Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագ եւ Հոգեհանգստյան կարգ Հարություն Շմավոնյանի հոգու խաղաղության համար

Փետրվար 12,2023 10:37

Օրերս Չեննաիի (Մադրասի) Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն՝ հայկական առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր եւ խմբագիր Տ․ Հարություն քահանա Շմավոնյանի հոգու խաղաղության համար։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հնդկաստանում ապրող Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի համակարգող Աշխեն Խաչատրյանը, որը ներկա է եղել արարողությանը:

«Հարություն քահանա Շմավոնյանը եկել է Մադրաս 1784 թվականին՝ որպես հոգևոր առաջնորդ այդ ժամանակվա հզոր հայկական համայնք, որն ամբողջապես ներառված էր առևտրի մեջ։ Առաջին տպարանը Մադրասում հիմնում է Շահամիր Շահամիրյանը իր որդու՝ Հակոբ Շահամիրյանի հետ միասին 1782 թվականին և արդեն 1783 թվականին տպագրվում է «Որոգայթ Փառացը»՝ հայ իրավունքի կարեւորագույն փաստաթղթերից մեկը»,-հիշեցրեց Աշխեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, պատարագը մատուցել է Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը՝ հնդկահայոց հոգևոր հովիվը եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչը։

Սուրբ Պատարագին ու հոգեհանգստյան կարգին ներկա էին Ս. Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետեր Սյուզան Ռուբենը և Սունիլ Սոբթին, Շիվկումար Իշվարան, Հարավային Հնդկաստանում Հայաստանի Պատվո Հյուպատոսը, Նունե Դավթյանը (Չեննաիում ապրող հայ) իր ընտանիքի հետ, ճեմարանի ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր։ Միջոցառմանը մասնակցելու համար Բենգալորից եկել էր Մայք Ստիֆենը:

Ներկայումս Չեննաիում ապրում է 5 հայ:

Սեփ. Լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728