Սկզբնական փուլում անասնաբույժների միջոցով տեղի է ունենում բուն համարակալման գործընթացը: Փաստաթղթավորվում ու կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան համակարգ: 2022թ. նոյեմբերից մեկնարկած «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի մասին տեղեկացրեց Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը՝ լրագրողների համար Հայկական PR ասոցիացիայի կազմակերպված սեմինարին:
Հովհաննիսյանի խոսքով՝ հիմա ինքը շատ հանգիստ է համտեսում հանրապետությունում վաճառվող մսեղիքը, քանի որ վստահ է, որ մեր սեղաններին հայտնվում է առողջ, ցանկացած հիվանդությունից զերծ միս, քանի որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման շնորհիվ «կարողանում են վերահսկել կենդանու ճանապարհը՝ արոտավայրից մինչև պատառաքաղ»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ մինչև ծրագիրն իրականացնելն ուսումնասիրել են միջազգային փորձը, մեր մասնագետները Ավստրիայում ծանոթացել են կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգին: «Համարակալման ծրագիրն առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և արդյունաբերության զարգացմանը: Արտաքին շուկաներում պահանջներից մեկը հետագծելի սննդամթերքի առկայությունն է: Եվ որպեսզի մենք կարողանանք ընդլայնել մեր շուկաները, անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք: Կենդանիների համարակալումն այդ գործում կարևոր հենասյուներից մեկն է»,-ասաց Արման Խոջոյանը:
Ծրագրի գործընկեր Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը նշեց, որ Ավստրիան երկար տարիների փորձ ունի կենդանիների հաշվառման ու համարակալման գործընթացում: Իրենք այս աշխատանքները սկսել են դեռ 80-ական թվականներին: «Այս համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն նպաստում է կենդանիների առողջությանը, ապահովում է անվտանգ սնունդ, այն նաև բարձրացնում է արտադրանքի թափանցիկությունը: Իր ազդեցությունը կթողնի ֆերմերների եկամտային հնարավորությունների վրա: Կենդանիների անձնագրի գոյությունը ֆերմերի համար բացում է տարբեր շուկաների դռները: Դուք նայում եք կենդանու անձնագրին և տեսնում եք, թե ինչի հետ գործ ունեք» ,-ասաց Կլաուս Կապերը:
Կարդացեք նաև
Սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, նշեց. «Այս գործընթացը շատ կարևոր է, մենք ունենում ենք ամբողջական տեղեկատվություն կենդանու մասին: Գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք կենդանիներից անցնում են մարդուն: Այս համարակալման գործընթացի արդյունքում ունենում ենք կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովման բարձր մակարդակ, հետևաբար նաև՝ բարձր մակարդակ՝ սննդամթերքի անվտանգության տեսանկյունից»:
Սեմինարի շրջանակում լրագրողները պրես-տուր կատարեցին անասնաբուժական կենտրոն և խելացի անասնաֆերմա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ