Լրահոս
Օրվա լրահոսը

Անսպասելի եւ անտրամաբանական է Ռուսաստանի լռությունը, այն դեպքում, երբ Բաքուն ակնհայտորեն «տակառ է գլորում» իր ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 11,2023 11:00

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիաների վերաբերյալ միջազգային կազմակերպություններից, հանրության ներկայացուցիչներից եւ պետություններից, բացի շաբլոն քննադատական հայտարարություններից, այդպես էլ գործուն որեւէ արձագանք չեղավ, ընդ որում՝ հայտնի բոլոր բեւեռներից: Արեւմուտքի նման պահվածքը բացատրվում է վերջինիս՝ ադրբեջանական գազից եւ նավթից կախվածության մեծացմամբ, իսկ ՌԴ-ի դեպքում որպես պատճառ հիշատակվում է ուկրաինական ճգնաժամի գործոնը:

Պարզվում է, որ Արեւմուտքից ակնկալված արձագանքի բացակայության պատճառներից մեկը պաշտոնական Բաքվի հերթական կեղծ թեզն է: ՀՀ վարչապետը գործադիրի վերջին նիստում հերթական անգամ հայտարարեց, թե արեւմտյան երկրների հետ հարաբերվելիս Ադրբեջանը Հայաստանի սահմանների վրա կատարած ոտնձգությունները հիմնավորել է այն կեղծիքով, թե իբր ստիպված է այդ քայլին գնում, քանի որ Հայաստանից եւ այնտեղ տեղակայված ՌԴ ռազմաբազայից վտանգի ռիսկեր է տեսնում: Ադրբեջանական ղեկավարությունն իրականության հետ աղերս չունեցող այս իրողությունն է որպես փաստարկ ներկայացնում, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու իր գործողությունները:

Ուկրաինական հակամարտության պատճառով գերբեւեռացված աշխարհի արեւմտյան թեւի համար ռուսական գործոնի շահարկումը կարող է ականջահաճո լինել՝ ինչքան էլ իրականությունից հեռու լինի: Արեւմուտքն այսօր գերզգայուն է դարձել ՌԴ-ի հետ առնչվող ցանկացած երեւույթի հանդեպ: Թերեւս, այդ հանգամանքով է նաեւ բացատրվում Հայաստան ԵՄ դիտորդական նոր՝ երկարաժամկետ առաքելություն ուղարկելու օպերատիվ որոշումը:

Այս դեպքում անսպասելի եւ անտրամաբանական է Ռուսաստանի լռությունը, այն դեպքում, երբ Բաքուն ակնհայտորեն «տակառ է գլորում» իր ուղղությամբ, առավել եւս, որ արձագանքելու թարմ օրինակը կա: ՌԴ ԱԳՆ-ն վերջերս քննադատող հայտարարություն տարածեց, երբ Ադրբեջանը գեներատորներ էր ուղարկել Ուկրաինա, բայց Հայաստանի դեպքում Հյուսիսում քար լռություն է տիրում: Ադրբեջանը բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին իր նկատմամբ հնարավոր ագրեսիա կիրառելու մեջ: Այստեղ էականն այն չէ, թե ինչ աստիճանի անհեթեթություն է առաջ քաշված այդ վարկածը, այն դեպքում, երբ Արցախում նույնպես ռուսական զորքեր կան՝ թող որ խաղաղապահ առաքելության ներքո, կամ գոյություն ունի Ադրբեջան-ՌԴ սահմանը, որտեղից պարբերաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում վերապատրաստված գրոհայիններ են ներթափանցում ՌԴ: Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի այդ կեղծ փաստարկին, որը միակը չէ հետպատերազմյան պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության զինանոցում, դրա փոխարեն անհամաձայնություն է հայտնում Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելուն՝ շեշտելով, թե նման որոշում կայացնելիս ԵՄ-ն Ադրբեջանի կարծիքը չի հարցրել, ինչը կարող է անկայունության պատճառ դառնալ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728