Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գեւորգ Աճեմյանի հոբելյանը՝ յուրահատուկ համերգով եւ բարձրակարգ երաժիշտներով

Փետրվար 13,2023 15:39

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացած յուրահատուկ համերգներից մեկը նվիրված էր ջութակահար, ջութակահարների անսամբլի հիմնադիր Գեւորգ Աճեմյանի 100-ամյակին։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) փայլուն հանդես եկան ջութակահար Անուշ Նիկողոսյանը եւ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգը ղեկավարեց  գերմանաբնակ դիրիժոր, Theatre Altenburg Gera-ի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Ղազարյանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը մնաց իր բարձրության վրա։ Համերգի ծրագրում՝ Մենդելսոն էր եւ Մոցարտ։

Ինչ վերաբերվում է ճանաչված դիրիժոր Ռուբեն Ղազարյանին, նա մի շարք կամերային նվագախմբեր է ղեկավարել եվրոպական երկրներում։ 26 տարեկանում Ռուբեն Ղազարյանն արդեն իսկ Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր, 16 տարի էլ ղեկավարել է Wurttemberg Chamber Orchestra Heilbronn-ը` տալով ավելի քան 890 համերգ եւ  ձայնագրելով 26 CD։ Եվ, ինչպես արդեն նշեցինք, ներկայումս նա Theatre Altenburg Gera-ի գեղարվեստական ղեկավարն է։

Դառնալով ջութակահարների անսամբլին՝ նշենք, որ այն սկիզբ է առել Սերգեյ Քյոսայանի «Տոնական» ստեղծագործոuթյունը նվագելիս, երբ Աճեմյանը որոշել է մշակել այն՝ որպես բազմաձայն ստեղծագործություն։ Հետագայում Գեւորգ Աճեմյանը ստեղծել է անսամբլի համար հատուկ երկացանկ՝ մշակելով սոլո ջութակի կամ վոկալի համար գրված ստեղծագործությունները, նաեւ փոխադրել է Բախի, Վիվալդիի եւ այլ կոմպոզիտորների կոնցերտները։  Գևորգ Աճեմյանի մահից հետո՝ 1998-ին, անսամբլի ղեկավարությունն անցել է նրա տիկնոջը՝ Անահիտ Աճեմյանին, իսկ 2010 թվականից՝ դստերը` Աննա Աճեմյանին, որը նաեւ անսամբլի կոնցերտմայստերն  էր վերջին տարիներին։ Ի դեպ, Ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվել են 300-ից ավելի ձայնագրություններ։

Գեւորգ Աճեմյանի 100-ամյակին նվիրված համերգն անցավ լեփլեցուն դահլիճում, ավարտվեց բրավոներով։ Համերգից հետո ջութակահար Անուշ Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, թե համերգը բացառիկ օր էր կայանում, քանի որ այդ օրը լրանում էր իր որդու ծննդան  5-ամյակը։ Նա նաեւ նշել է, որ հաճույք է ստացել Հայկ Մելիքյանի,Կամերային նվագախմբի հետ՝ Մենդելսոնի Կոնցերտը կատարելիս, որը ղեկավարել է Ռուբեն Ղազարյանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի եւ Անուշ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728