Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութի հերոս Արկոն»

Փետրվար 11,2023 20:33

Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի մշակույթի տանը՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ «Հադրութի Արկոն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արկադի Մելիքբեկյանին։ Գրքի համահեղինակներից մեկը Մարիամ Մելիքբեկյանն է՝ Արկադիի քույրը։ Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գրքում զետեղվել են տարբեր պատմություններ և հիշողություններ եղբոր մասին։

«Գիրք գրելու գաղափարը եղել է իմը, քանի որ ես ամենուր փորձում էի վերագտնել Արկադիին։ Իմ նպատակն էր մարդկանց պատմել Արկոյի մասին, նրա սխրանքների և կերպարի մասին։ Մենք՝ համահեղինակներս կարողացել ենք թղթին հանձնել Արկադիի կյանքի դրվագները գրքի 5 գլուխներում։ Գրքում տեղ է գտնել ինչպես նրա մարտական ուղին, այնպես էլ կենսագրությունը, սիրո պատմությունը։ Գիրքը խմբագրել է Հովհաննես Ջավախեցին»,- նշեց Մարիամը։

Հավելենք, որ գրքի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է զինվորականներին։ Արկադի Արսենի Մելիքբեկյանը  ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին Տավուշի  մարզի Աչաջուր գյուղում, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Ազատամուտ բնակավայր։ Դպրոցական տարիներին, երբ հայրենասիրական միջոցառումներ էր լինում , նա ուրախությամբ էր կրում զինվորական համազգեստը և իրեն էլ  ավելի մեծ պատկերացնում:  Նույնիսկ հաճախ կրկնում էր, որ պիտի ծառայի Արցախում: Երբ նրան հարցնում էին՝ինչո՞ւ ես այդքան շատ ցանկանում զինվոր դառնալ, նա պատասխանում էր. «Տղան էլ ի՞նչ տղա, եթե չծառայի իր հայրենիքին, բանակային կյանքը տղային էլ ավելի է վերադաստիարակում, և ցանկացած տղա պարտավոր է գնալ և իր պարտքը կատարել»:

Դպրոցն ավարտելուն պես՝  2019 թվականի հուլիսի 19-ին Արկադին  զորակոչվել  է  բանակ: 2020թ-ի սեպտեմբերի 27-ն էր` պատերազմի առաջին օրը: Երկու օր անցնելով բազում և բարդ փորձությունների միջով, հաղթելով մահին և թշնամուն, նա այն քչերից էր, որ ողջ էր մնացել: Մոտ 30 օր պաշտպանելով Հադրութն ու իր դիրքերը, բազում անգամներ հետ մղելով թշնամուն նա կարողացել է հասնել հաջողության, սակայն գործն ավարտին չհասցնելով, և ստանալով «Ետ նահանջ» հրամանը, նա ողջ մնացած զինվորների հետ լքել է տարածքը և տեղափոխվել Մարտունի: Մի քանի օրերի ընթացքում տեղակայվելով տարբեր քաղաքներում և գյուղերում, լինելով վիրավոր, վարել է կատաղի մարտեր, պաշտպանելով մի քանի դիրքեր, միայնակ ջուր, սնունդ, զենք-զինամթերք տեղափոխելով տարբեր դիրքեր: Արիաբար կռվել է  Մարտունի 2-ում և 3-ում, Շուշիում և այլուր: Կա տեղեկություն, որ նոյեմբերի 2-ի երեկոյան՝  թշնամու անօդաչու թռչող սարքը հրետակոծել է այն տարածքը, որտեղ եղել է Արկադին իր մի քանի ընկերների հետ միասին: Սպասելով մոտ երկու ամիս նրա վերադարձին, ծնողները Արկադիին  փնտրել են բոլոր  հիվանդանոցներում, գերիների մեջ և այլուր: Միայն երկու ամիս անց՝  հունվարի 30-ին գտնելով նրա մարմինը, բերվել է հայրենի օջախ, հուղարկավորվելով հունվարի 31-ին՝ իր ծննդավայր Աչաջուր գյուղում:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728