Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ կառավարությունը  կարողանում է Թուրքիային օգնություն տրամադրելու համար բացել ցամաքային սահմանը, բայց իրավունք չի ստանում մարդասիրական օգնություն հասցնել Արցախ». Էդգար Ղազարյան

Փետրվար 13,2023 15:59

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ Թուրքիային փրկարարականից բացի մարդասիրական այլ օգնություն ցուցաբերելու՝ Հայաստանի կառավարության որոշմանը: «Ասում են, փրկարարներ Թուրքիա ուղարկելը դիվանագիտական ժեստ է: Այն պահին, երբ հայ փրկարարները վայրէջք կատարեցին Թուրքիա եւ պետք է գնային իրենց աշխատանքները կատարելու, լրատվության մեջ եղավ առաջին պատասխան արձագանքը: Հերթական անգամ  խափանվեց Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Հիմա, եթե այդ փրկարարական ուժերի տրամադրումը դիտվում է հումանիտար տեսանկյունից, ապա Արցախում ապրող 120 հազար մեր հայրենակիցների կարգավիճակը, նրանց գերության մեջ պահելը ձմռան այս ցրտին ջեռուցումից, էլեկտրաէներգիայից, գազից, պարենից, հիվանդներին՝ դեղորայքից, երեխաներին՝ մանկական սննդից զրկելը հումանիտար խնիրներ չե՞ն: Իսկ ո՞վ է դա կազմակերպել: Նույն Թուրքիան չի անո՞ւմ Ադրբեջանի հետ միասին: Թուրքիան պաշտոնապես ասել է, որ սատարում է Ադրբեջանին Արցախի հայ ազգաբնակչությանը շրջափակման եւ գերության մեջ պահելու հարցում: Սա չէ՞ իրենց հումանիզմը:

Հայաստանի կառավարությունը, եթե չեմ սխալվում, պարենամթերքով տասը բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա: Ու սա արվում է այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը չի կարողանում թեկուզ մեկ բեռնատար մարդասիրական օգնություն հասցնել Արցախ: Կառավարության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի  Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու հարցերով: Եվ դրանից հետո «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով, այսինքն, մեր բոլորիս ընդհանուր միջոցներով, ձեռք է բերվել մի քանի մեքենա պարենամթերք: Արդեն մոտավորապես 10 օր է այդ մեքենաները կանգնած են Գորիսում, եւ Հայաստանի կառավարությունը այդպես էլ չի  կարողանում մարդասիրական օգնություն հասցնել Արցախ:

Ստացվում է, որ իրենք կարողանում են Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրել, ընդ որում, ժամանակավորապես բացելով Թուրքիայի հետ կապող  ցամաքային սահմանի անցակետը, բայց դրա դիմաց, անգամ այս օրերին իրավունք չեն ստանում մարդասիրական օգնություն հասցնել Արցախ»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը խորհրդանշական է համարում նաեւ Թուրքիա մարդասիրական պարենային օգնություն ուղարկելու համար Spayka մասնավոր բեռնափոխադրող ընկերության ընտրությունը: «Բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից ինչո՞ւ է ընտրվել հատկապես Spaykan-ն: Սա, կարծում եմ, իր մեջ խորհուրդ ունի: Մեկը ընկերության անվանումն է, որով խորհրդանշվում է նիկոլա-թուրքական սպայկան, երկրորդը, որ դիահերձարանների մոտ այդ ընկերության սառնարաններում պահվում էին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինծառայողների մարմիններն ու մասունքները, որոնց մի զգալի մասը մինչ օրս հանձնված չի հողին:

Մի բան էլ. Հայաստանի իշխանությունը, եթե երկրաշարժերի, բնական աղետների հանդեպ մարդասիրություն է ցուցաբերում, ապա նման աղետներ ուրիշ, նաեւ մեզ բարեկամ երկրներում էլ են եղել: Վերջին շրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունում էլ է եղել: Եվ ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները որեւէ ձեւով համարժեք արձագանք չեն դրսեւորել բարեկամ երկրին աջակցություն ցուցաբերելու համար: Այս իմաստով, կարծում եմ, միակ արդարացնողը, որ պետք է նույնիսկ ամբողջ ծավալով հասներ, մեր բարեկամ Սիրիայի պետությանը եւ ժողովրդին ամբողջ ծավալով օգնություն տրամադրելն էր, լիներ դա փրկարարական ուժեր եւ մարդասիրական օգնություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728