Լրահոս
Օրվա լրահոսը

Սնդուկում պահված հիշողությունները. Օհաննես Արամ Քոնդայանի մահվան ճամփորդության մասին հուշերը

Փետրվար 13,2023 12:30

Աքսորյալ մանուկ Հովհաննես Արամ Քոնդայանի՝ տարիներ շարունակ սնդուկում մնացած եւ իր աշակերտների ու իր աշխատած դպրոցի կողմից լույս աշխարհ հանված ինքնակենսագրությունը սոսկ հավատարմության օրինակ չէ. այն միեւնույն ժամանակ հայ հասարակության նախաաքսորական կյանքի, տեղահանության անվան տակ մահվան ճամփորդության ուղարկվելու եւ ազգային պետության մեջ ցեղասպանությունից դիպվածով կյանքը փրկածների հետագա կենսակերպի վերաբերյալ առաջին ձեռքից վկայություն պարունակող կարեւոր փաստաթուղթ է։

1905 թ. Պարտիզակում սկսված, աքսորի շարասյուներով անցած, իսկ 2022 թ. Վիրջինիայում ավարտված կյանքի մասին կարճ գրությունները միայն 1970 թ. ԱՄՆ-ում հաստատվելով՝ գրառելու համարձակություն ցուցաբերելը, ցավոք, հաստատում է ազգային պետության ներսում հայ համայնքի լուռ կյանքը։

Ներսում միշտ մի ջերմ հուշ է ամրագրված Պարտիզակի կյանքի մասին։ «Գյուղական կյանքի, այժմ արդեն գոյություն չունեցող սիրելի մարդկանց կերպարների մասին սիրտ ջերմացնող հիշողություն էր: Ներսումս միշտ մի գաղտնի ցավ ու կարոտ էր թաքնված մնացել»։ Պարտիզակի մասին խոսքերը կարոտով լի են. «Օվաջըքի մոտերքում գտնվող ագարակում կյանքը տեւեց մինչեւ 1915 թ., երբ ֆերմայի աշխատողները, մեր հարեւանները եւ բարեկամները ստիպված եղան լքել այն: Այդ ժամանակից հետո այն դարձավ հիշողություն, որ հիշում են միայն վերապրողները»:

Պարտիզակի մշակութային մակարդակն ու միջավայրը պատկերում են այն բառերը, որոնք նա օգտագործել է իր պապի՝ Արամի մասին խոսելիս. «Իր սեփական գրադարանով նա երեխաների մեջ էլ սերմանեց սեր դեպի գրքերը եւ գիտելիքները: Գյուղում տարրական դպրոց էր բացել։ Ստամբուլից մի երիտասարդ աղջկա էր բերել, եւ երեխաներին ֆրանսերեն էր սովորեցնում։ Հետագա տարիներին մայրս հիշելու էր այս ընթացքում անգիր արած մի քանի բանաստեղծություններ։ Ինքս էլ ամեն անգամ կատարյալ փարիզյան առոգանությամբ նրա արտասանած այս բանաստեղծություններից չէի կարողանում չապշել»: Քոնդայանն, իր համար ոչինչ չասելով հանդերձ, Լեւոն քեռու վերաբերյալ ասած խոսքերով լույս է սփռում իր ապրած ցնցման վրա։ «Ոչ ոք չգիտի, թե թուրքական իշխանությունների կողմից 1915 թ. Դամասկոս աքսորված Լեւոն հորեղբայրս ինչեր տեսավ, երբ նրան ստիպել էին ժամանակավոր իսլամ ընդունել». այս խոսքերն ամփոփում են այն մարդկանց հոգեցնցման չափը, որոնց հավատքի համակարգը ոչնչացվում է ողջ մնալու համար: Մեկ այլ վառ օրինակ է սրբազանը. «Ինչ վերաբերում է սրբազանին… Իր ժողովրդի հետ տարագրված, դեպի սիրիական անապատ նրանց բռնի երթի ժամանակ նա ականատես եղավ հազարավոր մարդկանց տառապանքին եւ մահվանը: Այս մեծարգո անձնավորությունը տեսել էին Հալեպի շուկաներում՝ վզից կախ փայտե սկուտեղի վրա շարված ապրանքներ վաճառելիս։ Ձեռն ընկած յուրաքանչյուր ղուրուշը Դեր Զոր գնացողների ձեռքն էր խցկում։ Սրբազանը փրկվեց եւ հետ վերադարձավ։ Պատերազմից կարճ ժամանակ անց մայրս մի քանի անգամ այցելեց նրան։ Ամեն այցի ընթացքում նա խոսում էր մորս հոր, հորեղբոր ու եղբայրների մասին, որոնց շատ լավ ճանաչում էր որպես հայ համայնքի ղեկավարների ու իր ընկերների։ Խրված էր անցյալի մեջ, անջատված՝ ներկային առնչվող առօրյա իրադարձություններից»։ Ներկայի պարտադրած մեծ կորուստն ու փոփոխությունը սրբազանին տարել էին անցյալ, որտեղ նա կարող էր տեսնել ճշմարիտն ու հավերժականը։ Պարտիզակի մարդկանց հիշում է հետեւյալ խոսքերով, բնակավայր, որտեղ անցել էր իր մանկությունը, եւ որում այժմ ոչ մի հայ չի մնացել. «Պարտիզակի ժողովուրդը վեր էր բարդույթներից եւ նախապաշարմունքներից, բաղկացած էր բնույթով գիտության եւ լուսավորության առաջ բաց մարդկանցից»։

Քոնդայանը Պարտիզակի բնակչության կապը բնության հետ ներկայացնելու համար շատ անգամ է հիշում Սարը աղայի օրինակը. «Բարի Աստված, քեզ հոգիս եմ տալիս, ոչ թե խաղողի այգիս»: Վերապրածները, չնայած ամեն ինչին, փորձում են ձիգ մնալ եւ դիմակայել իրենց ցավին։ «Առաջին համաշխարհային պատերազմից հետո դոկտ. Ջերրահյանը դարձավ Ստամբուլի հայկական հիվանդանոցի կադրային բժիշկը։ Հորս մահվան մահճում նրա կողքին էր։ Երկուսն էլ աքսորվել են հայրենիքից, արմատախիլ արվել ու Իզմիթում գտնվող իրենց տներն ու ունեցվածքը թողնելով՝ ստիպված եղել ապաստանել այլ քաղաքում։ Բժիշկը միշտ համարձակ ու գլուխը բարձր մարդ էր։ Երբեք կորցրածների հետեւից չէր սգում-ողբում, երբեք չէր խոսում կյանքի վերջին տարիներին իր ճակատագիրը դարձած դժբախտությունների մասին: Կնոջ մահից, միակ որդու գնալուց հետո միայնակ մինչեւ վերջ կատարեց կյանքի պարտավորություններրը»։

Տեղահանության անվան տակ մահվան ճամփան բռնելիս բոլորն ապշած էին։ Քոնդայանը պատմում է այն հնազանդորեն ընդունելու մասին. «Իզմիթից մեր դուրս գալը աղետային մթնոլորտում էր: Աքսորին ենթարկվողները ոչինչ չէին կարող անելու։ Միակ բանը, որ մնում էր, գլուխները խոնարհելն էր, հարմարվելն ու հնարավորինս լավ օրն անցկացնելը»։ Դեռեւս ճանապարհի սկզբից տեղահանվողները զարմացած էին, թե ինչի են ենթարկվում։ «Երբ հասանք կենտրոնում գտնվող երկաթուղային կայարան, ցատկեցինք բեռնատար վագոնի վրա։ Ներսում հանդիպեցինք լեզուն կուլ տված եւ շփոթված վիճակում ծանրոցներով ու կապոցներով Ադափազարից եկած ընտանիքների։ Տարեց տղամարդկանցից եւ կանանցից կազմված այս մարդկանց մեծ մասը նախկինում երբեք Իզմիթ չէր եկել եւ այժմ էլ չգիտեր, թե ինչու են այս կայարանում եւ ինչ են անելու»։ Կայարանում հանդիպած, ռազմի դաշտ ուղարկվելու համար հավաքված արաբական ծագմամբ օսմանցի զինվորների վերաբերմունքից զարմանում եւ վախենում է, սակայն տարիներ անց իր հուշերը գրելիս փորձում է հասկանալ նրանց՝ արձանագրելով, որ նրանք նույնպես աղետի մեջ էին, եւ այդ վերաբերմունքը դրսեւորում էին իրենցից ավելի դժբախտ մարդկանց նկատմամբ։

«Մինչ մենք կայարանում սպասում էինք գնացքի մեկնելուն, Անատոլիայից մեկ այլ գնացք եկավ եւ կանգնեց մեր հակառակ ուղղությամբ։ Այդ բեռնավագոնը լի էր բարձրահասակ, թխադեմ երիտասարդներով։ Ժամանելով Մերձավոր Արեւելքի ինչ-որ բնակավայրից, նրանք բոլորն էլ Օսմանյան կայսրության հպատակներ էին եւ թուրքական բանակին միանալու համար հավաքագրված արաբներ։ Նրանք կարծես գիտեին, թե մենք ով ենք, եւ յուրովի մեկնաբանեցին մեզ հետ կապված կառավարության պլանները։ Մեզ տեսնելուն պես մի քանիսը վեր կացան, թեւերը իրար ուսերի դրած շրջան կազմեցին ու սկսեցին պարել։ Պարելիս մեկը կամ մյուսը ձեռքը վերցնում էր կողքինի ուսից եւ պարի ռիթմին հետեւելով, մատը վզին ետ ու առաջ էր տանում ու ընդօրինակում, թե ինչպես են մեզ խեղդելու։ Այս անզգայացած, տարօրինակ տեսարանն ինձ խորը ցավ պատճառեց եւ ծանր կերպով հոգուս դիպավ: Այն ժամանակ չգիտեի, որ այս մարդիկ մի խումբ դժբախտ արարածներ են, որ նրանց հարկադրանքով բանակ զորակոչելու պատճառով արդեն իսկ այնքան դժբախտ են, որ նրանք մի տեսակ սփոփանք են գտնում, երբ տեսնում են իրենցից անբախտներին։ Նրանք մեզ ատելու պատճառ չունեին, եւ իրենց վայել վայրենությունը հատկապես հիասթափեցնող էր, քանի որ դա մեզ ցույց տվեց, որ նույնիսկ անծանոթները, նույնիսկ վռնդվածները կարող են այնքան անմարդկային դառնալ, որ ցանկանան ավելացնել ուրիշների տառապանքը»: Նրանց միտքը սառեց, երբ նրանք բախվեցին անմարդկային վերաբերմունքի, որը չի տեղավորվում ոչ մի մարդկային հույզի մեջ եւ չունի բացատրություն: «Այդ թաքնված գիտակցությունը անմարդկայնության մասին, որի զոհն էինք մենք, այդ ճնշված զգացմունքները, մթագնում էին մեր միտքը»: Նա դեռ համարում է դա պաշտպանության միջոց։ «Հոգու սառեցումը ինքնապահպանման միջոց է»։

Քոնդայանն իրենց ապրած անպատմելի եւ անհասկանալի ողբերգության անհավանական չափերը արտահայտում է հետեւյալ նախադասություններով. «Ջուրը նետված ոչ մի երկաթ այնքան խորը չէր սուզվի, որքան մենք էինք սուզվել. գիտեի, որ եթե սառը դատենք, ապա մեր գլխավերեւում կախված աղետը չափազանց հսկայական էր՝ այն կրել կարողանալու համար»: Քոնդայանը չի մոռանում նաեւ իրենց արված լավությունները, նույնիսկ տարիներ հետո հիշում է տափաստանի աքսորավայրում ժանդարմին, ով օգնեց իրենց եւ այդ զինվորի պահվածքին համամարդկային արժեք է վերագրում։ «Երբ տղան մեծացավ եւ տղամարդ դարձավ, այս ժանդարմը սկսեց նրա համար շատ ավելի նշանակալից լինել, քան բարեսիրտ մարդը: Աքսորի տարիներին փրկվելու բախտն ունենալով, հետո անցավ այլ փորձությունների միջով, որոնք չեն կարող պակաս ցավալի կամ հուսահատեցնող համարվել։ Սակայն այս ամենով հանդերձ նա միշտ կարող էր մտածել անատոլիական հարթավայրերի այս սովորական, անգրագետ, զինված պահակախմբի մասին՝ որպես մարդասիրության, ավելի խորը ոգեղենության, ավելի կայուն մարդկային որակների խորհրդանիշների։ Այս մարդը մեկ մարդու փորձությունների եւ մարդկայնության մեջ զգաց բոլոր հոգիների հարազատությունը: Ջուրը, որով նա ապահովեց ընտանիքին, հավատքի գործողություն էր, հավատ իր սեփական հոգու ազատության մեջ հայտնաբերածի համընդհանուրության հանդեպ»։

Պատերազմի ավարտով նրանք սպասում էին, որ իրենց փորձություններն էլ ավարտվեն, բայց իրավիճակը նույնը չէր եւ երբեք էլ նույնը չէր լինելու։ «Պատերազմն ավարտին հասավ։ Դաշնակիցների հաղթանակից հետո փրկված տեղահանվածները վերադարձան իրենց տներ։ Նրանք կարծում էին, որ գտնվում են խաղաղության եւ կայունության նոր դարաշրջանի շեմին: Սակայն դաշնակից օկուպացիոն ուժերին երկրից վտարելուց հետո Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված ազգային պետության կարգախոսը դարձավ «Թուրքիան՝ թուրքերի համար»։ Ոչ մուսուլման փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունը կամ քիչ էր, կամ ընդհանրապես բացակայում էր։ Նոր ցավոտ գործընթաց էր սկսվելու։

Դպրոցների տնօրենների անունից կորուստները արտահայտելիս Քոնդայանի օգտագործած բառերը իր ժողովրդին վկայության նման են. «Մեզ պես մարդկանց համար, ովքեր զգում են եւ գիտեն, թե ինչ են կորցնելու, այս գործընթացը խորը ցավ էր պատճառում: Լեզուն եւ գրականությունը դարպաս են դեպի համընդհանուրը, դեպի այն, ինչ մենք ճանաչում ենք որպես ճշմարտություն, ինչը հավերժական է մարդկային փորձառության մեջ: Երբ մեզ ստիպում են հրաժարվել մի բանից, որը մենք գնահատում եւ սիրում ենք, մենք առնվազն պետք է գոնե գիտակցենք մեր կորստի մեծությունը: Որքան էլ ցավալի է դրա գիտակցումը, դա մեզ նաեւ օգնում է պահպանել մեր մարդկայնությունը»:

Սաիթ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ

Թուրքերենից թարգմանեց

Տիգրան Չանդոյանը

Akunq.net

«Առավոտ» օրաթերթ
11.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728