Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում

Փետրվար 13,2023 19:55

Փետրվարի 10-ին մի խումբ փաստաբաններ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն են տարածել, որ փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանն իրենց անչափահաս պաշտպանյալի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի մասնակցությամբ կատարվող առերես հարցաքննությանը մասնակցելու նպատակով գտնվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, որտեղ օպերլիազորը հոգեբանական ճնշում է գործադրել փաստաբանի և անչափահաս պաշտպանյալի նկատմամբ, խոչընդոտել է փաստաբանների մասնագիտական գործունեությանը, հայհոյել փաստաբաններին և մի խումբ օպերլիազորների հետ ծեծի ենթարկել նրանց։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն և կատարվածի բոլոր հանգամանքները վերջնականապես կպարզվեն նախաքննության արդյունքներով։

Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննությամբ հայտնի դարձած տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է։

Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։

Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ անթույլատրելի է իրավիճակային եզակի դեպքերը և դրանց վերաբերյալ գնահատողական մեկնաբանությունները տարածել և մեկնաբանել համակարգային համատեքստում՝ բնութագրելով ողջ համակարգում առկա իրավիճակը, քանի որ ոստիկանները և փաստաբաններն աշխատել և աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ հանուն քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության։ Հորդորում ենք զերծ մնալ սադրիչ բնույթի մեկնաբանություններից և հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում համատեղ աշխատանքի արդյունավետության վրա։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում։

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728