Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»

Փետրվար 13,2023 11:07

Երկիր Նաիրի, երկիր դատախազություն

Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։

«Հայկական օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան, Բենիկ Գալստյան, Էլինար Վարդանյան։

Ընդհանրական հետևությունն էր.

  • Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը
  • Պետք է պայքարել։ Դա թակելու է բոլորի դուռը և որևէ կերպ չի սահմանափակվելու իշխանության ցայտուն ընդդիմախոսներով։

Դատաիրավական հրեշը բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում ունի ինտենսիվ աճելու հատկություն։ Այն չի սահմանափակվելու «նախկին թալանի» շրջանակներում, դառնալու է (դարձել է) ցանկացած հարց լուծելու գործիք՝ ներիշխանական, ներբիզնեսային, անձնական վատություն անելու և այլն՝ այդպես հասնելով յուրաքանչյուրին։ Դատաիրավական հրեշի անզուսպ աճը միշտ վերջանում է ողբերգությամբ, արյունով ու չմոռացվող թշնամանքով։

Ինչպես պայքարել, ինչպես կասեցնել

 Իրավական համայնքի  բազմաթիվ անդամներ անդադար պայքարի մեջ են։ Ոչ միայն լավ մասնագետներ, այլև՝ լավ քաղաքացիներ։ Բայց ինչպես ճակատագրական սխալ է՝ պետության անվտանգությունը միայն բանակի վրա թողնելը, ճիշտ այդպես էլ ռեպրեսիվ համակարգի դեմ պայքարը չի կարելի թողնել միայն իրավական համայնքի վրա։ Դա կարող է բերել ընդամենը կա´մ լոկալ հաջողությունների, կա´մ հերոսական պարտության։ Հրեշին կանգնեցնելու համար, իսկ դատաիրավական ամենաթողությունն ամենաիսկական հրեշն է, պետք է պայքարի և դիմադրության լուրջ համակարգեր ստեղծել՝ քաղաքական, քաղաքացիական, մեդիա, հանրային բազմաթիվ այլ շրջանակներից։

Բայց այստեղ ծագում է հարցը՝ 2018 –ից արդեն անցել է 5 տարի, դա բավարար ժամանակ էր լուրջ համակարգեր ստեղծելու համար. ինչո՞ւ արված չէ։

Անձնակա՞ն, թե՞ համակարգային

Դատաիրավական բեսպրեդելի առաջին ակնառու դրսևորումը Ռ. Քոչարյանի բանտարկությունն էր։ Հեղափոխական վարչապետը հանրահավաքում նշանակում է մեղավոր, հրապարակը ողջունում է, և թափանիվը սկսում է գործել. ՀՔԾ, դատախազություն, իշխանական մեդիա, cheers team-եր, փողով լացողներ, դատավորներ և այլն։ Եվ իհարկե՝ մեծ անվանացանկ մարդկանց, որոնք հասկանում էին ամեն ինչ, բայց խիզախություն չունեցան ճիշտ պահին լինել քաղաքացի և լռեցին։ Այդ հետո, շատ ավելի ուշ, իրավիճակը փոխվելուց հետո նրանցից շատերը հայտնվեցին Քոչարյանի կողքին և փոխադարձ համաձայնությամբ դարձան  համախոհներ, իսկ դժվար պահին հրաժարվում էին կոնտակտի դուրս գալ, ձայն  հանել։ Բայց խոսքը հիմա ավելի կարևոր բանի մասին է։

Ռ. Քոչարյանի բանտարկությունից հետո սկսվեց դատաիրավական հանցագործությունների հաղթարշավը՝ ընդգրկելով արդեն ամենևին ոչ «նախկինների», այլ հաճախ՝ շարքային քաղաքացիների, որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ գործող իշխանության քայլերին։ Այդ արշավը շարունակվում է առ այսօր։ Հրեշի ընթացքը ողբերգական էր. ճանապարհին տալով մահեր՝ այն ավելի կարծրացավ՝ ձեռք բերելով համակարգային հրեշի կայուն հատկանիշներ։

Ինչո՞ւ հինգ տարում չի ստեղծվել այս հրեշի դեմ պայքարի լուրջ համակարգ։ Ինքս այս հարցի պատասխանի վրա երկար եմ մտածել ու հանգել եմ եզրակացության.

  • 2018-ից, երբ սկսվեց դատաիրավական ամենաթողությունը, ամեն մեկը մտածում էր բացառապես իր պաշտպանության մասին։ Յուրաքանչյուրը մտածում էր միայն իր անձնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին։ Եվ մարդիկ, ովքեր ունեին թե´ ռեսուրսներ, թե´ բավարար գրագիտություն և այլ հատկանիշներ, այդպես էլ չհանգեցին այն գիտակցությանը, որ պետք է ստեղծել ոչ միայն սեփական անձի պաշտպանության համակարգ, այլև՝ դատաիրավական հրեշի դեմ միասնական դիմադրության։ Ընտրվեց անձնական պաշտպանության, և ոչ՝ միասնական դիմադրության տարբերակը։ Եթե նկատել եք՝ ում դեմ ռեպրեսիաները թուլանում են, ում հարցը այս կամ այն կերպ լուծվում է, դադարում է մտածել ընդհանուր պրոբլեմի մասին։ Սա այն նույն կենցաղային հայի մտածողությունն է, թե՝ իմ դրսի պոլի շորից այն կողմ՝ ինձ չի հետաքրքրում, իմը այդքանն է։ Հենց այդ պատճառով է, որ 5 տարում որևէ լուրջ համակարգ չկարողացանք ստեղծել։ Ու ոչ միայն դատաիրավական բեսպրեդելի դեմ, այլև՝ քաղաքական համակարգ չստեղծվեց, քաղաքացիական կառույցներ չստեղծվեցին։ Մեծ հաշվով, ոչ մի միասնական համակարգ չստեղծվեց։ Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան։

Շարունակելի

 Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728