չի լինելու։ Հալաբյան փողոցի վրա էր՝ մի բնակարանում։ Ասում է, որ իջել է կանգառ, անձրեւի տակ երկու ժամ նստել ու ինքն իրեն ասել՝ հանկարծ ես հասկացա, որ ես եմ շարժման ղեկավարը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ