Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավճիռը, որ մեզ կարող են ներկայացնել, կարող է լինել ցեղասպանությունը՝ ՀՀ տարածքի 2/3-ի անեքսիայով»

Փետրվար 13,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը

-«Արեւմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արեւմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանում է, թե ոչ». սա Նիկոլ Փաշինյանի բացատրությունն է՝ ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման մասին, որը հնչեց նախորդ օրը, խորհրդարանում: Դուք ի՞նչ եք հասկանում այս բացատրությունից, ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը:

– Առնվազն տարակուսանքի եւ մեղմ ասած՝ չհիմնավորված պնդման տպավորություն է թողնում Հայաստանի վարչապետի նշյալ դիտարկումը: Ավելին, նա խոսում է պետական տարածքը արեւմտյան մոնիտորինգի խմբին տրամադրելու մասին, այն պայմաններում, երբ արեւմտյան այդ կոնգլոմերատի հետ ՌԴ-ն առճակատման եւ բացահայտ ռազմական կոնֆլիկտի մեջ է գտնվում Ուկրաինայում: Մյուս կողմից էլ, հարց է առաջանում, իսկ եթե Ադրբեջանի Հանրապետությունն այլ նախապայմաններ եւ պահանջներ առաջարկի, հայկական կողմը, որպեսզի փարատի նրա կասկածները, վախերը, սպառնալիքի մասին պատկերացումները, արդյոք էլ ի՞նչ քայլերի է պատրաստ գնալ ՀՀ վարչապետը, որպեսզի Ադրբեջանում իր գործընկերները գտնվեն հանգիստ, խաղաղ, ինքնավստահ: Առնվազն հասկանալի է, որ նշյալ դիտարկումները որեւէ կապ չունեն իրականության հետ, այստեղ խնդիրն անգամ կապված է ոչ այնքան Հայաստանի եւ Արցախի հետ, այլ տարածաշրջանում, ըստ ՀՀ գործող վարչապետի լեգենդասացության, լեգիտիմ ճանապարհով, օտարերկրյա հետախուզական եւ ռազմական փորձագետների եւ նախկին զինվորականների տեղակայման անհրաժեշտությամբ: Այդ լեգիտիմ հիմնավորումը ՀՀ վարչապետը, որոշակի խնդրահարույց տրամաբանության ներքո, փորձեց գտնել: Ի դեպ, մամուլում արդեն շրջանառվում են վարկածներ, որ ԵՄ առաքելության ղեկավարը լինելու է գերմանացի պաշտոնաթող զինվորական, անձնակազմի մեծ մասը լինելու են ֆրանսիական հետախուզական ծառայության նախկին եւ գործող աշխատակիցներ: Ամրագրենք, որ հետախուզական ծառայություններում նախկին աշխատակիցներ, սովորաբար, չեն լինում: Խումբը համակարգվելու է ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորման եւ քաղաքականության իրականացման ստորաբաժանումների կողմից: Այսպիսով, ունենալու ենք մի իրավիճակ, երբ Հայաստանում՝ ՀՀ գործող վարչապետի անմիջական մասնակցությամբ եւ երաշխավորությամբ, տեղակայվելու է արեւմտյան ռազմական եւ հետախուզական խնդիրներ լուծող քանակակազմ՝ ընդդեմ ՌԴ-ի: Այսինքն, ՀՀ վարչապետը որեւէ խնդիր չի տեսնում՝ Հայաստանը երկու մեծ տերությունների միջեւ մրցակցության հարթակ, ռազմական հարթակ դարձնելու մասով:

-Նիկոլ Փաշինյանը նաեւ հստակեցրել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ համաձայնությամբ, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, մինչդեռ ՀԱՊԿ-ից Հայաստանը ՀՀ սահմանների վերաբերյալ հարցին պատասխան չի ստացել։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է:

– Պրահայում տեղի ունեցած հանդիպումը հիշարժան էր նրանով, որ դեռեւս Ժնեւում հայկական եւ ադրբեջանական կողմերը եկել էին համաձայնության, որ ստորագրելու են խաղաղության համաձայնագրի շրջանակային փաստաթուղթը, հիմնական դրույթներն այդտեղ ճշգրտվել էին եւ թե Երեւանից, թե Բաքվից արձագանք էր եղել, որ ստորագրելու են: Հետագա գործընթացը գնաց խաղաղության պայմանագրի շուրջ նարատիվներ ստեղծելու ուղղությամբ: Նպատակն այն էր, որ խաղաղության պայմանագրի առանձին դրույթների մասով քննարկումներ սկսվեն այն համատեքստում, որ մենք փորձում ենք գնալ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, բայց կան խոչընդոտող գործոններ եւ այս պահին խոչընդոտող գործոն է դիտարկվում ՌԴ-ն:

Իսկ ի՞նչ համաձայնության են եկել Պրահայում, այդ մասին ՀՀ գործող վարչապետը կարծես ոչինչ չասաց, բայց, այո, այդ համաձայնությունն այն էր, որը ներառում էր Արցախն Ադրբեջանի կազմում. կողմերը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանում Ադրբեջանն ունենում էր խորհրդային տարիներին տեղակայված անկլավները: Ուշագրավ է, որ սկզբում խոսվում էր հինգ անկլավի մասին, առնվազն շաբաթներ առաջ, շատ անհասկանալի ձեւով, սկսեցին խոսել ութ անկլավի մասին: Բայց պետք է հիշել, որ դրանք ուղղակի անկլավներ չեն, այլ Հայաստանի հիմնական, զարկերակային, առեւտրաշրջանառության եւ լոգիստիկ աղբյուրների, ճանապարհների վրա գտնվող անկլավներ են: Այսինքն, այդ պայմանագրի ստորագրման գործնական փուլից հետո, Հայաստանը, որպես պետական միավոր, դադարելու է գոյություն ունենալուց եւ հայտնվելու է պատանդի կարգավիճակում՝ բոլոր իմաստներով: Այս գործընթացին էր ուղղված ՌԴ-ից վերջին շրջանում տեղեկատվական արտահոսքերը, որ ՀՀ գործող վարչապետն իր հասարակության հետ պետք է անկեղծ լինի: Այսինքն, այն, ինչ ինքը պայմանավորվում է եվրոպական մայրաքաղաքներում, գա եւ ազնիվ ասի: Ավելին, ռուսները սկսեցին մեղադրել ՀՀ ղեկավարությանը, որ երբ գալիս են բանակցությունների, դիրքորոշում չեն արտահայտում: Որովհետեւ, ակնհայտ է՝ եթե ասեն՝ մենք Արցախից հրաժարվում ենք, այդ ամենը կարող է հանրայնացվել եւ բավական անհարմար իրավիճակ ստեղծել, անգամ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների գործընթաց ստեղծել: Թե Մարիա Զախարովան, թե Սերգեյ Լավրովը մի քանի նման հայտարարություններ արեցին, որ հայկական կողմը չի ֆիքսում, թե ինքն ի՞նչ թեզեր եւ կարմիր գծեր ունի: Հետաքրքիր է, որ այս համատեքստում, ՀՀ վարչապետը մեղադրում է երրորդ երկրին կամ կառույցի՝ ՀՀ սահմանները չֆիքսելու իմաստով: Այսինքն, իր համար, փաստորեն, ՀՀ սահմաններն անորոշության շրջանակներում են եւ ինքը սպասում է եվրոպական կամ ռուսական կողմին, որպեսզի նրանք ֆիքսեն, թե ՀՀ սահմաններն ի՞նչ շրջանակներում են ինքնադրսեւորվում: Ի դեպ, մենք խոսում ենք նույն մարդու մասին, ով Սոչիի հանդիպման ժամանակ ստորագրեց մի հայտարարության տակ, որտեղ նշվում է, որ ՌԴ-ի ներգրավվածությամբ եւ միջնորդությամբ, Ադրբեջանի հետ ստեղծվում է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով, որով ՀՀ սահմաններն ուրրվագծվում են՝ համապատասխան ռուսական արխիվներում գտնվող քարտեզների: Թե ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, չբացահայտվեց: Բայց այս գործընթացի մեջ ռուսական կողմը միշտ փոքրիկ պատուհան է բաց թողնում. ԽՍՀՄ-ը ունեցել է 70-ամյա պատմություն, եղել են տարբեր քարտեզներ՝ տարբեր էթնիկ կազմերի տեղաշարժերի ուրվագծումներով: Այնտեղ հետաքրքիր մի առանձնահատկություն կար՝ կապված Լաչինի միջանցքի հետագա կարգավիճակի հետ, մասնավորաբար, արդյո՞ք ՀՀ-ն ցամաքային կապ էր ունենալու Արցախի հետ՝ Լաչինի միջանցքով եւ ո՞ւմ էր պատկանելու այն. քարտեզներից որոշներում արձանագրումներ կան, որ ցամաքային կապուղին եղել է եւ եղել է հայկական վերահսկողության ներքո: Մյուս կողմից, ռուսները պարբերաբար խոսում են Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի լռության մասին, մինչդեռ, արդեն բացահայտ կերպով Հայաստանը տեւական ժամանակ հրաժարվում է Արցախից: Ավելին, թե ԱԺ նախագահի, թե այլ չինովնիկական դասի օրգանիզմների մակարդակով ասում են, եթե դուք ցանկանում էիք ինքնորոշում, ապա ինքնորոշվեք ու դուք էլ ինքնորոշված կարգավիճակում, խոսեք Ադրբեջանի հետ: Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ն հրաժարվել է Արցախից, իմիտացիոն պատերազմը դրա լեգիտիմացման գործիքն էր: ՀՀ գործող վարչապետի առջեւ, հենց ի սկզբանե, խնդիր էր դրվել՝ ազատվել տարածաշրջանում ռուսական ներկայությունից եւ իրենք այդ պլանի կետերն ու փուլերը՝ քայլ առ քայլ, իրականացնում են:

Այս առումով, տարակուսանքի առիթ է այն, որ հայկական թե փորձագիտական հանրույթը, թե ընդդիմադիր կոչված կոնգլոմերատը կամ նրա առանձին տարրերը դեռեւս ինչ-որ տվայտանքների, անորոշությունների մեջ են եւ փորձում են հասկանալ՝ արդյոք, սա դավաճա՞ն է, շահերի սաբոտաժո՞վ է զբաղված, թե ուղղակի շարքային անգետ է: Ակնհայտ է, որ պլանավորումը եւ հետեւողական քայլերը բնորոշ չեն անգետի գործելաոճին եւ այն ամենն, ինչ-որ արվում է, մանիպուլյացիայի բարձր որակ եւ պատրաստվածություն է ենթադրում, հետեւաբար, մենք ունենք բավական բարդ իրավիճակ, երբ որ հայկական քաղաքական դաշտում, մեծ հաշվով, չկան ինչ-որ իրական սուբյեկտներ, ովքեր հանձնառություն են վերցնում այս ազատ անկման օրակարգին դիմագրավելու գործընթացում սուբյեկտ դառնալը: Մեծ հաշվով, պետականազրկման մեր գործընթացը, փաստացի, գնում է ինքնահոսի:

– Բանակցային գործընթացին լավ ծանոթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀՀ-ն բռնազավթել էր 7 շրջանները: Բանակցային գործընթացի ողջ ընթացքում ՀՀ-ին նման մեղադրանք երբեք եւ ոչ մի կողմը չէր ներկայացրել. ինչո՞ւ դա եղավ հիմա եւ հնչեց ՌԴ-ից: Եթե նկատի ունենանք նաեւ ՌԴ ԱԳՆ-ի բավական կոշտ, նույնիսկ ոչ դիվանագիտական լեքսիկոնը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ, ո՞ւր է տանում այս ճանապարհը:

– ՀՀ որեւէ նախագահ՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որն առհասարակ ասում էր՝ Արցախն էլ պետք է հանձնել Ադրբեջանին, վերջացրած Ռոբերտ Քոչարյանով եւ Սերժ Սարգսյանով, իրենց բանակցային օրակարգում Արցախի շուրջ ազատագրված տարածքները երբեք չեն դիտարկել որպես հետագայում անկախացած կամ անկախանալու գործընթացի մեջ գտնվող Արցախի տարածքային ամբողջականության մաս: Ավելին, դեռ ռազմական գործողությունների ժամանակ, այդ տարածքները ազատագրվում էին, որպեսզի քաղաքական բանակցությունների եւ առեւտրի ժամանակ հայկական կողմն ունենար որոշակի գործիքներ, գործոններ եւ մեխանիզմներ՝ դիմագրավելու Ադրբեջանի նավթա-էներգետիկ դիվանագիտական գործիքներին: Որը, փաստացիորեն, այն ժամանակ աշխատում էր, քանի որ հիմնական կոնցեպտը՝ տարածքներ անկախության դիմացն էր. թե Մադրիդյան սկզբունքներում, թե մնացած բոլոր առաջարկներում, տարածքների վերադարձի, հանրաքվեի, կարգավիճակի ընտրության, անվտանգության մեխանիզմների տեղակայման գործիքները համապարփակ փաթեթով ներկայացված են եղել: Հակառուսականության այն մաստեր-կլասը, որն իրականացվում է արեւմտյան գործակալական ցանցի, Հայաստանի գործող իշխանությունների, այդ թվում նաեւ մանիպուլյացիայի ենթարկված հանրային տարբեր շրջանակների կողմից, Լավրովի այսպիսի պարզ, ակնհայտ, բավական հայտնի եւ ոչ մի բացահայտում չենթադրող ձեւակերպումն, իհարկե, այսպիսի ալիք պետք է առաջացներ: Մեծ հաշվով, Լավրովն ասաց այն, ինչը որ կար բանակցային օրակարգում՝ առանց դիվանագիտական ձեւակերպումների: Այստեղ խնդիրն, իհարկե, ոչ թե այն էր, որ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, հիմնականում պետք էր ոչ թե կենտրոնանալ այդ ձեւակերպման վրա, ի դեպ, Հայաստանը երբեւէ չի էլ հրաժարվել այդ տարածքները վերադարձնելու թեզից, ՀՀ տարբեր նախագահների ելույթներն ու հարցազրույցները կարող ենք դիտարկել՝ թեզը կա, այն ժամանակ էլ շատ էմոցիոնալ էր ընկալվում, այլ այն թեզի վրա պետք է կենտրոնանալ, որ իր հարցազրույցում Լավրովը ԼՂԻՄ տարածքը չէր դիտարկում նշյալ համատեքստում եւ Արցախի կարգավիճակի, այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցադրումները տարանջատում էր այն ամենից, ինչի շուրջ հայ հանրույթը՝ հակառուսականության այս բուծվող ալիքի ներքո, բավական սուր արձագանք տվեց:

Մենք վերջապես պետք է կարողանանք կարեւորն անկարեւորից տարբերակել եւ հասկանանք, թե դիվանագետն իր տեքստում ինչ ասեց, ինչո՞ւ ասեց եւ ի՞նչ չասեց, առհասարակ: Ի՞նչ չասեցը ամենակարեւորն էր տվյալ պարագայում, որովհետեւ ինքը տարանջատում էր Արցախը մնացած տարածքներից ու իզուր չէր Ադրբեջանի արձագանքը՝ Լավրովի հարցազրույցի մասով, որովհետեւ նրանք հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Մյուս կողմից էլ, հակառուսականությունը Հայաստանում էականորեն շահեկան է Ադրբեջանին եւ ես բազմաթիվ անգամներ այդ մասին ասել եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության բարձրագույն օղակներն իրենց գործողությունները ճշգրտում եւ կոորդինացնում են միմյանց հետ: Անգամ հրապարակային վիրավորանքները, ցինիզմը, սարկազմը, նույնիսկ սահմանին կրակահերթերը, ամբողջապես եւ լիարժեք ճշգրտված եւ կոորդինացված գործիքակազմ են ենթադրում: Եթե մոնիտորինգի ենթարկենք թե մինչեւ 44-օրյա պատերազմը՝ 2018-2020 թվականը, թե պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները եւ փորձենք կողմերի դիտարկումներում առկա կարմիր գծերը ֆիքսել, մի քանի կարեւորագույն արձանագրումներ կանենք ու ըստ իս, ամենակարեւորն այն է, որ Բաքուն եւ Երեւանը նույն խաղի տարբեր օղակներն են, իսկ այդ խաղն ունի քաղաքական քավորների որոշակի համախումբ, որոնցից մեկը տարածաշրջանային տերություն Անկարան է, մյուսները՝ եվրոպական որոշ պետություններ, ի դեմս հավաքական Արեւմուտքի ու խնդիրը ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հետ է կապված ուղղակիորեն, այլ ունի տարածաշրջանային բնույթ եւ մեծ հաշվով, աշխարհաքաղաքական խնդրի տեղային դրսեւորում է, որի նպատակը՝ տարածաշրջանից ՌԴ-ին ամեն գնով, այդ թվում նաեւ ինչ-որ պետությունների տարածքային փոփոխության, ցեղասպանության, պատերազմների գնով դուրս մղելը: Դա շատ լավ հասկանում են Կրեմլում, դա շատ լավ հասկանում են Վաշինգտոնում, ձեւեր են թափում, դերասանություն են անում, թե իբրեւ չեն հասկանում՝ Երեւանում, դա շատ լավ հասկանում են Բաքվում ու Անկարայում:

– Մոտ ապագայի կտրվածքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր՝ թե արտաքին, թե ներքաղաքական համատեքստում:

– ՀՀ վարչապետի՝ ԵՄ դիտորդների հետ կապված ԱԺ-ում արած վերջին հայտարարության արդյունքում, կարելի է ասել՝ էականորեն կփոխվի ռուսական քաղաքականությունը: Այն արդեն փոխվել է. ականատես կլինենք ոչ միայն ռուսական քաղաքականության կոշտացմանը, այլեւ կտեսնենք քաոտիկ գործընթացներ: Վատագույն սցենարների շարքում կարող ենք ֆիքսել՝ ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների էսկալացիա՝ ամենատարբեր հարթակներում, ՀՀ-ում ներքաղաքական անկայունության ամենատարբեր դրսեւորումներ: Եթե ռազմական կարմիր գիծը հատվի, մենք կունենանք տարածաշրջանային մեծ պատերազմ, որտեղ ներգրավված կլինեն Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը: Ցավոք, այդ գործողությունների ռազմադաշտը լինելու է ՀՀ-ն, առնվազն ՀՀ-ի հարավային հատվածը՝ Նախիջեւանից մինչեւ Արցախի հարավային տարածքներ:

Թե Հայաստանն այդ ամենից ինչո՞վ դուրս կգա, կարծում եմ՝ խիստ մտահոգիչ վիճակով: Ավելին, ՀՀ քարտեզը միգուցե անդառնալիորեն կարող է փոխվել, որովհետեւ, ադրբեջանա-թուրքական խորքային պետության ճարտարապետներն, այնուամենայնիվ, ունեն իրենց մտքում Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղտնի հավելվածը, որտեղ Հայաստանը գտնվում էր Սեւանա լճի, Էջմիածնի եւ Երեւանի միջեւ ընկած հատվածում, իսկ մնացած տարածքները գտնվում էին թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, Հայաստանը չպետք է ունենար սեփական ԶՈՒ-ը, պետք է թուրքական ռազմական ուժերը տեղակայված լինեին: Փաստացի, մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը արտաքին քաղաքական կողմնորոշում է փոխում՝ հենց այս պահի դրությամբ եւ փորձ է անելու ռուսական ներգրավվածությունը փոխել այլ ներգրավվածությամբ. չկա որեւէ այլ գործունակ ներգրավվածություն, քան տարածաշրջանայինն է, իսկ տարածաշրջանայինը թուրքականն է: Միաժամանակ, գործընթացները բավական արագ են ընթանում եւ պետք է հասկանալ մի բան, որ թե ՌԴ-ն, թե Իրանը դիտորդի կարգավիճակով չեն սահմանափակվի. որեւէ մեկին չթվա, թե տարածաշրջանում ռուսական ներգրավվածությունը շատ հեշտությամբ եւ շատ արագ հնարավոր կլինի փոխել, այդ հարցում ես առնվազն թերահավատ եմ:

Կարեւոր է հասկանալ, որ մեր պետությունը պահելու մասով մեր ջանքերն առնվազն այս պահին անբավարար են, մենք ոչինչ չենք անում. փորձում ենք փնտրել հովանավորներ, տերեր, աջակիցներ, բայց հայկական շահի տեսանկյունից, այդ թվում նաեւ ընդդիմադիր ուժերը, որեւէ կիրառական, առարկայական, գործնական քայլեր չեն ձեռնարկում՝ սպասելով, թե ո՞վ է մեր դատավճիռը կայացնելու: Ավելին, գերտերությունները դիտարկելով մեզ, հասկանում են, որ մենք մեր դատապարտվածի հոգեբանությամբ պետություն ենք դարձել ու սպասում ենք, թե ո՞վ իր մասով, իր շահերը կսպասարկի՝ ի հաշիվ մեր շահերի եւ ինչպիսի՞ հեռանկար կմատուցեն մեզ, որի հետ, փաստացի, հայկական քաղաքական էլիտան, նաեւ ընդդիմադիր էլիտան, միգուցե նաեւ սոցիալական շրջանակները փորձելու են համակերպվել: Այն դատավճիռը, որ մեզ կարող են ներկայացնել, կարող է լինել ցեղասպանությունը՝ ՀՀ տարածքի 2/3-ի անեքսիայով: Հետեւաբար, ուղղակի սթափ բանականությունը պետք է գործարկել, հասկանալ, որ պետությունը դա քարտեզի վրա գույն չէ, այլ հող է, քար է եւ այն ունենալու, այնտեղ կենսագործունեություն ծավալելու համար պետք է քայլեր ձեռնարկել՝ ընդ որում, շատ խիստ եւ շատ սկզբունքային:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728