Ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը
2021թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» բիրտ ուժով բերման ենթարկված՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վերջերս հրավիրված էին քննչական կոմիտե՝ ոստիկանության ներկայացուցիչների հետ առերեսման մասնակցելու։ Ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասել էր. «Պարոն Խուդինյանն (նկատի ունի ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին. հեղինակ) ընդունեց, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ չի եղել։ Ողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից եւ խնդրեց դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական դիրքորոշում»։
Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ «Առավոտ»-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությանը խնդրել էր պարզաբանել եւ տեղեկացնել.
-Եթե ընդունում եք, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ չի եղել, ապա պատասխանատվության ի՞նչ միջոց է կիրառվել կամ կիրառվելու բերման ենթարկող ոստիկանների հանդեպ. քանի՞ այդպիսի ոստիկանի մասին է խոսքը։
Կարդացեք նաև
-Եթե պատասխանատվության միջոց չի կիրառվելու, ապա կխնդրեմ պարզաբանել, թե ինչու։
-Եթե պարոն Խուդինյանը ողջ ոստիկանության անունից ներողություն է խնդրել ծնողներից եւ խնդրել դա ընդունել որպես ոստիկանության պաշտոնական դիրքորոշում, ապա ՀՀ ոստիկանությանը խնդրում եմ տեղեկացնել՝ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվելո՞ւ է այդ մասին հաղորդագրություն կամ հայտարարություն։ Եթե ոչ, պարզաբանեք, թե ինչու։
Օրերս ստացանք հարցման պատասխանը, որը մեզ հասցեագրել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վ. Մարտիրոսյանը։ Պատասխանում ասված է. «Տեղեկացնում եմ, որ 2022թ.-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննությունը կասեցվել է՝ նկատի ունենալով, որ նույն փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությամբ ոստիկանության ծառայողների արարքներին անդրադարձ կկատարվի հիշյալ քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով»։
Վահան Հովհաննիսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ցանկացավ միայն հետեւյալն ասել. «Շատ թերահավատ եմ, որ մենք այս գործով արդյունք կունենանք, քանի որ միտումը տանում է նրան, որ քրեական հետապնդում չի իրականացվելու։ Ես դա արդեն իսկ տեսնում եմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2023