«Իրողությունը շատ պարզ է, եթե թողնենք մանիպուլյացիաները եւ իրապես առերեսվենք իրականությանը՝ պետք է արձանագրենք, որ անվտանգային ռիսկերը, անչափ մեծ անորոշությունները, պատերազմական եւ մարտական գործողությունների հետեւանքով արձանագրված զոհերը, ցավոք սրտի, դրան գումարած նաեւ բանակում կոնկրետ դրսեւորումներով արձանագրվող զոհերը, այս ամենն ակնհայտորեն եւ էապես բերում են արտագաղթի»,- այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ «Առավոտի» հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, թե 2022 թվականին ներգաղթը գերազանցել է արտագաղթին:Տեղեկացնենք, որ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի ժոդովրդագրական իրավիճակի, այդ թվում՝ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի սահմանային գրանցումների վերաբերյալ վիճակագրությունը։ Համաձայն այդ տվյալների, 2022-ին Հայաստան է ժամանել 3 394 371 անձ եւ Հայաստանից մեկնել է 3 355 639-ը: Արդյունքում վիճպետկոմիտեն սահմանահատումների հաշվեկշիռն արձանագրել է դրական՝ 38 732։
Պատգամավորի խոսքով, արտագաղթի իրական, էական ռիսկեր կան հատկապես այն սեգմենտի համար, որոնք ընտանիքում ունեն արական սեռի մինչեւ զորակոչային տարիքի երեխաներ: «Պարզապես կույր ու մինչեւ վերջ մանիպուլյատոր պետք է լինի մարդը, որ սա չտեսնի, իսկ այդ ընտանիքները մեր ընտանիքների հիմնական մասում առյուծի բաժինն են կազմում: Սա միանշանակ լուրջ գործոն է եւ սրա պատճառը ոչ միայն 44-օրյա պատերազմն ու պատերազմի զոհերն են, այլ շարունակվող անորոշությունը: Ճիշտ է, պատերազմն այս պահին որոշակի դադար ունի, բայց բանակում շարունակվում են զոհերը, խեղումները եւ խոստացված խաղաղության օրակարգը փոշիացվել եւ ընդհանրապես ի չիք է դարձել իրական փաստերով եւ իրական գործընթացներով պայմանավորված: Սա լուրջ ժողովրդագրական խնդիր է, մեր երկրի ժողովրդագրական խնդիրների վրա պատիկներով ավելի նոր խնդիրներ են ավելացել, իրենք ոչ միայն ժողովրդագրական իրավիճակն արդեն իսկ փաստացի վատացրել են, այլ նույնիսկ բարձրացրել են արտագաղթի ռիսկը եւ սա կարելի է շատ հստակ արձանագրել, որ սա արտագաղթի նոր ալիքի ամբողջական եւ բավարար հիմք է դառնում»,-ընդգծեց Ավետիսյանը:
Անդրադառնալով ներգաղթի ցուցանիշին՝ ԱԺ պատգամավորը փաստեց, որ դրա վրա առաջին հերթին ազդել է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում նաեւ մեծ թվով հայերի՝ Հայաստան տեղափոխվելու գործոնը:
«Ակնհայտ է, որ մեր հիմնական ուղղությունը Ռուսաստանն է եւ սա ոչ թե ներգաղթ է, այլ պարզապես եկել են Հայաստան եւ տենդենցն էլ հենց սկսվել է ապրիլ-մայիս ամիսներին, երբ պատերազմը սկսվեց: Երկրորդ կարեւոր պատճառը եւս կապվում է առաջին գործոնի հետ՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ գնում էին արտագնա աշխատանքի, նույն այս գործոնով պայմանավորված, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չասեմ զրոյացել է, այլ էապես նվազել է: Հայտնի է, որ արտագնա աշխատանքի համար Հայաստանի քաղաքացիների մոտ 70 տոկոսն է նախընտրում Ռուսաստանը»,-ասաց Ավետիսյանը:
Ներգաղթը երբեք չի նշում ազգությունը եւ քաղաքացիությունը, բոլորը գիտեն, թե անցած տարի որքան մեծ հոսք է եղել Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից, պետք է ընդամենը համադրել այդ թվերը եւ չխաբել մարդկանց: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին այսպիսի արձագանք տվեց մեր մյուս զրուցակիցը՝ տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Կարդացեք նաև
«Նման բան չի կարող տեղի ունենալ: Գեղարքունիքի, Շիրակի մնացած բոլոր այն մարզերից, որտեղից ավանդաբար արտագաղթ է եղել՝ արտագաղթը շարունակվում է: Վերջին տարիներին բնակչության շարժը, նաեւ սեռատարիքային կազմը ուսումնասիրելիս, կտեսնեք, թե իրականում ինչ իրավիճակ է. ատագաղթը կա: Բավարար է նույնիսկ միայն «Զվարթնոց» օդանավակայան այցելել եւ հասկանալ, թե օրական քանի հոգի է լքում Հայաստանը»,-նշեց Մանասերյանը:
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ուրախացրել են նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, որը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ներգաղթի վերաբերյալ զլմներից մեկի հրապարակումը եւ գրել. «2022 թվականին ունեցել ենք ներգաղթ (Հայաստան տեղափոխվածների թիվը գերազանցել է երկրից տեղափոխվածների թիվը)»:
Պարզապես հիշեցնենք, որ տարբեր առիթներով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով ռելոկանտներին առնչվող իրավիճակի մասին, հայտնել է, որ Հայաստանում բնակվում է 100-110 հազար օտարերկրյա քաղաքացի, որոնցից ճնշող մեծամասնությունը, հիմնականում, Ռուսաստանի քաղաքացիներ են, ռելոկանտներ կան նաեւ Ուկրաինայից եւ Բելառուսից։
Ստացվում է, որ կամ ՀՀ վիճակագրության կոմիտեն տեղյակ չէ ռելոկանտներից, կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարը չգիտի, որ ռելոկանտների փաստը պետք է ներկայացնել որպես ներգաղթ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2023