Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերին. «Այդ գործերը շինծու են, որեւիցե մի շահ որեւէ հարցում մենք չենք ունեցել, որեւէ շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել: Չենք մասնակցել նրա համար, որ այս իշխանությունների առաջնահերթություններն այլ են, անվտանգային խնդիրները նրանց համար գերակա չեն: Այդ ամենն իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Չենք մասնակցել նաեւ նրա համար, որ մեծամասնությունը, ինչպես մնացած բոլոր դեպքերում, դակելու էր, եւ մենք պատասխանատու չենք այս իշխանությունների, մանավանդ՝ ՔՊ-ական մեծամասնության առջեւ»:
Նա վստահեցրեց, որ ինքն ու Չարչյանը իրենց անմեղությունը կապացուցեն դատարանում:
Այնուհանդերձ, Սեյրան Օհանյանն անդրադարձավ դեպքի հանգամանքներին: Ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը օտարել է այն զորամասը, որն օտարման ենթակա չի եղել: Օհանյանի խոսքով՝ դա զորամաս չի եղել. «Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս եւ ավերված շինություններ են: Բանակի ձեւավորման ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն: Բայց ԶՈՒ զարգացմանը զուգահեռ՝ մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ, մշտական տեղակայման վայրեր, եւ այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել: Ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք եղել, շինությունների պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին պահանջվում, քան թե հիմնական գներն էին: Այն ձեւակերպվել է պետության համապատասխան օրգանների կողմից: Այնպես որ, այդ մեղադրանքը մենք չենք ընդունում, մանավանդ, որ դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ՝ ակնհայտ մեղադրանք: Իսկ մեղադրանքը ներկայացնում են իրավապահ մարմինները, որոնց առաջ մենք պատասխանատու ենք»:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց. «Մի իշխանություն, որը տասնյակ զորամասեր հանձնել է թշնամուն, նրանց հանցավոր գործողության հետեւանքով է եղել, մի իշխանություն, որը 71 գույք հանել է վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքը օտարելու մեջ: Սա քաղաքացիաիրավական հարաբերությունների հարց է, ոչ թե քրեաիրավական: Սեյրան Օհանյանը Արցախի հերոս է, եւ իրենց շեշտադրումը, որ պետք է զրկել հերոսի կոչումից, ցույց է տալիս հենց իրենց նպատակը՝ վարկաբեկելը: Ի վերջո՝ Արցախի հերոսի կոչումը շնորհել է Արցախը, ոչ թե Հայաստանը: Սրանք սովոր են, որ արցախահայության փոխարեն որոշումներ կայացնեն, դրա համար էլ Արցախի 75%-ը հանձնում էին թշնամուն»:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իշխանականները մանիպուլյացիա են անում՝ ասելով, թե զորամասը կադաստրային արժեքից ցածր է վաճառվել. «Իրականում կադաստրային արժեքից ցածր չի վաճառվել, սա հստակ է»:
Կարդացեք նաև
Լրագրողները Սեյրան Օհանյանից ճշտեցին՝ տեղեկություններ կային, որ այս քրգործերով ու միջնորդագրերով ուզում էին ստիպել, որ ինքը եւ Չարչյանը մանդատները վայր դնեն, իրականությանը համապատասխանո՞ւմ է լուրը, նման ուղիղ պահանջ դրվե՞լ է, նա պատասխանեց. «Ես այնպիսի մի ճանապարհ եմ անցել, կարծում եմ նաեւ Չարչյանը, որ պատգամավորական մանդատը այն բարձր տիտղոսները չեն մեր համար, որ պետք է ունենանք, մանդատ ունենալը ինքնանպատակ չէ, բայց միեւնույն ժամանակ մանդատը մեզ տվել է մեր ժողովուրդը, եւ մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի առջեւ»:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՊՆ բոլոր նախարարները, բացառությամբ այն մի քանիսի, որոնք այս իշխանությունների հետ են համագործակցում, ինչպես նաեւ՝ ԳՇ պետերը, քրեական հետապնդման են ենթարկվել, ու սա եւս մեկ ցուցիչ է, որ այդ մարդկանց թիրախը մեր անվտանգությունն է. «Ուզում են հեղինակազրկել, վարկաբեկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ