Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնությունից քաղել առավելագույնը՝ սնունդը հարստացնելով ծլեցրած բույսերի էներգիայով

Փետրվար 13,2023 09:30

Եթե մտածում եք սննդի միջոցով ձեր առողջությունը բարելավելու հնարավորությունների մասին, ապա արժե ուշադրություն դարձնել ծիլերին, որոնք սննդանյութերի առավելագույն չափաբաժիններ են պարունակում։ Դրանք հեշտությամբ կարելի է աճեցնել տնային պայմաններում և ողջ տարին ձեռքի տակ ունենալ սննդանյութերի հրաշալի աղբյուր՝ չծախսելով մեծ գումարներ ու ջանքեր։

Ծիլերը սովորաբար ուտում են թարմ վիճակում՝ ավելացնելով աղցաններին կամ դրանցից սմուզիներ ու հյութեր պատրաստելով։

Ինչպես մեկնաբանվում է The World’s Healthiest Food ամսագրում․ «Սննդամթերքների մեծամասնությունն իրենց կյանքը սկսում են ծիլերից։ Ծլարձակումն այն գործընթացն է, երբ սերմը ճաքում և բացվում է առաջին անգամ՝ բաց թողնելով արմատը կամ ցողունը։ Սովորաբար ծիլերում որոշակի սննդանյութերի, այդ թվում առանցքային հակաօքսիդանտների խտությունն ավելի բարձր է, քան հասուն բույսերի կազմում»։

Իսկապես որ, ծիլերը չափսով շատ փոքր են, սակայն մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, ֆերմենտներ են ամփոփում իրենց բաղադրությունում։ Ջրկոտեմն, օրինակ, սննդանյութերի պարունակությամբ բացարձակ առաջատար է համարվում՝ ներառելով 17 տեսակի սննդանյութեր՝ կալիում, կալցիում, ցինկ, երկաթ, սպիտակուց, թիամին, ռիբոֆլավին, նիացին, ֆոլաթթու, վիտամին A, B6, В12, С, D, Е և K, բջջանյութ։ Արևածաղկի սերմերն ու սիսեռի ծիլերը մոտավորապես 30 անգամ ավելի սննդարար են, քան օրգանական բանջարեղենը։

Ծլեցման նպատակով կարող են օգտագործվել շատ բույսերի սերմերը․ հատկապես նպատակահարմար են շագանակագույն՝ չմշակված բրինձը, գարին, տարեկանը, ցորենը, կորեկը, եգիպտացորենը, հնդկաձավարը, ոլոռը, լոբին, ոսպը, սոյան, գետնանուշը, նուշը, կաղինը, ընկույզը, մանանեխի, դդմի, արևածաղկի սերմերը և այլն։ Հետաքրքիր արդյունք են տալիս չամանը, հիլը, կակաչի սերմերը, նեխուրի սերմերը, երեքնուկը և այլն։

Ամերիկյան սննդաբան Ջոզեֆ Մարկոլան նաև խորհուրդ է տալիս ծլեցնել հետևյալ բույսերը․

•Առվույտը – А, В, С, D, Е, F, և К վիտամինների լավ աղբյուր է,
•սիզախոտը – В, С, Е վիտամինների ու շատ հանքանյութերի հարուստ աղբյուր է,
•մաշը (բակլազգիների ընտանիքի միամյա բույս)- պարունակում է սպիտակուցներ, բջջանյութ, С և А վիտամիններ,
•բրյուսելյան կաղամբը – որի ծիլերի մեկ բաժակը վիտամին K1-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 240 տոկոսը և վիտամին C-ի գրեթե 130 տոկոսն է պարունակում։ Դրանից բացի բրյուսելյան կաղամբը բջջանյութի, մանգանի, կալիումի, խոլինի, այլ վիտամինների, հակաօքսիդանտների, ֆիտոքիմիական այլ նյութերի լավ աղբյուր է։

Այսպիսով, ծլեցրած սերմերի, հատիկավորների, ընդեղենի օգտագործման շնորհիվ ավելանում են՝

•Վիտամինները– Որոշ սերմերում ծլեցման արդյունքում վիտամինների քանակն ավելանում է 20 անգամ, երբեմն էլ՝ ավելի շատ։ Օրինակ՝ մաշում В1-ի քանակն ավելանում է 285 տոկոսով, B2 -ինը՝ 515 տոկոսով, իսկ B3 (նիացին)-ը՝ 256 տոկոսով։

•Ֆերմենտները -Ծիլերը մոտ 20 անգամ ավելի շատ ֆերմենտներ են պարունակում, քան թարմ մրգերն ու բանջարեղենը։

•Անփոխարինելի ճարպաթթուներն ու բջջանյութը

•Հանքանյութերի ու սպիտակուցները կենսահասանելիությունը – Երբ սերմը սկսում է ծիլ տալ, հանքանյութերն, ինչպիսին կալցիումն ու մագնեզիումն է, կապվում են ծիլում առկա սպիտակուցների հետ՝ դառնալով առավել կենսահասանելի մեր օրգանիզմի համար։

Բոլոր ծիլերն էլ օգտակար են առողջության համար, բայց յուրաքանչյուր բույս ​​ունի իր «մասնագիտացումը»

  • Ցորենի, տարեկանի, վարսակի, արևածաղկի և կտավատի ծիլերը արդյունավետ են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։
  • Վարսակը նպաստում է արյան թարմացմանն ու խթանում վահանաձև գեղձի աշխատանքը։
  • Տարեկանը դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից։
  • Բրինձը մաքրում է աղիներն ու երիկամները։
  • Ոսպն ամրացնում է իմունիտետը։
  • Դդմի սերմերի ծիլերն օգտագործվում են պրոստատիտի կանխարգելման համար։
  • Հնդկաձավարն ու քունջութը ամրացնում են սիրտն ու անոթները։
  • Եգիպտացորենը երիտասարդացնող ազդեցություն է գործում։
  • Լոբազգիներն ունեն հակաբորբոքային ազդեցութուն։
  • Սիսեռի ու լոբու ծիլերը նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։
  • Սոյան խթանում է բջիջների վերականգնումն ու արգեակում ուռուցքների աճը։

Ինչպես ծլեցնել բույսերը

Կարևոր առավելություն է այն, որ տնային պայմաններում ստացված ծիլերը (եթե դրանց ստացման համար օգտագործվել են օրգանական սերմեր, ընդեղեն, լոբազգիներ ու հացահատիկեղեն) անվնաս են՝ զերծ քիմիական նյութերից, որոնք լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսությունում։ Ծիլերը նաև բավականին մատչելի են ստացվում և հարմար տարբերակ են այն մարդկանց համար, որոնք մեծ գումար չեն կարող ծախսել առողջ սնվելու համար։

Ծիլեր աճեցնելը բավականին հեշտ է․ դուք հավանաբար արդեն փորձել եք ծլեցնել ցորենը կամ ոսպը Սուրբ Զատիկի համար դեկորատիվ խոտ ստանալու նպատակով։

Ծլեցման առաջին փուլում պետք է լավ լվանալ սերմերը, տեղափոխել ապակյա տարայի մեջ և վրան սառը կամ գոլ ջուր լցնել։ Եթե պատրաստվում եք երկար թրջել ջրում, օրը 2-3 անգամ փոխեք ջուրը՝ բորբոսի առաջացումից խուսափելու համար։

Սերմերն ուռչելուն պես դատարկեք ջուրը, կարող եք տեղափոխել հարթ մակերեսի վրա, ծածկել թանզիֆով (մառլյա) և դնել տաք ու լուսավոր վայրում։ Օրը 2-3 անգամ թրջեք սերմերը, և որոշ ժամանակ անց կտեսնեք, թե ինչպես են սերմերն արմատներ տալիս ու կանաչ ծիլեր արձակում․ ուրեմն դրանք օգտագործելու ժամանակն է։

Քանի որ ծիլերն ունեն պահպանման շատ կարճ ժամկետ, ծլեցրեք այնքան, որքան կարող եք օգտագործել 3-4 օրվա ընթացքում։

Կան որոշ հակացուցումներ

Պետք է հիշել, որ ծլեցրած սերմերը հակացուցված են ստամոքսի խոցի դեպքում։
Լոբազգիների ծիլերը չի կարելի համադրել կաթնամթերքի հետ․ դա կարող է մետեորիզմի (փորափքանք) հանգեցնել։

Ծիլերը պետք է օգտագործել քիչ քանակությամբ, քանի որ դրանք, հարուստ լինելով ֆերմենտներով, կարող են ծանրաբեռնվածություն առաջացնել աղիների ու ստամոքսի վրա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728