Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչիկյան․ «Այս իշխանությունն իր հայտարարություններով կոտրում է մեր ժողովրդի դիմադրության ունակությունը, թուլացնում մեր բանակցային դիրքերը»․ «Փաստ»

Փետրվար 11,2023 11:31

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին, Արցախի շարունակվող շրջափակմանը ու այն մեծ վտանգի մասին, որի առջև կարող է կանգնել ամբողջ Հայաստանը: Արթուր Խաչիկյանի խոսքով, մեր թշնամիները չեն թաքցնում իրենց ռազմավարությունը: «Նրանք հստակ ասում են, որ առաջին քայլը լինելու է Արցախի հայաթափումը, երկրորդը՝ Սյունիքի միջանցքը, որից հետո Սյունիքը կորցնելու ենք: Թուրքիան, ըստ այդ ծրագրի, փաստորեն, ձուլվելու է Ադրբեջանի հետ, որից հետո Հայաստանը կմնա որպես մի փոքր անկլավ՝ Մեծ Թուրքիայի մեջ: Հետո էլ կամաց-կամաց Հայաստանը նույնպես կվերացվի: Սա հայերի ոչնչացման ծրագիրն է»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է քաղաքագիտության դոկտորը:

Անդրադառնալով այս փուլին ու շրջափակված Արցախին՝ նա նշեց, որ հիմա Արցախի անկախության ճանաչման հիմքեր կան: «Աշխարհը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, քանի որ այնտեղ էթնիկ զտում է եղել: Էթնիկ զտում եղել է նաև Հադրութում ու կարող է լինել ամբողջ Արցախում: Աշխարհը ճանաչել է նաև Հարավային Սուդանի, Արևել յան Թիմորի, Էրիթրեայի անկախությունը: Նման օրինակներ կան, ուղղակի պետք է հստակ քաղաքականությամբ գերտերություններին համոզել, որ այս դեպքում նույնպես նրանք պետք է ճանաչեն հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Իհարկե, սա դժվար գործընթաց է, բայց կար 30 տարվա բանակցային գործընթաց, և կային որոշ պայմանավորվածություններ: Այդ ամենից հրաժարվելը, Արցախը հանձնելը, 120 մարդու ցեղասպանության դատապարտելը հարցի լուծում չէ: Եթե պետք է հրաժարվեին, պետք չէր 4 տարի առաջ գալ իշխանության ու հրապարակից խոստանալ, թե քննարկելու են Արցախի ապագայի հարցերը, Արցախի հարցի լուծումը: Պետք չէր խաբել ժողովրդին, պետք չէր ասել, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», պետք չէր նաև ասել՝ «մենք զրոյական կետից ենք սկսում»: Այդ ամբողջը սուտ դուրս եկավ»,-ասաց մեր զրուցակիցը:

Ա. Խաչիկյանը միևնույն ժամանակ նկատեց՝ թեպետ Արցախի անկախության ճանաչման հիմքեր և հույսեր այսօր կան, բայց եթե այս իշխանություններն Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային, արդեն անիմաստ է այդ մասին խոսելը. «Իրենք իրենց հայտարարություններով կոտրում են մեր ժողովրդի դիմադրության ունակությունը, թուլացնում մեր բանակցային դիրքերը: Այնպես են անում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան միջազգային հանրությանն ասել՝ «տեսնո՞ւմ եք, անգամ Հայաստանի կառավարությունն է մեզ հետ համաձայն այն հարցում, որ Արցախը չպետք է կարգավիճակ ունենա, պետք է դառնա Ադրբեջանի մաս»: Այսպիսով, թուլացնելով մեր բանակցային դիրքերը, ՀՀ-ից արցախցիների մեջքին դանակ է խրվում»:

Ինչ վերաբերում է մի կողմից ՌԴ-ին քննադատելուն, մյուս կողմից՝ Արևմուտքից բողոքելուն, մյուս կողմից էլ թշնամուն սիրաշահելու քաղաքականությանը, նա հավելեց. «Մեր ողբերգությունն այն է, որ մենք հիմա ղեկավարվում ենք մի խմբի կողմից, որը չունի ո՛չ փորձ, ո՛չ կրթություն, ո՛չ էլ պատրաստ է ղեկավարել երկիրը, դիվանագիտությամբ զբաղվել: Իրենք բացարձակապես ձախողել են մեր արտաքին քաղաքականությունը ու հիմա միայն արդարացումներ են փնտրում: Եթե ցանկանում էին փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, պետք է գոնե այլընտրանք ստեղծվեր: Մենք հիմա անգամ այդ այլընտրանքը չունենք: Արևմուտքի կողմից որևէ առաջարկ, երաշխիք չունենք: Ռուսաստանը ևս սա տեսնում է, ու մեզ վրա ծիծաղում են՝ ասելով՝ ո՞ւր պետք է գնաք, գնալու տեղ չունեք: Այսինքն, մի կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները տապալվեցին, բայց մյուս կողմից չկարողացան ինչ-որ այլընտրանք ստեղծել, արդյունքում մենք Արևմուտքի կողմից որևէ առաջարկ չունեցանք: Նույն Արևմուտքը չխառնվեց 2020-ի պատերազմին, որևէ ձևով նկատողություն չարեց, չպատժեց Թուրքիային: Ու հիմա, երբ խոսվում է էթնիկ զտման վտանգի մասին, Արևմուտքը կրկին չի ասում, որ կանխելու է, ՀՀ օկուպացված տարածքների մասով ևս ոչինչ չի իրականացվում»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728