Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշելը նոր խնդիրներ կստեղծի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
«Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այդ կառույցը ինչ-որ հարցերի մեջ ներքաշելը` պետք է պատասխանել հետևյալ հարցին. իսկ ընդհանրապես Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ որևէ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է: Նման օրինակ չկա,- ասել է Վոլոդինը` հիշեցնելով Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները:- Ինչպես հիմա պարզվեց, ամբողջ աշխարհին հիմարի տեղ էին դնում, խաբում էին, ստում, իսկ իրենք պատերազմի էին պատրաստվում»:
«Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանը, պետք է 10 անգամ մտածել և ծանրութեթև անել` ինչպես այն կարող է ավարտվել` նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակով: Նա, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն զերծ մնա այդ քվազիխորհրդարաններից` ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլև հստակ հասկանա, որ նրանց ներքաշումը կսրի իրավիճակը և նորանոր խնդիրներ կստեղծի»,- ասել է Վոլոդինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ