«Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է: Բավականին մեծ խնդիրներ կան սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի: Երկար ժամանակ է՝ հետաձգվում են պլանային վիրահատությունները, եւ նույնիսկ «Կարմիր խաչի» միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումները բավարար չեն առողջապահական իրավիճակը կայունացնելու տեսանկյունից: Արցախում իրավիճակը այսօր ծանր է: Չնայած շատերին թվում է՝ մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, միանշանակ ասեմ, որ դա այդպես չէ: Մեր հայրենակիցներն Արցախում բավականին ծանր, բարդ շրջան են ապրում եւ, ցավալիորեն, այսօր միայնակ են», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական բեռ տեղափոխելուն՝ Աբրահամյանն ասաց, որ իշխանությունները հումանիտար բեռներ տեղափոխելը, զորակցությունները փորձում են տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում. «Ակնհայտորեն կա «պերեբոռ», որովհետեւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների ներքո Թուրքիայի նկատմամբ այդ վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի ՀՀ իշխանությանը, որը չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, մի քանի անգամ բեռ են փոխանցում: Գրեթե նույն թվով փրկարարներ ներգրաված են մեր մշտական բարեկամ Սիրիայում եւ Թուրքիայում: ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը, բնականաբար, համահունչ չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ