Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ, որ հաջորդ այցիս բոլորիդ կհանդիպեմ Արցախում, ձեր տներում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամի (ֆոտոշարք)

Փետրվար 11,2023 23:15

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին փետրվարի 11-ին Սյունիքի մարզում էր։ Նախ՝ առանձնազրույց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ առանց տեսախցիկների ու ֆոտոխցիկների։

«Պարոն Բելամին հետաքրքրվեց մարզում ստեղծված իրավիճակով,  մարզի զարգացման ծրագրերով։ Նա այս այցով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է։ Ու սա հստակ ազդակ է, որովհետեւ նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք. սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»,-առաձնազրույցից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Առանձնազրույցից հետո Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ ճանապարհվում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ։ Ֆրանսիացի պատգամավորն անձամբ է ցանկանում տեսնել, թե ի՞նչ է կատարվում իրականում, քանի որ, նրա խոսքով, ադրբեջանական կողմը լրիվ այլ պատկեր է ներկայացնում։

Ֆրանսուա-Քզավիե Բելամին սահմանային անցակետում զրուցում է նաեւ դեպի Արցախ հումանիտար օգնություն տանող Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ։ Հետո արձանագրում՝  ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։

Եվրախորհրդարանի պատգամավորի հաջորդ կանգառը Գորիսի «Հար-Մար» հյուրանոցն է, որտեղ շրջափակման պատճառով ժամանակավորապես ապաստանել են արցախցի ընտանիքները։

«Ես մի քանի օր հետո ելույթ եմ ունենալու Եվրախորհրդարանում, դրա համար եկել եմ այստեղ, որ հանդիպեմ ձեզ հետ, իրավիճակին տեղում ծանոթանամ  ու աշխարհին ներկայացնելն է»,-ասաց ֆրանսիացի պատգամավորը։

Տիկին Ասլեդան Շուշիի հիվանդանոցում բժշկուհի էր աշխատում։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվում են Ստեփանակերտ, տուն են վարձակալում։ Գործով եկել էր Հայաստան, ու ճանապարհը փակվել է։

«Կարոտել եմ բոլոր հարազատներիս, ճանապարհը շուտ բացվի՝ գնանք։ Ճիշտ է, մեզ այստեղ էլ ենք լավ զգում, բայց մեր տունը չի։ Շնորհակալ ենք հյուրանոցին, Սյունիքի մարզպետին, որ ամենաչնչին  հարցը  լուծում են»,-նշեց  տիկին Ասլեդան։

Արձագանքելով տիկին Ասլեդային՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամին նշեց, որ Սյունիքի մարզային իշխանության հետ միշտ համագործակցում են։

Պատգամավորը խոսեց հյուրանոցում ապրող բոլոր արցախցիների հետ։ «Ուրախ եմ, որ դուք թեև տեսել եք պատերազմ, շրջափակման մեջ է Արցախը, բայց պատրաստ եք ապրել խաղաղության պայմանում՝ պահպանել ձեր պատմությունը, կերտել նոր ապագա»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց մասնագիտությամբ պատմաբան Ֆրանսուա-Քզավիե Բելամին։ Եվրախորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ ելք կգտնվի ու ճանապարհը կբացվի։

«Հույս ունեմ, որ հաջորդ այցիս բոլորիդ կհանդիպեմ Արցախում՝ ձեր տներում»,-հրաժեշտից առաջ նշեց Ֆրանսուա-Քզավիե Բելամին։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728