«Հայաստանը, որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նման աղետներին, հատկապես այսպիսի մասշտաբներով աղետների եւ առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում օգնի: Հենց սա է եղել առաջին հերթին Հայաստանի նպատակը: Ինչ վերաբերում հարաբերությունների վրա այդ քայլի ազդեցությանը, իհարկե, այդ նյուանսը կա: Դա որոշակի իմաստով դրական ազդակ է», – այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիա մարդասիրական բեռ ուղարկելը կարո՞ղ է ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների, ճանապարհների ապաշրջափակման վրա, ու հաշվի առնելով, որ 30 տարվա մեջ առաջին անգամ ճանապարհը բացեցին, դա շարունակական կարո՞ղ է լինել:
Հարց եղավ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ուժերի հարաբերակցությունը կփոխի՞, Հայաստանի եւ Արցախի համար ինչ-որ դրական փոփոխություններ կլինե՞ն, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կխնդրեի այլ դիտանկյունից այս պահին չնայել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: ՀՀ-ն մարդասիրական քայլ է արել, մենք որեւէ ռազմաքաղաքական վերլուծություններ չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով: Ես չեմ ուզում, որ մենք սկսենք հիմա այս մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություն անել, սա մեր կողմից մարդասիրական չի կարող դիտվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաեւը, նույն օրը Միրզոյանը նաեւ հեռախոսազրույց ունեցավ Լավրովի հետ, եղան զանգեր Ֆրանսիա, Վաշինգտոն, սեղանին նոր փաստաթո՞ւղթ կա, Խանդանյանը պատասխանեց, որ ակտիվությունը պայմանավորված է ՀՀ արտաքին քաղաքականության նախաձեռնողականությամբ. «Ինչ վերաբերում է բանակցություններին եւ փաստաթղթերին, գիտեք, որ խաղաղության պայմանագրի մի քանի փուլով առաջարկներ են ներկայացրել կողմերը իրար, բոլորովին վերջերս Ադրբեջանն է ներկայացրել իր առաջարկները Հայաստանին: Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա, երբ որ պատրաստ լինի, կուղարկվեն Ադրբեջանին»:
Հարցին՝ եթե Լավրովի հետ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել, արդյոք չե՞ք փորձում ռուսական կողմին բացատրել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ուղղված չէ ՌԴ-ի դեմ, հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ եվրոպական դիտորդների նկատմամբ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Որեւէ մեկին բացատրելու կարիք չկա, որ որեւէ մեկի դեմ ուղղված չէ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: ՀՀ-ն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ դիտորդական առաքելությունը երկարացվի, եւ դա բխում է բացառապես ՀՀ շահերից: Ոչ մեկի դեմ ուղված չէ դա, քաղաքացիական առաքելություն է»:
Ուսական կողմը ԱԳ նախարարների հանդիպում է նախապատրաստում, լրագրողները ճշտեցին՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում այդ հանդիպումը հնարավո՞ր է, Խանդանյանը պատասխանեց. «Նման նախապայման չունի հայկական կողմը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Հայաստանը շատ արագ կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ եւ օգնություն ուղարկել, ինչո՞ւ այդքան արագ չեն կարողանում պայմանավորվել եւ Արցախ էլ մարդասիրական բեռներ ուղարկել՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ , որովհետեւ չի իրականացվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, այն փակել են Ադրբեջանի իբր բնապահպանները՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի ճանապարհը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է: Թուրքիայում եղել է երկրաշարժ, Հայաստանն առաջարկել է օգնել. «Սրանք անհամեմատելի երկու իրողություններ են, որոնք հնարավոր չի մի հարթության մեջ դիտարկել: Թե ինչու ավելի արագ ստացվեց Թուրքիայի հետ պայմանավորվել, Թուրքիայում զոհերի քանակն այս պահին հասել է 30 հազարի, դրա համար աշխարհի բոլոր երկրներից ընդունում են օգնություն: Սա է պարզ տրամաբանությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ