Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ. հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում վերոնշյալ ինստիտուտի ներդրման կարևորությունը, և այս համատեքստում օգտակար համարել արաբական փորձի ուսումնասիրման ու փորձի փոխանակման հնարավորությունը։ Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել։
Աբդելլաթիֆ Աբուքուրահը մանրամասներ է ներկայացրել համակարգի ստեղծման ու կառավարման գործընթացից՝ անդրադառնալով նաև կիրառվող հիմնական գործիքակազմին, պետության հետ համագործակցությանն ու առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև հասարակության շրջանում համակարգի գործարկման վերաբերյալ առկա դրական արձագանքի կարևորությունը։
Կարդացեք նաև
Նախարարն արաբական կողմին առաջարկել է ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ Հայաստանում անցկացնել հանդիպում՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ