Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց դեպք. Ո՞վ է Խ.Աբովյանի անվան դպրոցի 6-րդ դասարանցիներին պարբերաբար ահաբեկող  «Սիգմա Ադմինը»

Փետրվար 13,2023 15:13

Aravot.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին  Երեւանի «Խ.Աբովյանի անվան» թիվ 2 հիմնական դպրոցի վեցերորդ դասարաններից մեկի դասղեկը ոստիկանության կենտրոնի բաժնում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ հունվարի 19-ին դասարանի «Վայբեր» հավելվածի խմբում հայտնվել է «Սիգմա Ադմին» անվանումով անհայտ անձ, որը պարբերաբար սպառնալիքներ է գրում խմբում գտնվող երեխաներին:

Դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը կատարվածն ավելի շատ երեխայական արարք է գնահատում. «Դա, իմ կարծիքով, երեխայական բան է՝ դասարանի աշակերտների հետ կապված, ու վերջ, այդքանով սահմանափակվում է: Ապահովության համար ենք դիմել իրավապահներին,  որ այլեւս չլինի նման բան, մանկական ինչ-որ չարաճճիություն  է, չէի ուզի, որ բոլոլա դառնար: Իրականում մեջը ոչինչ չկա: Ծնողների հանգստության համար ենք նաեւ դիմել, իրականում մանկական խաղ է, երեխա են, սխալվել են»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը: Նկատենք, որ այդ անունով մանկական տեսախաղ կա, եւ տնօրենի տեսակետը, թերեւս, հիմնավոր է:

Մեր ճշտող հարցին՝ տնօրինությունը պարզե՞լ է, թե ով է այդ արարքի հեղինակը, աշակերտների՞ց է, ի պատասխան  տնօրենն ասաց՝ արարքի հեղինակը փակ օգտատեր է, որին հնարավոր չէ նույնիսկ զանգել. «Ակտիվ չէ որպես բաժանորդ, որեւէ մեկը չի կարող հետաքննություն անել, պարզել, դա իրավապահների գործն է»: Նարինե Նազարյանը նաեւ ասաց, որ այդ դասարանում դասերը բնականոն ընթանում են, երեխաները լավ հոգեվիճակում են:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առերեւույթ շորթման հատկանիշներով): Տվյալներն այն մասին են, որ անհայտ անձը, հայտնվելով աշակերտների սոցցանցերից մեկում գրանցված խումբ, որոշակի սպառնալիքներ հնչեցնելու միջոցով գումարային պահանջներ է ներկայացրել: Նախաքննությունն է իրականացվում, այս պահին անձի ինքնությունը պարզված չէ: Համապատասխան վարույթային ու քննչական գործողություններ են կատարվում այդ հանգամանքը պարզելու համար: Առերեւույթ հանցագործությունը կատարվել է կիբեր տիրույթում եւ որոշակի բարդություններ է առաջանում, երբ որ անձը գործում է ոչ իր տվյալներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728