Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյսմիկ դիվանագիտության» փլատակները. Աշոտյան

Փետրվար 13,2023 18:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին հայկական հասարակական-տեղեկատվական դաշտում ինտենսիվ քննարկվում է Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ՀՀ գործող վարչախմբի կողմից հայտնած ցավակցությունների շքերթն ու հումանիտար օգնությունը:

Անխոս, հարևան երկրում տեղի ունեցած աղետի պարագայում ցուցաբերվող կարեկցանքը, համերաշխությունը և օգնությունն ընկալելի են մարդասիրական տեսակետից, իսկ թե ինչու է հայ հասարակությունն այդպես բուռն արձագանքում՝ ներկայացրել եմ օրեր առաջ:

Հիմա կցանկանամ դիտարկել մեկ այլ հանգամանք, այն է՝ երկրաշարժը որպես առիթ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման:

Եթե 2008-2009 թթ-ից իրականացվող հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, ապա այն, ինչը փորձում են անել այսօր, օգտվելով երկրաշարժից առաջացած հետևանքներից, կարելի է կոչել «սեյսմիկ դիվանագիտություն»:

Քանիցս բարձրաձայնել ենք վերոնշյալ թվականների և վերջին հայ-թուրքական գործընթացների միջև սկզբունքային տարբերությունները:

Ընդամենը հիշեցնեմ, որ 2008-2009-երին հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, իսկ այսօր՝ Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է:

Այս փաստն ընդգծում է, թե ինչպիսի ելակետային հսկայական տարբերություններ կային հայկական դիվանագիտական, բանակցային դիրքերի, Հայաստանի տարածաշրջանային կշռի դեպքում այն տարիներին և այսօր:

Մյուս հանգամանքն այն է, որ եթե նախորդ գործընթացը թուրք-ադրբեջանական հարաբերությունները, կապերը բաղդատելու, տրոհելու, առանձին երկու սեկտորի՝ «ԼՂ-ն առանձին, հայ-թուրքական հարաբերությունն առանձին» լոգիկայի մեջ էր, ապա Նիկոլի օրոք սկիզբ առած գործընթացն ամբողջությամբ առաջնորդվում է եռանկյունու տրամաբանությամբ, որտեղ Երևանը մնացել է Անկարայի և Բաքվի արանքում և պաշտոնական Թուրքիան չի էլ թաքցնում, որ այս ամբողջ գործընթացը համաձայնեցնում է և պայմանավորում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված «խաղաղության» պայմանագրով, «Զանգեզուրի միջանցքով» և այլն:

Միամտություն է կարծել, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» կարող է բերել լուրջ տեղաշարժերի թուրքական իշխանությունների ընկալումների մեջ դեպի Հայաստանի խնդիրներ:

Այն փաստը, որ անգամ երկրաշարժի օրերին Էրդողանը հիշատակել է Թուրքիայի՝ Ադրբեջանի կողքին լինելու հանգամանքը ղարաբաղյան պատերազմում, պետք է, որ սառը ցնցուղ լիներ այն դեղնակտուց, պոռոտախոս, մեծամիտ պատասխանատուների համար, որոնք այսօր զբաղվում են հայ-թուրքական հարաբերություններով:

Այսօրվա Հայաստանը Թուրքիայի համար «ճ» կլաս է՝ իր ամեն ինչով, այդ թվում՝ հումանիտար օգնությամբ եւ ցավակցություններով։

Որպես հակառակի ակնբախ օրինակ կարող եք դիտարկել երկրաշարժից հետո Հունաստանի հետ զարգացումները՝ թուրք-հունական ԱԳ նախարարների կատարմամբ։

Այն, որ «սեյսմիկ դիվանագիտությունը» որևէ դրական տեղաշարժի հայ ժողովրդի համար չի բերելու, դա ակնհայտ է, ավելին՝ կա մեծ վտանգ, որ այդ դիվանագիտության փլատակների տակ կրկին կմնան Հայաստանը, Արցախը և հայկական շահը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728