Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվա-ՄՏՍ. օրթեզավորում՝ վիրավորումից հետո

Փետրվար 13,2023 17:35

Հետվնասվածքային բարդությունները կանխելը նպատակ է գործընկեր կազմակերպությունների համար

Սյունեցի Արմենը հայրենասիրության և ընկերասիրության՝ իր բնորոշումն ու ընկալումն ունի: 26-ամյա երիտասարդի համար դասագրքային ձևակերպումներին զուգահեռ այլ իրականություն էլ կա. ապրած օրերի դասերը: Վիրավորումից հետո կյանքը բաժանել է երկու մասի՝ դրանից առաջ և հետո: Հասկացել է, որ հաղթանակներն անհրաժեշտ են ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ առօրյա կյանքում: Իր համար կարևոր հաղթանակ է համարում ոտքի կանգնելը, ընտանիք կազմելն ու առաջնեկ դստերը Մետաքսե անունով կոչելը: Արմենը սիրում է կյանքն ու հայրենիքը, հպարտանում, որ իր անունը հային է խորհրդանշում:
«Ինձ համար մի կարևոր արժեք կա. պետք ա լիարժեք իրար սիրենք ու հարգենք: Մենք ժողովուրդ չենք, մենք ազգ ենք: Պետք է մեր հայ ազգը կանգնած լինի մեր զինվորի կողքին: Դա մեր ամենամեծ փրկությունը կլինի էս օրհասական պահին: Հենց որ ամեն մեկս մեր գործով զբաղվի, թե՛ մեր պետությանը, թե՛ մեր զինվորին շատ կօգնի: 2016 թվականին, երբ զինվորական ծառայությունս ավարտել եմ, եկել եմ ծանոթացել իմ կնոջ հետ: Էն ժամանակ դեռ կինս չէր: Հետո ինչ-որ հանգամանքներ կային, որ խանգարում էին ամուսնանանք: Հետո եկավ մի պահ, որ վիրավորում ստացա: Էդ ժամանակ մենք չէինք շփվում, բայց աչքերս բացեցի ու տեսա, որ կողքիս կանգնած է»,-ասել է սյունեցի Արմեն Հարությունյանը:

Վիրավորում ստացած զինվորներին առօրյա կյանքի հուն վերադարձնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը, ավելի քան մեկ տարի օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Դա կարևոր է ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար: Արմենն այդ ծրագրի բուժառուներից մեկն է: Արդեն չորս ամիս ժամանակակից օրթեզ է կրում: Դրանք, ի տարբերություն ստատիկ օրթեզների, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը:

Արմենը չի սիրում խոսել վիրավորում ստանալու մանրամասների մասին կամ տրտնջալ. պահպանում է ոգու ամրությունը: Գիտի, որ շատերն են իր նման անվասայլակից անցել հենակների, հետո՝ քայլակի, ձեռնափայտի, ապա՝ սկսել քայլել օրթեզի օգնությամբ: Կարևորն իր գնահատմամբ՝ ուժեղ լինել, չհուսահատվել, սահմանել նպատակ, առաջ շարժվել և չշեղվել դրանից: Երիտասարդն իր առջև հերթական նպատակն է դրել. նոր մասնագիտություն ձեռք բերել: Սովորում է՝ գրաֆիկ դիզայներ լինելու հեռանկարը իրականություն դարձնելու համար:

Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը: Միաժամանակ, ստորին վերջույթում խնդիրների դեպքում՝ օրթեզները նպաստում են ճիշտ բիոմեխանիկայի վերականգնմանն ու քայլքի ծրագրի առաջընթացին, ինչպես նաև ձեռքերի ֆունկցիոնալության վերականգնմանը:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, գործընկեր «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 120 մլն դրամ:

 Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728