Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Կորեան մշակութային ու գիտակրթական բնագավառների առումներով ունեն նմանություններ». Սոն Կիհուն

Փետրվար 13,2023 18:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ԱԺ և ԱԳՆ ներկայացուցիչներ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-կորեական կապերի և փոխգործակցության զարգացումը: Նախարարը հյուրերի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:

Անդրադարձ է եղել ՀՀ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ առավել սերտորեն համագործակցելու ոլորտային ծրագրերի իրականացման գործում:

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը՝ իրականացնելով ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հնարավոր է դիտարկել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ կազմակերպել համատեղ սպորտային միջոցառումներ, որոնք կարող են լրացուցիչ հարթակ հանդիսանալ մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման ու սպորտային ծրագրերի իրականացման համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև տեխնոլոգիաների ոլորտում՝ այն ամրագրելով  «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գիտության և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրով:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սոն Կիհունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:

«Հայաստանը և Կորեան մշակութային ու գիտակրթական բնագավառների առումներով ունեն նմանություններ: Կորեայում լավ զարգացած է տեխնոլոգիական բնագավառը: Համատեղ համաձայնագրի կնքմամբ մենք առավել կսերտացնենք մեր հարաբերությունները թե՛ տեխնոլոգիական, թե՛ գիտական, և թե՛ մշակութային ոլորտներում»,- ասել է Սոն Կիհունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների  ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ կրկին շեշտելով հումանիտար ճգնաժամի հետևանքները. «Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև միջազգային կառույցներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և վերջապես կբացվի Լաչինի միջանցքը»:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող այլ հարցեր։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728