Որքան էլ դաշտ ու հանդում թռչկոտում էի թիթեռավարի, էլի վազում էի տուն։ Ադես քննախույզ հայացքով, բայց ներսում պահած սիրով ու գորովանքով նայում էր ինձ ։
-Ա՛յ բալա ջան,դու մորըդ հեդ դաշտ գնացիր՝ սինձ քաղելու. ընչի՞ ըսման շուդ տուն էգար։ Մերըդ ո՞ւրա։
-Մամաս մնաց դաշտը, ընձի Կարո ձաձան բերեց։
-Չոբան Կարո՞ն։
Կարդացեք նաև
-Հա,բա էլ ո՞վ։ Ադեիս աչքից չվրիպեց, որ կաղում էի։
-Վա՛յ,քոռնամ ես,էս ընչի՞ կքեփըլդաս, ի՞նչ է էղե:
-Ադե՛ ջան,Կարո ձաձայի իշու վրից ընգա ցած։
– Ի՞նչըղ թե. դու ընդուր իշու հետ ի՞նչ հաշիվ ունեիր։ Ու՞րդեղ էր անտեր էշը։ Լավ օր ոդ ու ձեռըդ չես ջարդե։ Ըբը էդ դինջ մերըդ ու՞րդեղ էր։ Քելե՛, ոդներդ տաք ջուր դմեմ,մեջքդ բրդե շալը կաբեմ,հարի հերըդ տուն գա։ Հըլը թող էդ Կարոն իրգունը սովխոզի նախիրը բերե, կերտամ, խայդառակ կենեմ։ Քյորփա էրեխին կնստցնե՞ն իշու վրա։ Աշես խուրջինը վրե՞ն է էղե, թե՞ չէ։ Էշն էլ էշ էղնի. էնքան է վենձըցե, օր քյաչըլցել է։ Վրեն դարդակ կաշին է։ Հըլը էդ իշուն տես է՛. գիդե, թե անդեր էրեխա է։ էդ էշը վայթեմ ընձեն վենձ է։ Մէ օրըմ ըսի. «Կարո՛,էդ էշըդ էրգու քուռագ ուներ,շուդունց չեմ տեսե,խո չե՞ս ծախե»։ Կըսե. «Ա՛յ Եղսո մամ ,գիշերը եզդիքն էգե էրգու քուռագին էլ գողցել էին,ըդման էլ չկըրցա գդնեի: Ըսի «Ա՛յ տղա , էշ է՞ս. գսյիր Սիմոնիս ըսեիր,թերթին գրել կուդար,որբես անհայտ կորաձ քուռագներ, միլիծեկը գընգնեին գեղերը,բալքի գդնեին»։ Կըսե. «Չիդեմ,չֆայմա»։ Է, խո ֆայմը ամեն մարդու հըմար չէ։
Ես արդեն լավ էի, բայց ադես դեռ անիծում էր էդ խեղճ ավանակին։ Օրը մթնում էր. գոգնոցը հանեց ու ինձ՝ որպես տուժածի, հետևից քարշ տալով՝ տարավ Կարոյենց տուն։ Ինչքան փորձեցի ետ պահել, չստացվեց։
-Լուսի՛կ ,մարդըդ տու՞նն է,հըլը դուս կանչէ։
– Չէ՛ ,Եղսո՛ մամ,տարավ իշուն ջրելու։ Ես հազիվ էի ծիծաղս զսպում. լավ գիտեի թե սցենարը ինչպիսին էր լինելու։
-էլի էշուց կըխոսա։ Ախչի՛,էդ իշուց սավայ դուք ուրիշ մդածմունք ունի՞ք։ Մեկ էլ Կարոն հայտնվեց. -Բարի իրգու՛ն ,Եղսո՛ մամ։
-Ա՛յ տղա, դու ի՞նչ երեսով ընձի բարի իրգուն կըսես։ էրեխես չոլխալով էգավ տուն,մեջքը կըծկըրդաձ։ Քեզի ո՞վ էր ըսե, օր իրա խելքին ընգնիս ու նստըցընես էդ քու պառվըցած, քյաֆթսռ իշուն։ Դու չիդեի՞ր, օր քու էշը մըզդիկ կուդա։ Գուզեիր էրեխիս գլուխն ուդեի՞ր։ էն օրը Սիմոնըս քեզի մեռնելուց փրգեց. եսիմ ինչ էիր կերե,շանջուից կմեռնեիր. թե՞ մոռացել ես։ Էրեխիս օր նըստըցրիր, էն հազար գույնանի Նոյի թըվի փալանը իշուդ վրա՞ էր։ Գիդես չիդե՞մ՝ ընչի՞ ես ըդման վենձ փալան կարե։ Կըսեն սաղ մեղվապայների փետագների կողքի պիսոկը գողցար քու իշու փալանով։ Օրը իրեք անգամ էշդ կերթար ու գուկար։ Ձեր տան ճամպեն էլ լավ գիդե. հարուր տարվա էշ է։
Խեղճ չոբան Կարոն ոչ մի բառով չկարողացավ արդարանալ։ Հոգնած,սոված կանգնել էր ու լսում էր Եղսոյին։ Ես անհարմար վիճակում էի։ Այդ պահին խղճում էիԿարոյին։ Ադեիս ձեռքից բռնեցի և խնդրեցի, որ գնանք տուն։ Նա մեկ անգամ էլ վերից վար նայեց նախրչուն, և մենք բռնեցինք վերադարձի ճամփան։ Հայրս ու մայրս թեյ էին խմում։
-Ընչի՞ չէ, դուք ձեզի հըմար ձեր չայը խմեք,Եղսոն էլ էրթա խալխի վրա կռիվ։ -Ադե՛ ջան,արի նստի՛ր ,քո սիրած հալվայից եմ առել,-ասաց հայրս։
-Ա՛յ հարս,չայը լի՛ց,հալվես էլ դիր դեմըս։Հեչ խելք չունիմ. տո էշն էլ սատկի, իշատերն էլ։ Ընչի՞ ամեն տեղ ես կեղնիմ վադամարդ։
Հայրս արդեն ամեն ինչ գիտեր. նայեց ինձ, մատը վրաս թափահարեց ու խոսակցությունը փակեց։ Մի քանի ժամանակ հետո իմ ադեին նորից գցեցի կրակը։ Մեր հարևան Եպրաքսի մամը՝ Տիգրան պապի կինը, զայրացած եկավ մեր տուն։ Մայրս, գլուխը կախած, մեքենայով կար էր անում. եղբորս նոր վերնաշապիկի թևերն էր կարճացնում։
-Բարի օ՛ր,Արևհա՛տ ջան։ Քու պես ըսման խելոք աստձու գառ մորից ի՞նչըղ է ըսման անզավթելի էրեխա ծնվել։
Այդ պահին ադես հայտնվեց դռների արանքում։ Լսել էր Եպրաքսի մամի բարձր ձայնը։ Չնայած նրա գովքը մորս հասցեին հավանաբար այնքան էլ ադեիս սրտով չէր,բայց իրեն չկորցրեց։
-Ի՞նչ է էղե, Եբրաքսի՛ ջան,էդ ու՞մ հետ ես. ձեր տնեցոնցից պրձար ,անցար մեզի՞ . ի՞նչ լավ ու վատ կենես։
-Ա՛յ Եղսո ջան ,թող հըլը խոսքս պրձնիմ, նոր բերանս փագել տուր։ Երեգ մեր դռնով անցնելուց էդ քու պզդիկ թոռը Տիգրան պաբին ըսել է՝ Ադես կըսե, օր դու Անդրանիգի զինվորը չես եղե։ Հմի Տիգրանը կադղե կայնել է, ձեռի կոբալը թափ կուդա, կըսե. «Թուրս բերե՛ք,բըդի էրթամ Եղսոյին սըբանեմ»: Լավ օր աչքերը չի տեսնի,թե չէ հըմի հոս էր։ Խեղճ ադես գույնը գցեց, իրենից անկախ ձեռքերը մի քանի անգամ արխալուղի գրպանները մտցրեց ու հանեց,հետո շուռ եկավ ,նայեց ինձ հանդիմանական հայացքով։
-Աղչի՛, բեմուրա՛զ, ըդման բան ե՞ս ըսէ։ Գուզե գա ընձի սըբանե յանիմ թե Անդրանիգի նվիրաձ թրով։ Աստվաձ տվե, չի խնայե։ Ուրեմն օր աչքի լուս ունենար, Սիմոնի մերը հըմի գեդնին փռվաձ է՞ր։
Եպրաքսին, ադեիս լավ իմանալով, ասաց.
-Եղսո՛ ջան,արի էրթանք մեր տուն,քիչըմ հեդը խոսա,թող սսկվի։ Ադես մի պահ լռեց,խորը շունչ քաշեց և մարտական ընդունեց հրավերը։
-Քելե՛ Եբրաքսի՛ ջան. հարևան մարդ ենք,խո բըդի թշնամություն չենե՞նք։ Կայնի՛, Սիմոնս սիմուշկի կդերով հալվա է բերե. գիդեմ, օր Տիգրան եխպարը կսիրե. բալիմ ուդե խախընդի։ Դու մինագ ընձի ըսա,թուրը քո՞վն է ,թե՞ չէ։ Պահի լրջությունը զգալով ` ասացի. -Ադե՛ ջան,կասես. որ կատակ եմ արել։
-Ա՛յ անամոթ,իմ անվան հետ կխաղա՞ս,պադիվս ջըրին կուդա՞ս։ Տասը էրեխա եմ բերե, ըսման բան չեմ տեսե։ Եբրաքսի՛ ջան , օրըմ առաջ էլ՝ իշուց էր ընգե,գնացել էի Կարոյի վրա կռիվ։ Վայթե էս աղջիկը մուռը կհանե, օր իրա ծնվաձ օրը ըդքան լացել եմ ու ըսել եմ՝ օր աղջիկ էր, ջայնամ ծնվեր։ Կըսեի՝ Սիմոնս իրեք աղջիկ ունի. էսի ընչի՞ ծնվավ։ Ըդքանին օժիտ տալ կեղնի՞։ Գիտեի, թե տղա բըդի էղնի,ուրխըցել էի, էն էլ ինչ տեսնիմ՝ մէ կլոր երեսներով, սև մազերով,օր հուսեիր,կհուսվեր, հաստ ոդ ու ձեռով,կարճլիկ, ընձի պես աղջիկ ծնվավ։ Օր տեսա՝ աղջիկ է, մոլըրա. մէ կերպըմ լողցըրի,փաթթի դրի մոր կողքը։ Ես գուլամ, Սիմոնըս կխնդա։Կըսեմ. « Բալա՛ ջան,լավ -վադ արդեն ծնվել է։ Օր ծնվե ծնվել է. արի անունը դնենք Հերիք, այսինքն` հերիք է»։ Սիմոնս կըսե. «Ադե՛ ջան, ըսիգ իմ վերջի ծաղիգն է,ըսիգ կեղնի մեր տան պըզդի ուրախությունը,ես բըդի դնեմ իմ սիրած անունը»։ Ըդման էլ անունը դրինք Նեկտար։ Առաջի օրից էլ սաղ ըստուր ընձի կնմանցնեն,կըսեն՝ ինչըղ օր Եղսոի պնչից թռած էղնի։
-Ադե՛ ջան, ես գիդեմ էդ պատմությունը. մոռացա՞ր,օր Տիգրան պաբը քեզի կսպասէ։ Ադես շրջվեց դեպի ինձ. -Քելե՛, ընգի առա՛ջ, ես մինագ էրթողը չեմ։
-Եբրաքսի՛,դու գործ չունիս։Ես Տիգրան եղպարի հետ ինչըղ օր պետք է, կխոսամ։ Անկեղծ ասած` երկու ջրհեղեղի արանքում էի։ Հնազանդվեցի։
Ադես խորը շունչ քաշեց.
-Բարի օ՛ր, Տիգրա՛ն եղպար. Եղսոն է։ Թող առաջ ե՛ս խոսամ. էդ հարուր տարվա կոբալդ էլ մէ յան դիր։ Քանի օր է՝ գուզեմ գամ, քեզի տեսնիմ,չեմ կրնա։ Սիմոնս կըսե. «Ադե՛ ջան ,գնա՛, Տիգրանի հալ ու քեֆը հարցրա. թե տեղ կցավա, դեղ տամ տար,խո օդար չէ՞, համ էլ հայրենիքի զինվոր է էղե, էն էլ ու՞մ՝ Անդրանիգի։
Զորավարի անունը լսելիս Տիգրան պապը ժպտաց: Ադես տեսավ, որ Տիգրան պապի կատաղությունը անցել է, սկսեց՝ առանց կանգ առնելու։
-Եբրաքսին կըսե՝ գուզես ընձի սըբանես։ Հըլը ըսա տեսնիմ՝ ի՞նչ վադություն եմ քեզի էրե ըսքան տարի։ Դուռ դռան վրա աբրել ենք,իրար հետ լացել ու խնդացել ենք, իրար հետ մե թիքեմ հաց ենք կիսե։ Գիդես մոռացե՞լ եմ՝ Գուրգենիս սև թուղթն օր էգավ,մեր հեդ հավասար սիրդդ կմղգդար։ Գուկայիր Գիրքորի հետ խոդի դեզը կդնեիր։ Ա՛յ տղա,կհիշե՞ս՝ քանի անգամ Սիմոնիս բժշկական անարադ սպիրտը տվել եմ ,օր խմես։ Ըդման վենձ գրադուսով խմիչքը ախպերն ախպորը չէր տա, բայց ես Սիմոնիցս գողդունց քեզի կխմցնեի։
-Եղսո՛, էդ սպիրտից բաժագըմ էղներ, մըգա ըմբես կխմեի։
-Քա Տիգրա՛ն, էլ ու՞րա ըդման սպիրտ. համ էլ Սիմոնս բալոնը տարավ բուժարան, կըսե. «Ադե՛, հերի՛ք էղավ գեղացոնց խմցընես»։ Կըսեմ «Սիմո՛ն ջան ,օր կուգան գուզեն, ի՞նչըղ բաժագըմ չտամ: Համ էլ մե բաժակ անարատ սպիրտը կդարձնեմ իրեք բաժակ։ էդ ի՞նչ է. ցողջուր։ Բայց քեզի թունդ կուդայի. քանի անգամ է Եբրաքսին էգե վրես կռիվ,կըսե՝ կխմե,կխելըռի։ Ես էլ կըսեմ՝ Անդրանիգի զինվորը բաժագըմ ըսպիրտից ընչի՞ բըդի խելըռի»։
Որպեսզի ադեիս կարողանամ կանգնեցնել, ասացի.
-Տիգրա՛ն պապ, ընձի կներեք, էլ էդպիսի բան չեմ անի։ Բայց նա իր աշխարհում էր. անգամ չլսեց ինձ:
-Եղսո՛,մըգա ընձի ըսա՛, Անդրանիկ դո՞րա։
-Տիգրա՛ն եղպար, Անդրանիգը դուռը կայնաձ է, քու ճամփին կաշե։
Մի ակնթարթում Տիգրան պապը վեր բարձրացավ առանց հենակի, ձեռքը բարձրացրեց վերև և կոկորդով մեկ սկսեց բղավել։
-Անդրանի՛կ փաշա,ձենի՛դ ղուրբան,Տիգրան քու կողքն ի, Տիգրան քու զինվորն ի,մշեցի Տիգրան իր հայրենիքի զինվորն ի։ Իմ գլուխ քու ոդներու տագ ի։ Ու՞ր է իմ ճերմակ ձի,ու՞ր է իմ թուր, բերե՜ք։ Առա՜ջ, քա՛ջ զինվոր, Անդրանիկի՛ զինվոր։
Ես և իմ ադեն լուռ նայում էինք նրան. Տիգրան պապի կուրացած աչքերից արցունքները հոսում էին։ Մենք անձայն դուրս եկանք՝ հուզված այդ ցնցող տեսարանից։
-Ա՛յ բալա, էդ ի՞նչ էղավ. ես մոլըրա։ Ճիշտ է, հիմիգվա բաները ինքը չի հասկընա, բայց իրա անցածի գույները չեն կրնա խանգըռին։ էդ գույները անուն ունին, հոգու հետ մինակ դուս կուգան։
-Ադե՛,գիտե՞ս ինչ. Տիգրան պապին ես արդեն կհավատամ։ Ինքը Անդրանիկի զինվորն է եղել։
-Ես էլ կհավադամ,բալա՛ ջան։ Շուտ -շուտ քելե, հազար գործ ունինք։ Աստձու աղոթքը վրե՛դ էղնի, Տիգրա՛ն։ Քու հիմիկվա աշխարհը մինակ քեզի է այան,հեչ մեգը ըդեղ տեղ չունի. դու ես ու քու ձիավորները։
Ողջ ճանապարհին տեղս չէի գտնում։ Հուզված էի։ Երբեք չեմ մոտանա Տիգրան պապի մարտնչող կերպարը։ Չնայած նա արդեն կույր էր, բայց արիությունը, հայրենապաշտությունը միշտ արթուն լույս էին նրա ներսում: Մաքառման ոգին ապրել գիտե ու երբեք չի ծերանում։
Նեկտար ՍԻՄՈՆԻ