Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան գենետիկ մեղվաբուծությունից մինչեւ կանաչ գաղափարախոսություն

Փետրվար 12,2023 21:33

ԵՄ EU-GAIA ծրագրի շրջանակում Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում կազմակերպված «Կանաչ հանգստյան օրեր» խորագրով միջոցառման շրջանակում ՀՀ մարզերից եւ Արցախից Երեւան ժամանած ֆերմերները ներկայացրին իրենց կանաչ կամ օրգանական արտադրանքը՝ ընդեղեն, մեղր, խոտաբույսեր, բանջարեղեն: Միջոցառման ուղերձն այն էր, որ առանց թունաքիմիկատների ու հավելումների աճեցված ու պատրաստված մթերքն օգտակար է։

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հաթերք գյուղից Մարիա Միրզախանյանը, որ ներկայացնում էր Haterk Food ընկերությունը, նշեց, որ զբաղվում են մեղրի ու մեղվամթերքների արտադրությամբ եւ ունեն 11 տեսակի մեղր՝ համային տարբերություններով: «Ունենք վայրի մեղր, որ  անտառի տարածքի փչակներից ենք հանում, ու այս պարագայում, բնականաբար, մարդկային գործոնը բացակայում է: Վայրի մեղրը ամենադժվար գտնվող մեղրերից է համարվում»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ ի թիվս այլ տեսակների, ունեն անտառային մեղրեր՝ լորենի, թխկի, հատուկ ծաղիկներից ստացված մեղր, օրգանիկ սերտիֆիկացված մեղր, ընդեղենով մեղր, ձագի, լեռնային, տափաստանային եւ այլն:

«Վերջին չորս ամսվա ընթացքում 4 միջազգային մրցանակ է ստացել մեր ընկերությունը Լոնդոնում՝ Ոսկե մրցանակ դիզայնի համար, Դուբայում՝ «Որակի նշան Աշխարհ-2022» միջազգային սերտիֆիկատ, Սլովակիայում՝ «Որակի նշան Ոսկե մրցանակ», ընդ որում հայկական մեղրը այս պարագայում չափանիշներով գերազանցել է աշխարհում լավագույնը համարվող «Մանուկա» մեղրին: Վերջին մրցանակն էլ երկու օր առաջ ենք ստացել՝ «Արծաթե մրցանակ՝ դիզայնի համար»:

Մարիա Միրզախանյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ են ներկայացվում «Կանաչ հանգստյան օրեր»-ի շրջանակում:  Նա ներկայացրեց նաեւ իրենց ծաղկափոշին, որը օգտակար է շաքարային դիաբետի  եւ մի շարք այլ հիվանդությունների  բուժման, իմունիտետի բարձրացման համար, որովհետեւ պարունակում է գրեթե բոլոր վիտամինները:

Նրանից տեղեկացանք, որ մեղվաբուծությունն իրենց սերնդից սերունդ է փոխանցվել, մեղվաբույծներ են եղել պապիկը, պապիկի պապիկը, ու բոլորն ապրել են Արցախում՝ Հաթերքում: «Մենք մանկուց մեղուների մեջ ենք մեծացել, գյուղում բոլորը մեզ ճանաչում էին, գնում էին մեր մեղրը: Մենք էլ մտածում էինք՝ ինչու մեր մեղրը հասանելի չլինի նաեւ Երեւանում: Որոշեցինք բրենդավորել: Վերջերս էլ վերաբրենդավորեցինք Backbone Branding ընկերության միջոցով: Այժմ պատրաստվում ենք նաեւ արտահանել, Դուբայում եւ Քաթարում արդեն մեծ հետաքրքրություն կա: Երեք միջազգային ցուցահանդեսի ենք մասնակցել, շուտով պատրաստվում ենք արտահանել: Մեկ ամսից կրկին Քաթար ենք գնալու՝ մեր արտադրանքն այնտեղ ներկայացնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նաիրի Գալստյանը «Կանաչ հանգստյան օրերի» շրջանակում ներկայացնում էր ALPIA օրգանական մեղրերը: Նա ասաց, որ ունեն նաեւ դեղաբույսային մեղրեր, ամեն ինչ սերտիֆիկացված է ՝ եւ արտադրությունը, եւ մեղվապահությունը: Նաիրի Գալստյանից տեղեկացանք, որ ունեն 10 տեսակի բարձր կարգի մեղր: «Աշխարհը գնում է դեպի կանաչ սննդամթերք, օրգանական մթերքները մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում, տեղական շուկայում եւս արդեն հետաքրքրություն կա»,-ընդգծեց նա:

Բազմաթիվ դասընթացների մասնակցած Գայանե Ազատյանը Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանից էր, նա էլ ներկայացնում էր «Լոռի ֆարմ» ընկերությունը, որը  աճեցնում է բարձրարժեք մշակաբույսեր օրգանական եղանակով։ Տաղավարում ներկայացված մթերքից նա առանձնացրեց Հայաստանում քիչ հայտնի գանգրակաղամբը, որն անչափ օգտակար է։

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թ.  եւ նպատակ ունի Հայաստանում զարգացնելու նորարար, ներառական եւ կայուն, օրգանական գյուղատնտեսությունը։ Նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նաեւ հավելեց, որ մի շարք կրթական ծրագրեր են իրականացնում սպառողների շրջանում՝ սովորեցնելով գնումներ կատարելիս անպայման նայել պիտակներին ու ընտրել օգտակարը։ Շեշտեց, որ զանազան ծրագրի միջոցով ֆերմերներին ցուցաբերվող աջակցությունը սկսվում է սարքավորումներ տրամադրելուց մինչեւ կարողությունների զարգացում՝ խորհրդատվություն ու թրեյնինգներ։

«Եթե գյուղատնտեսությունը նախկինում ընկալվում էր որպես տանջալից մասնագիտություն, ապա այժմ այդպես չէ: Կան բազմաթիվ նորամուծություններ, որոնք հնարավոր է կիրառել գյուղատնտեսության մեջ՝ ավելի քիչ աշխատուժ կիրառելով եւ ավելի քիչ սպառելով հողը, ջուրը, օդը՝ միաժամանակ ստանալով եկամուտներ եւ առողջարար սնունդ:  Բոլորը գիտեն, որ թունաքիմիկատները եւ հողն են վնասում, դեգրադացնում ու թունավորում, եւ այդ ամենը գնում է մեր օրգանիզմ, դրա համար այսօր կանաչը զուտ գույն չէ, այլ կենսակերպ է, գաղափարախոսություն: Մեր արշավի ընթացքում փորձում ենք սպառողներին եւս կրթել»,-ասաց Էմմա Պետրոսյանը:

Դժվարությունների մասին խոսելիս՝ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչը նշեց, որ գյուղատնտեսությունը փոփոխական ոլորտ է, կան բնական երեւույթներ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ,  որոնք կարող են խանգարել՝ սկսած երաշտից, վերջացրած  շուկայում արտադրանքի վաճառքով, օրենսդրական դաշտի խնդիրներով: Նրա ձեւակերպմամբ, պետք է սպառողներին հասկացնել, թե ինչ է կանաչը, ֆերմերից պահանջել, որ բացատրի՝ արդյոք օգտագործվել են թունաքիմիկատներ, եթե այո, ապա՝ ինչպիսի, աղտոտվե՞լ է օդը, ստորջրյա ջրերը եւ այլն:

Նա նկատեց, որ կանաչ եւ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող շատ ֆերմերներ խնդիրներ ունեն իրենց արտադրանքն արտասահմանյան շուկա արտահանելու հարցում։ Ու այն արտադրողները, որոնք արտահանման ներուժ ունեն, իրենց աջակցությամբ պարբերաբար մասնակցում են «դրսում» կազմակերպվող ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նման ցուցահանդեսների մասնակցել են Գերմանիայում, Արաբական Էմիրություններում։ Այս տարի նույնպես կկազմակերպվեն B2B ձեւաչափով հանդիպումներ Հայաստանից դուրս՝ ներկայացնելով հայկական օրգանական արտադրանքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728