ՀՅԴ երիտասարդական կառույցները Արցախի շրջափակման առաջին իսկ օրից պայքարել են՝ փորձելով հանրայնացնել տեղի ունեցող իրադարձությունները, աշխարհին լսելի եւ տեսանելի դարձնել այդ շրջափակման իրական նպատակը, որն է Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության շարունակումը եւ Արցախի հայաթափումը, ստիպել սեփական կառավարություններին՝ գործնական քայլեր կատարել եւ գործուն աջակցություն ցուցաբերել Բերձորի միջանցքի բացմանն ու Արցախի ապաշրջափակմանը. այս մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուներից Ցողիկ Աշիկյանը:
Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման օրակարգը ՀՅԴ երիտասարդական կառույցների համար այսօր էլ՝ անկախ ստեղծված ներհայաստանյան եւ աշխարհաքաղաքական իրավիճակներից, շարունակում է մնալ առաջնային: ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներն արձանագրում են, որ մինչ 2018 թվականը բավական լավ իրավիճակ էր աշխարհում դասավորվել՝ ճանաչման առումով, այժմ իրավիճակն այլ է, բայց իրենք ետքայլ չեն անելու, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել եւ չի հատուցել: ՀՅԴ երիտասարդները վստահ են՝ արդարությունը մի օր հաղթելու է, թեկուզեւ՝ ուշ, ու դա լինելու է կատարված աշխատանքի ու դեռ կատարվելիք մեծ աշխատանքի արդյունք:
«Հայ դատի առաջնահերթ խնդիրներից այսօր հենց Արցախի հարցն է, եւ եթե այսօր Արցախին չտրվեց այն, ինչն ինքը պահանջում է՝ արդարությունը եւ իրավունքները, որպես հանրապետություն՝ հանրաքվեով հաստատված, մենք չենք ունենա հնարավորություն՝ Հայ դատի համար պայքարելու, քանի որ մեկ օղակը մյուսին լրացնում է: ՀՅԴ-ի հավատամքն ու իդեալը՝ ազատ, անկախ միացյալ Հայաստանի, շարունակում են մնալ օրակարգային եւ հեռանկարային, բայց դրա առաջին քայլն այսօր Արցախն է, Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը: Արցախը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զրահաբաճկոնը»,- ասաց Ցողիկ Աշիկյանը:
Հիշեցնենք, փետրվարի 6-10֊-ը կայացել է ՀՅԴ երիտասարդական համագումարը, որին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների վարչությունների ներկայացուցիչներ՝ աշխարհի 14 երկրներից։ Նախատեսված էր համագումարն Արցախում անցկացնել, բայց շրջափակման պատճառով այն անցկացվեց Սյունիքում: Արցախցի ՀՅԴ երիտասարդներն առցանց են մասնակցել համագումարին: Համագումարի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են Հայաստանի ու տարածաշրջանի քաղաքական իրավիճակներին եւ անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
ՀՅԴ երիտասարդական համագումարի համար ռազմավարական են հռչակվել ՀՅԴ երիտասարդական կառույցների ակտիվ պայքարի շարունակումն ապազգային ուժերի դեմ, նաեւ կարեւոր են համարում Սփյուռքի համայնքների հզորացման աշխատանքի շարունակականությունը եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդումը, գաղափարական ու հեղափոխական գաղափարներով երիտասարդների պատրաստումը:
Ամփոփելով ՀՅԴ երիտասարդական համագումարի արդյունքները, Ցողիկ Աշիկյանն արձանագրում է՝ ՀՅԴ երիտասարդների հավաքը հայրենիքում՝ ստեղծված իրավիճակում, նպատակ ուներ վերաարժեւորել մինչ այժմ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, մտածել դրանց բարեփոխումների, բարելավումների մասին, առավել ակտիվացնել աշխատանքները հայրենիքում, մասնավորաբար, Սյունիքում եւ Արցախում՝ շեշտը դնելով ազգային գաղափարախոսությամբ երիտասարդների պատրաստվածության եւ կայացվածության վրա:
Ըստ բանախոսի՝ ՀՅԴ երիտասարդականը հանձնառու է արմատախիլ անել երիտասարդության շրջանակներից հարմարվողականությունը եւ անհատապաշտությունը. «Խաբկանք է այն կարծիքը, որ առանց Արցախի հնարավոր է Հայաստանում հանգիստ ապրել, եւ ՀՅԴ երիտասարդական կառույցները պատրաստ են պայքարել ՀՀ ապազգային բոլոր իշխանությունների դեմ՝ խանգարելով նրանց՝ Հայաստանի թրքացման բոլոր ծրագրերը»:
Սիրիայի ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական խորհրդի անդամ Մարիա Գաբրիելյանի գնահատմամբ՝ համագումարի արդյունքում մեկ անգամ եւս համոզվել են, որ տասնամյակների կատարված աշխատանքը իզուր չի եղել, այսօր էլ ազգասեր եւ հայրենասեր երիտասարդների մեծ բանակ կա, որը պատրաստ է ի նպաստ հայրենիքի ներդնել ջանքերը. «Ոգեւորիչ էր, որ մենք բոլորս միատեսակ կմտածենք՝ հանուն հայրենիքի բարօրության եւ ապագայի, ու այն միտքը, որ երիտասարդների շրջանում անտարբերություն է, մեր մտահոգություններում դա չկա՝ անկախ նրանից, թե երկրներում, որտեղ մենք ապրում ենք, ինչ խնդիրներ ունենք»:
Հայաստանի Երիտասարդական միության անդամ Գոռ Մաթեւոսյանն էլ նշեց, որ ՀՅԴ երիտասարդական կառույցն իր տեսակով եզակի է աշխարհում, ու այս իմաստով կարեւոր է այդ ներուժի օգտագործումն ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Նրա դիտարկմամբ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը պայքարի առաջնագծում է եղել՝ հանուն ազգայինի, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության ու շարունակելու է մնալ այդ դիրքերում:
Գոռ Մաթեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի երիտասարդական միությունները 2021 թվականից նախաձեռնել են «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում ամբողջ ջանքերը ներդրվում են Սյունիքում ազգային դիմադրողականության, պայքարի մթնոլորտ ստեղծելու, ազգային մտածելակերպի վերաարժեւորման համար: Ծրագրի նպատակն է, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան տեսնեն Սյունիքում, կապեն իրենց ապագան Սյունիքի հետ՝ այնտեղ ապրելով, աշխատելով եւ արարելով:
ԱՄՆ-ի կենտրոնական կառույցի ներկայացուցիչ, ՀՅԴ երիտասարդական ԿՎ անդամ Ալեքս Մանուկյանն էլ հավելեց, որ Սփյուռքի համար առաջնահերթություն է Արցախի անկախությունը եւ հայրենական մյուս հողերի վերականգնումը, եւ Սփյուռքը միշտ պահելու է ազգային օրակարգերը: Ըստ նրա՝ երիտդաշնակցականները՝ Նժդեհյան գաղափարներով տոգորված, շարունակելու են պայքարը, որը հնարավորություն կտա ստեղծված բարդ իրավիճակները հաղթահարել արժանապատվորեն, որպեսզի արդյունքում ունենանք ամբողջական Արցախ, ամբողջական Սյունիք եւ Հայաստանի Հանրապետություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ