Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր «Հայելի» ակումբում, խոսելով Հայաստանի կառավարության կողմից՝ «Սպայկա» ընկերության բեռնատարներով, որոնց մեջ ծնողներից թաքուն պահվում էին 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոս զինվորների աճյուներն ու մասունքները, Թուրքիա հումանիտար օգնություն եւ փրկարարներ ուղարկելու մասին, ասաց. «Նախ, Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության եւ փրկարարների տրամադրման կապակցությամբ երկու նախագահներ հրապարակավ խոսք են հղել Նիկոլ Փաշինյանին: Մեկը եղել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մյուսը եղել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնում, որ Հայաստանի վարչապետը օգնություն է ուղարկել Թուրքիա: Ընդ որում, օգնությունը երկու դրսեւորում է ունեցել. մեկը, որ հայ փրկարարները գնացել են փրկարարական աշխատանքներ կատարելու, մյուսը՝ մարդասիրական: Երկուսն էլ շատ հետաքրքիր են:
Ես չեմ հասկանում, թե այս ներգրավվածությունը ի՞նչ իմաստ ուներ: Կարելի էր սահմանափակվել միայն ցավակցական հեռագիր հղելով՝ հաշվի առնելով, որ եղել է բնական աղետ, որն անկախ ամեն ինչից, դարձել է մարդկային կյանքերի, ողբերգությունների պատճառ: Ու ոչ միայն թուրքերի, այլեւ Թուրքիայում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ հայերի: Բայց, երբ տրամադրվում են փրկարարական ուժեր, հարց է առաջանում, թե ե՞րբ է դա արվում: Հայաստանն ինքն ունի փրկարարների կարիք: Փետրվարի 6-ից սկսած եւ, հատկապես այդ օրերին, Հայաստանի գրեթե բոլոր նախալեռնային եւ լեռնային շրջաններում ավտոճանապարհներին բուք էր, մերկասառույց: Ու մինչեւ հիմա էլ լրահոսում հանդիպում ենք, որ արգելափակված են մեքենաներ, եւ Հայաստանի քաղաքացիներն ունեն փրկարարների օգնության կարիք: Փաստորեն, պետությունը, որի քաղաքացիներն ունեն փրկարարական աջակցության կարիք, այդ փրկարարներին ծառայությունից կտրում է եւ ուղարկում Թուրքիային աջակցություն ցուցաբերելու:
Բացի դրանից պարզվում է, որ Հայաստանը առանձնապես մեծ փրկարարական կարողություններ էլ չունի: Որովհետեւ, երբ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում մեծ ողբերգություն էր եղել, եւ այդ ժամանակ, իհարկե, Թուրքիան ոչ մի փրկարար Հայաստան չէր ուղարկել, բայց Հայաստանի փրկարարական ծառայության ուժերը չէին բավարարում, որպեսզի որոնողափրկարարական աշխատանքներ կատարեն: Այդ աշխատանքները տեւեցին 10-ից ավելի օրեր, եւ պետությունը, փրկարարական ծառայությունը խնդրել էր, որպեսզի քաղաքացիական կամավորներ գան եւ միայն ֆիզիկական ուժով աջակցություն ցուցաբերեն:
Եվ ինչ եղավ արձագանքը: Ճիշտ է, Վահագն Խաչատուրյանը շատ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ փրկարարներ է ուղարկել Թուրքիա: Բայց Էրդողանը հանդիպել էր ադրբեջանցի փրկարարների հետ եւ անգամ այդ վշտի մեջ երախտիքի խոսք ասելով Ադրբեջանին՝ Թուրքիայի կողքին լինելու համար, հիշել էր Արցախյան 44-օրյա պատերազմը եւ ասել՝ ոնց որ մենք ենք եղել Ադրբեջանի մեր եղբայրների կողքին պատերազմի ժամանակ, այդպես էլ հիմա ադրբեջանցիներն են կանգնած մեր կողքին: Այսինքն, անգամ այս իրավիճակում նրանք մտածում են պատերազմի եւ պատերազմական իրավիճակներում միմյանց աջակցելու եւ Հայաստանի դեմ նոր ողբերգություններ անելու մասին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ