Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Երեւանում

Փետրվար 13,2023 12:00

Ապշում եմ, երբ մտաբերում եմ աղետները,
Ձեռքերս թուլանում են գրելիս.
Թ. Արծրունի (10-րդ դար)

Երեւան քաղաքը գտնվելով Արարատյան դաշտի գրեթե կենտրոնական մասում, նշանակալի դեր է խաղացել տարածքի պատմաաշխարհագրական ձեւավորման ու զարգացման ասպարեզում: Նրա բնական պայմանները՝ նպաստավոր դիրքը, տաք կլիման, ջրառատությունը հնագուն ժամանակներից ի վեր նպաստել են քաղաքի զարգացմանը: Արարատյան դաշտ-գոգավորությունը պայմանավորված տեղանքի բարդ երկրաբանական կառուցվածքով, իրենից ներկայացնում է բնական պրոցեսներով լեցուն մի հանգույց: Այդ պրոցեսներից են այստեղ պարբերաբար տեղի ունեցող երկրաշարժերը, որոնց պատճառած ավերածություններն ու մարդկային զոհերը Երեւանը շատ է տեսել իր պատմության ընթացքում: Այստեղ դեռեւս մեր թվարկությունից մի քանի դար առաջ եղել է սոսկալի երկրաշարժ, որից եւ Մասիսի հյուսիս-արեւելյան լանջին առաջացել է մեծ խորություն ունեցող վիհը. «Այս փլվածքն, ասում են, առաջ է եկել մի ահագին երկրաշարժից», – գրել է Մովսես Խորենացին: Արարատում երկրաշարժեր են հիշատակվում նաեւ 139 եւ 341 թթ.: Վերջինի դեպքում Եփրեմ Եդեսիացին գրել է, որ այդ միջոցին հայկական լեռները նախ հեռացան իրարից, ապա մոտեցան իրար սարսափելի ճայթյուններով: Լեռների միջից դուրս ժայթքեցին կրակ եւ ծուխ: Հետագայում, անշուշտ, Երեւանում զգացվել են 9-րդ դարում Դվինում տեղի ունեցած երկրաշարժերը՝ 851, 858, 863, 869, 893, 894 թթ., որոնք մեծ ավերածություններ են առաջացրել ոչ միայն հայոց մայրաքաղաքում, այլեւ ամբողջ Արարատյան շրջանում:

1261թ. երկրաշարժից քանդվել, կամ մեծ խախտումներ է ստացել Երեւանի Կաթողիկե եկեղեցին, որի մասին գրել է Ա. Քալանթարը. «1261թ. քանդվելով կամ մեծ խախտումներ ստանալով, հուշարձանը, հավանաբար, նույն վիճակում էր գտնվում նաեւ Սահմադինի ժամանակ 1264թ.: Այդ դեպքում դառնում է ավելի հասկանալի, թէ ինչու Սահմադինը իր արձանագրությունը փորեց մատուռի պատի վրա եւ ոչ մեծ հուշարձանին»: Կաթողիկեն ավերվել է նաեւ 1264թ. Ուշիի երկրաշարժից, որի ժամանակ կործանվել է տեղի Սբ. Սարգիս վանքը: 1319թ. երկրաշարժը տարածվել է Սյունիքից մինչեւ Անի, ավերակների վերածելով շատ քաղաքներ ու գյուղեր: Ա. Քալանթարը նշել է, որ այդ երկրաշարժը ընդգրկել է նաեւ Երեւանը: 1641թ. երկրաշարժից դարձյալ վնասվել է Երեւանի Կաթողիկե եկեղեցին: Ըստ Ա. Քալանթարի, 1642թ. ուստա Գրիգորի կողմից եկեղեցու նորոգված լինելը կարող է կապվել 1641թ. տեղի ունեցած երկրաշարժի հետ: Սակայն, առաձին ուշադրության պետք է արժանանա 1679թ. հունիսի 4-ին կայացած Արարատյան երկրաշարժը, որը մեծ ավերածություններ է պատճառել Երեւանին: Երկրակեղեւի տատանումները փոքր ընդմիջումներով շարունակվել են 9 օր, ապա հանդարտվել եւ նորից սկսվել մինչեւ տարեվերջ: Վերջին ուժեղ ցնցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Նրա էպիկենտրոնը գտնվել է Գառնի գյուղի մոտ:
Բոլոր պատմիչներն ու ականատես հիշատակագիրները բավականին մանրամասնությամբ ու խորին կսկիծով են նկարագրում աղետաբեր երկրաշարժը: Պատմիչ Զաքարիա Քանաքեռցին իր պատմագրությունում մի ամբողջ գլուխ է նվիրել երկրաշարժին՝ «Վասն ահագին շարժին Երեւանայ» վերնագրով: Նա գրել է. «Աստուածասաստ բարկութիւն եղեւ ի վերայ երկրին Արարատեան… յանկարծակի գոռաց երկիր որպէս ամպքն. յետ գոռալոյն ահագին թնդմամբ շարժեցաւ. երկիրն Արարատեան առհասարակ դողայր եւ երերիւր, եւ եկեալ շարժս այս ի կողմանց Գառնւոյ՝ եւ փլան ամենայն շինուածք եւ գեղեցկայարկ բնակութիւնք, եւ վանորայք, եւ եկեղեցիք…Այսոքիկ են աւերեալ եկեղեցիք, Աղչոց-վանք, Այրի-վանք, Հաւուց-թառ, Տրդատակերտն, Խորվիրապն, Ջրվէզ, Ձագավանք, երեք եկեղեցիք յԵրեւան, Նորագաւիթ, Նորագեղ, Ձորագեղ, Նորք, Գամրէզ. եւ բերդն Երեւանայ ի հիմանց տապալեցաւ… Եւ ի Քանաքեռ գիւղ ոչ մնաց բուն մի հաւու. եւ էր զարմանք զի ի նոյն Քանաքեռ ի տուն մի անկան չորեքին որմունք, եւ տանիքն ի վերայ չորս սեանցն եկաց անշարժ՝ որպէս թէ կախեալ զօդոյն…»: Գրիգոր Երեւանցին երկրաշարժի ժամանակ գտնվելով Երեւանում, գրել է. «Ժամը չորսին մոտ հանկարծակի դղրդալով շարժվեց Արարատյան երկիրը, եւ այնպես սաստիկ, կարծես նավը ծովի վրա ուժգին հողմից ալեկոծվում է: Երկրաշարժի սաստկությունից փլվեց Երեւան քաղաքը՝ բերդով ու պարսպով, կործանվեցին տներն ու գեղեցկաշեն ապարանքները, քանդվեցին եկեղեցիներն ու վանքերը…Եվ սեպտեմբերի ութին Կոզեռն կոչված սուրբ Հովհաննես վարդապետի դամբարանի մոտ էինք, Հրաստան գետի ափին, ուր Երեւան քաղաքի ննջեցյալների հանգստարանն է. Երրորդ ժամն էր, հանկարծակի դղրդալով շարժվեց երկիրը: Եվ երկրաշարժի ուժգնությունից գերեզմանի վիմատաշ քարերը իրար բախվելով ճռնչում էին»:

Մեկ ուրիշ ժամանակագիր՝ Վարդան Բաղիշեցին, գրել է, որ «երկրաշարժ եղավ Երեւան քաղաքում, մինչեւ անթիվ մարդիկ մեռան, քաղաքի կեսից ավելին տապալվեց ու ընկղմվեց»: Նշվել է, որ այդ երկրաշարժից Երեւանում մահացել է 8000 մարդ, իսկ ըստ Զաքարիա Ագուլեցու՝ զոհվածների ընդհանուր թիվը Երեւանի խանությունում եղել է 7600 մարդ: Հայազգի Սաֆար-օղլին աշուղական ողբով է նկարագրել երկրաշարժը.

Երկինքըն թունա առաւ գետինըն գոռաց,

Անդունդքէն վեր եկաւ ջուրն Երեւանայ:

Երկինքըն շարժ ելաւ մեղաց պատուհաս ելաւ,

Փառքն ու գոչումն դուռն Երեւանայ…:

Երկրաշարժից հետո կանոնավոր կյանքը վերականգնելու համար Երեւանի կառավարիչ Զալ-խանը աղետի մասին շտապ տեղեկացրել է պարսից շահին, որը եւ հրամայել է առաց ժամանակ կորցնելու անցնել շինարարական աշխատանքների: Սակայն քաղաքի փլված տներն ու եկեղեցիները վերաշինվել են բավականին երկար ժամանակամիջոցում: 1827թ. երկրաշարժը նկարագրել է դեկաբրիստ Եվգենի Լաչինովը. «Երեւանի գրավումից հետո, հոկտեմբերի 8-ին այնտեղ եղան մի քանի բավական ուժեղ ցնցումներ, եւ երկրաշարժը կրկնվում էր հինգ օր, ու շատ տեղերում պատեր էին քանդվել, բայց դժբախտություններ չէին եղել եւ մեծ ավերածությունների մասին նույնպես չէինք լսել»: 1840թ. հունիսի 20-ին Արարատի աղետաբեր երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում: Այն պարբերաբար շարունակվել է գրեթե մեկ տարի: Հուլիսի 14-ին առավոտյան, Երեւանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 1846թ. հոկտեմբերի 17-ին, կեսգիշերին երկրաշարժ է զգացվել Երեւանում, որին ուղեկցել են ուժեղ հարվածներ եւ ստորերկրյա դղրդյուն: Բարեբախտաբար հարվածները տեւական չեն եղել եւ աչքի ընկնող հետեւանքներ չեն ունեցել: 1858թ. երկրաշարժ Երեւանում, վնասվել է Երեւանի բերդում տեղակայված գինու մառանը: 1869թ. դեկտեմբերի 14-ին երեկոյան ստորերկրյա դղրդյունով երկրաշարժ է եղել Երեւանում, տեւել է 6 վայրկյան եւ ունեցել է արեւմուտքից արեւելք ուղղություն: Մի քանի տների պատեր վնասվել են: 1885թ. փետրվարի 26-ին, առավոտյան, Երեւանում երկրաշարժի բավական զգալի ցնցում է եղել: 1888թ. մայիսի 3-ին երկրաշարժ է եղել Երեւանում: Ինչպես նկարագրվել է մամուլում, քաղաքի մի քանի տներում մարդիկ քնած տեղից հանկարծ արթնացել են, անկողինների սաստիկ օրորվելու պատճառով, տների առաստաղներից սվաղը տեղ-տեղ թափվել է, իսկ բնակիչներից ոմանց բաժակները ձեռքերից վայր են ընկել: 1888թ. օգոստոսի վերջին Երեւանից գրվել է. «Գրեթէ 7 ժամից մինչեւ 12-ը գոռալով ու զարհուրելի գոչումով դղրդեցնում էր երկու կողմի բլրակները, շարժում էր հովիտը ու լեառը, այնպէս որ Երեւանի բնակիչները մեծ ահ ու դողի մէջ ընկան: Տեսարանը զարհուրելի էր»: 1890թ. հոկտեմբերի 28-ի գիշերը երկրաշարժ է եղել Երեւանում: 1891թ. մարտի 15-ի գիշերը, երկրաշարժը զգալի է եղել Երեւանի գավառում: 1896թ. սեպտեմբերի 10-ին, ցերեկը, Երեւանում զգացվել են թույլ ցնցումներ:

1899թ. դեկտեմբերի 31-ին Երեւանում զգացվել են գետնի թույլ ալիքաձեւ տատանումներ: Ուղղությունը՝ հյուսիս-արեւմուքից, տեւողությունը՝ 15 վայրկյան: 1909թ. նոյեմբերի 11-ին գիշերը, Երեւանում զգացվել է երկրաշարժ, որի ցնցումը եղել է բավականին զորեղ, որից երկու խարխուլ տուն է քանդվել: 1910թ. հունվարի 12-ին գիշերը Երեւանում զգացվել է բավականին ուժեղ երկրաշարժ, որը տեւել է ամբողջ 15 վայրկյան: Ժամը 5-անց 25 րոպեին նորից կրկնվել է ավելի թույլ եւ տեւել 4 վայրկյան, ժամը 6-անց 1 րոպեին՝ երրորդ անգամ կրկնվել է ավելի թույլ ու տեւել 2 վայրկյան: Ուղղությունը եղել է արեւմուտքից դեպի արեւելք: Ժողովուրդը սարսափած դուրս է թափվել փողոց: Մի քանի տներ քանդվել են, մի քանիսն էլ ճեղքվածքներ են ստացել: Մարդկային զոհեր չկան: 1916թ. նոյեմբերի 1-ին երեկոյան, երկրաշարժի զորեղ տատանումներ են եղել Երեւանի շրջանում: Ժողովուրդը սարսափահար էր: 1930թ. մայիսի 8-ի երեկոյան, Երեւանում զգացվել է երկրաշարժ: 1937թ. հունվարի 7-ին, երեկոյան, Երեւանում, կարճատեւ ընդհատումներով զգացվել են ստորերկրյա չորս ցնցումներ: Առաջին երկու ցնցումները շարունակվել են 12 վայրկյան: Երկրաշարժի կենտրոնը գտնվել է Երեւանում, զոհեր եւ ավերածություններ չկան: Մի քանի տներ ճեղքվածքներ են տվել: 1940թ. մայիսի լույս 8-ի գիշերը, Երեւանի սեյսմիկ կայանն արձանագրել է երկրաշարժ՝ 2 բալ ուժով, որը քաղաքին, ոչ մի վնաս չի պատճառել: Ներկայացնելով Երեւանում երկրաշարժերի համառոտակի տարեգրությունը, նշենք, որ այն ընդամենը տեղի ունեցած աղետների մի մասն է: Եվ այժմ, երբ պարտավոր ենք չարաղետ երկրաշարժերից համակողմանի հետեւության հանգել, շինարարության ընթացքում պետք է ամեն մի դեպք խստագույնս հաշվի առնել, կատարել մանրազնին երկրաբանական հետազոտություններ, հաշվի նստել գիտական եզրակացությունների հետ, կառուցել այնպես, որ վիշտ ու աղետ չդառնա մարդկանց համար:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
11.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել