Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիների մի մասը իշխանափոխության 44-ամյակին նախնիներին է տենչում․ ինչո՞ւ

Փետրվար 11,2023 23:40

Իրանցիներն այսօր մեծ շուքով տոնեցին 11 փետրվարի 1979 թվականի հեղափոխության տարեդարձը։ Կազմակերպվեցին երթեր և ցուցադրվեցին Իրանի արտադրած նորագույն զինատեսակները։ Մայրաքաղաք Թեհրանի մեծ ցույցի բանախոսն էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պրն Ռայիսին․ նա թվարկեց իր երկրի նորագույն ձեռքբերումները, դրվատեց պետության առաջնորդի որոշումը՝ համաներում շնորհելու կապակցությամբ, պնդեց, որ ԻԻՀ-ի Սահմանադրությունն ապահովում է կանանց իրավունքը և իր ելույթի մի հատվածում հայտարարեց․ «Որոշները փորձում են Փահլավիների դրածո վարչակարգի դեմքը սրբագործել»։ Նա ակնարկում էր Մոհամմեդ Ռեզա արքայի վարչակարգի տապալման, որը համարվում է Իրանի հեղափոխության սկիզբ։

Իսլամական Իրանն իր հեղափոխության 44-ամյակը տոնում է բազում մարտահրավերների պայմաններում․ դրանցից են ներքին խնդիրները, տնտեսական անկումը և մի շարք հարևանների՝ տարածաշրջանային որոշ ուժերի ու Արևմուտքի հետ լարված հարաբերությունները, միջուկային ու հրթիռաշինական ծրագրերը։ Չեն դադարում տարատեսակ ցույցերը, որոնք պահանջում են քաղաքական-հասարակական ազատ մթնոլորտ, աշխատավարձի բարձրացում, խոսքի և մամուլի ազատություն, էթնոդավանական փոքրամասնությունների և կանանց իրավունքներ և այլն։ Ըստ երևույթին տարաձայնություն կա նաև երկրի ազդեցիկ կրոնականների, բարձրաստիճան զինվորականների ու պետական ղեկավարների միջև․ իսլամական պետության առաջնորդ պրն Խամենեին իր տարբեր ելույթներում մի քանի անգամ անդրադարձել է երկրի առջև ծառացած խնդիրներին և դժգոհել է նաև որոշ յուրայիններից, որոնք միաբերան չեն դատապարտում քաղաքացիական անհնազանդության ակտերը։

Փորձագետների կարծիքով առաջնորդը հենց այդ պատճառով պաշտոնազրկեց երկրի Ոստիկանապետին և մի շարք այլ պատասխանատուների։ Պրն Խամենեին 34 տարի է, որ երկրի պետության միահեծան ղեկավարն է, նա 84 տարեկան է և որոշ կրոնական, ռազմական ու քաղաքական գործիչներ մտահոգ են երկրի մշուշոտ ապագայով։ Դեռ իսլամական պետության հիմնադիր-առաջնորդ պրն Խոմենիի մահվանից հետո (1989 թ․) որոշ քաղաքական գործիչներ ենթադրում էին, որ Իրանի Սահմանադրությունից կհանվի առաջնորդին վերաբերող հոդվածը, կամ գոնե կսահմանափակվի նրա բացարձակ լիազորությունները և նախագահին ևս կարևոր դեր կտրվի․ շատերի կարծիքով գործող առաջնորդը կամ որևէ կրոնապետ չունի հանգուցյալ Խոմեյնիի խարիզման ու հեղինակությունը և սահմանադրական փոփոխությունով պետք է հզորացնել ընտրովի մարմիններին և՝  երկիրը դնել քաղաքակիրթ և ժողովրդավար ուղու վրա։ Այժմ արդեն նոր Սահմանադրության պահանջ են ներկայացնում ընդդիմադիր զանազան դեմքեր։ Իշխանություններին զայրացնում է հատկապես պրն Խոմեյնիի լավագույն զինակիցներից և պրն Խամենեիի նախագահության օրերի վարչապետ Մուսավիի և գահընկեց արքայազնի ակտիվացումը։ Մուսավին պահանջել է նոր Սահմանադրություն և իշխանափոխություն։ Նա 2009 թվականին նախագահական ընտրությունների թեկնածու էր, որին հաջորդեցին արյունալի բախումներ և Մուսավին մինչ այսօր տնային կալանքում է։

Նրա պահանջին են միացել քաղբանտարկյալ տիկին Ֆայեզե Հաշեմին (նախագահ Ռաֆսանջանիի դուստրը) և բարեփոխական որոշ դեմքեր, որոնք դարձյալ բանտերում են։ Իրանի Սփյուռքը ևս լուրջ գործոնի է վերածվել․ իրանցի ութ ազդեցիկ դեմքեր երեկ ԱՄՆ «Ջորջ Թաուն» համալսարանում մասնակցեցին միասնական կլոր սեղանի, որոնք պահանջում են նոր Սահմանադրություն, որը պետք է երաշխավորի ժողովրդավարություն, խոսքի և կուսակցությունների ազատություն, էթնոդավանական հանրույթների և սեռերի հավասարություն։ Փորձագետների և  սոցիոլոգների կարծիքով ընդդիմության արտերկրի ամենահեղինակավոր դեմքն է 62-ամյա Ռեզա Փահլավին՝ Իրանի երբեմնի արքայի որդին։

Ճակատագրի դառն հեգնանք․ Իրանի հեղափոխությունը, որը հետո կոչվեց Իսլամական հեղափոխություն, 44 տարի առաջ տապալեց բռնապետ ու կոռուպցիայի մեջ թաղված Մոհամմեդ Ռեզա շահի միահեծան իշխանությանը, ապա ինքը հիմնեց «Կրոնապետի բացարձակ խնամակալություն» (Վելայեթ մոթլաղե Ֆաղիհ -ولایت مطلقه فقیه)։ Բռնատիրությունը փոխարինվեց կրոնական միանձնյա իշխանությամբ, դարձյալ չկա խոսքի և կուսակցությունների ազատություն, ծաղկուն են բանտերն ու կոռուպցիան, իսկ արևմտամետ իշխանությանը փոխարինել է ռուսամետ իշխանությունը։ Արքայազն Ռեզան երեկվա կլոր սեղանին պահանջեց ազատ ընտրություններ և հանրապետական կարգեր․ նա խոստացավ մինչև ամսավերջ ներկայացնել ընդդիմության գործունեության միասնական հռչակագիր։

Թող  բարին կատարվի մեր հարևան ու բարեկամ Իրանի հետ, հարցերը լուծվեն համերաշխությամբ և  երկիրը հաջողությամբ դուրս գա  այս ճգնաժամից։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728