Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գիտի միջին վիճակագրական ամերիկացին Արցախի շրջափակման մասին

Փետրվար 13,2023 14:19

Արցախի շրջափակման մասին միջին վիճակագրական ամերիկացին տեղեկացված չէ: Ներքաղաքական երկփեղկվածությունը և գնաճն այս պահին ամենաշատն են մտահոգում հասարակությանը: Բացառություններ, սակայն, կան:

Դեկտեմբերի 12-ին՝ Լաչինի միջանցքի փակման առաջին օրը, Տեխասի Ֆլաուեր Մաունդ քաղաքի «Founders» դասական ակադեմիայի 11-րդ և 12-րդ դասարանների պատմության ուսուցիչ Մարկ Ռասըլը դասասկզբին անդրադարձավ արցախահայությանը սպառնացող վտանգին և հորդորեց մտքում պահել անարդարության ենթարկված հայ ժողովրդին:

Մեզ հետ զրույցում նա պատմել է ստեղծված ճգնաժամի վերաբերյալ իր տեսակետը: «Իրավիճակը բարդ է, որովհետև Արևմուտքում շատերն են կարևորություն տալիս անկարևոր, երկրորդական հարցերին, ինչի պատճառով էլ այսպիսի մարդասիրական աղետները ստվերվում են: Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահում են ռուսները: Առանց նրանց հարցը չի լուծվի, ուստի կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, ԵՄ-ն և Ռուսաստանը պետք է մի պահ մի կողմ դնեն քաղաքականությունը և լուծեն այս ապօրինի շրջափակման հարցը,» – ասում է պարոն Ռասըլը:

Նա մտավախություն ունի, որ երբ Բաքուն վերջապես կվերաբացի Լաչինի միջանցքը, արցախահայերը, խուսափելով ադրբեջանական հաջորդ ահաբեկումից, պարզապես կլքեն իրենց հայրենիքը: Պատմաբան-ուսուցիչը համոզված է. Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի սա թույլ չտալու համար: «Հուսով եմ ամերիկյան վարչակազմը գիտակցում է, որ Ադրբեջանի դեմ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում Լեռնային Ղարաբաղը հայաթափվելու է: Սա մեծ ողբերգություն կլինի, որովհետև արդեն որերորդ անգամ Ամերիկայի լռությամբ մարդկության դեմ հերթական հանցագործությունը տեղի կունենա,» – կարծում է պատմության ուսուցիչը:

Դալլասցի հայազգի քաղաքագետ Մայքլ Նիկոլսի համոզմամբ Սփյուռքն իր ներուժն ամբողջությամբ չի կիրառում: Նրա խոսքով՝ Սփյուռք հասկացությունը պետք է ինստիտուցիոնալիզացնել: «Բանալին կազմակերպված լինելու մեջ է: ԱՄՆ-ի հայերը համարվում են հաջողության հասած ազգային փոքրամասնություն, և մենք արդյունավետ լոբբինգ կարող ենք իրականացնել, եթե ունենանք ռազմավարություն,» – շեշտում է քաղաքագետը:

Նիկոլսը բացատրում է, որ արտասահմանյան հայկական կազմակերպությունները, օրինակ՝ Հայ դատի հանձնախումբը, պետք է հայկական համայնքների միջև քաղաքական հաղորդակցություն ապահովեն, ինչն էլ կազմակերպվածություն կբերի Սփյուռքի գործունեությանը: Մայքլ Նիկոլսի խոսքով՝ կարելի է ընդօրինակել հրեական սփյուռքի մոդելը, քանի որ այն շատ արդյունավետ է գործում Իսրայելի համար:

«Բողոքի ակցիաները լավ են, բայց կարճաժամկետ լուծումներ են: Սփյուռքի գործունեությունը պետք է համակարգված լինի: ԱՄՆ հայությանն  անհրաժեշտ է վստահելի և համխմբող կազմակերպություն, ինչպիսին հրեական AIPAC (American Israel Public Affairs Committee)-ն է,» – նշում է նա:

Բոլորս Արցախի համար` այս ճշմարտության մասին է խոսում Դալլասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը : Տեր Ղևոնդն ընդգծում է, որ Արցախի համար պայքարում հայերը միասին են:

«Ուզում եմ, որ արցախահայությունն իմանա, որ միայնակ չի: Ամբողջ աշխարհի հայությունն իրենց հետ է: Դժբախտաբար, արցախցիները կրկին չարչարվում են, հանուն Քրիստոսի: Ուզում եմ, որ արցախցիներն իմանան, որ ամեն օր, ամեն ժամ աղոթում ենք նրանց համար, որպեսզի Աստված զորացնի և քաջալերի նրանց,» – ասում է Տեր Ղևոնդը:

Հոգևորականը հավաստիացնում է, որ հայկական համայնքները փորձում են շարժել իշխանություններին, որպեսզի նրանք օգնեն Հայաստանին և Արցախին ապրել խաղաղ:

Դալլասում կան մի շարք քույր ուղղափառ եկեղեցիներ: Արցախում առկա իրավիճակի մասին Տեր Ղևոնդ քահանա Աճամեանն իրազեկել է տեղի ռուսական, ղպտիական, եթովպական, ասորեական և հունական ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներին: Նրանց խնդրել է գործադրել իրենց հնարավորությունները և դիմել ԱՄՆ կոնգրեսականներին Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու հայցերով: Տեր Ղևոնդը զրուցել է նաև բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի մասշտաբային են և ունեն ավելի մեծ ծուխեր:

Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը ցանկացավ դարեր ի վեր պայքարող հայ ժողովրդին հիշեցնել Քրիստոսի խոսքերը Մաթեոսի ավետարանում. «Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը…ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եկել»:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Ֆլաուեր Մաունդ, Տեխաս, ԱՄՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728