Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանը օգնություն ուղարկեց Թուրքիա, այն պարագայում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։
«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարաբերութունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարաբերութուններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», – ընդգծեց Ռուբինյանը։
«Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», – ասաց Ռուբինյանը։
Հրայր ԹԱՄՐԱԶՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: