Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. Ջայլամի քաղաքականությունը կլիներ շատ վատ քաղաքականություն, որ մենք ասեինք՝ ամեն ինչ իդեալական է․ «Հրապարակ»

Փետրվար 11,2023 10:50

Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից ու վստահեցնում, թե իր իշխանության օրոք համակարգային կոռուպցիան վերացել է, մյուս կողմից նրան ենթակա իրավապահ մարմիններն օրը մի կառույցում համակարգային կոռուպցիայի աղաղակող դեպքեր են բացահայտում։ Օրինակ՝ ՊԵԿ-ում ԱԱԾ-ն վերջերս խոշոր չափի կոռուպցիոն դեպք էր բացահայտել։ Օրերս էլ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, թե 2022թ․ ընթացքում ՊԵԿ հարկային ու մաքսային մարմինների տասնյակ աշխատակիցների ծառայողական քննության արդյունքում ինչպես են ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ ազատելով աշխատանքից։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց մի մասը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել հենց կոռուպցիոն բնույթի արարքներ կատարելու համար։

«Մեր սովորական տարեկան ծառայողական քննությունների մասին է խոսքը, անցած տարի մի փոքր ավելի շատ է եղել, այդ թվում՝ հինգ կամ վեց ծառայող ազատվել է աշխատանքից, այսինքն՝ ամենախիստ կարգապահական միջոցն է ընտրվել, բարեվարքության ստուգման արդյունքներով շուրջ հիսուն ծառայող չի շարունակել ծառայությունը մաքսայինում։ Ընդհանուր առմամբ, կարգապահական բնույթի խախտումների նաեւ նոր դեպքեր են հայտնաբերվել»,- ասաց պարոն Բադասյանը։

– Ի՞նչ կարգի խախտումներ, կոռուպցիո՞ն բնույթի։

– Կան կասկածներ, որ դրանք նաեւ կոռուպցիոն բնույթ ունեն, որովհետեւ տեսախցիկները բավականին կասկածելի հանգամանքներ են ֆիքսել, եւ էդ կասկածելի հանգամանքների մասով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը ստուգելու նպատակով ուղարկել ենք դատախազություն։ Թվով երեք դեպքի մասին է խոսքը, իսկ մնացածի մասով նշանակվել է ծառայողական քննություն, որպեսզի պարզենք բոլոր հանգամանքները՝ թերացումների եւ բացթողումների։

– Օրինակ՝ տեսախցիկները քաղաքացիների վատ սպասարկո՞ւմ, թե՞ կաշառք պահանջելու դեպքեր են արձանագրել։

– Օրինակ՝ Մեղրիի մաքսակետով անցնելիս հնարավոր շնորհակալություն-կաշառքի դեպքի կասկածն ունենք, ամեն դեպքում նաեւ տեսել ենք, որ ծառայությունն այդքան էլ ճիշտ չի կազմակերպված որոշ դեպքերում, եւ համապատասխան հանձնարարականները տրված են, ծառայողական քննությունը գալու է դրան օգնելու։

– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ այդ ծառայողական քննությունն առաջացնի նաեւ քրեաիրավական հետեւանքներ։

– Էն, ինչ որ քրեականի կասկած կա, մենք արդեն ուղարկել ենք դատախազություն, իսկ էն, ինչ որ ծառայողական տիրույթում է, մեր քննության շրջանակներում է։

– Լավ է, բայց մյուս կողմից էլ տարօրինակ է, որ ձեր համակարգում փոխանակ կոռուպցիան նվազի, հակառակը՝ կոռուպցիոն դեպքերը շատանում են, եւ դա ձեր կողմից որպես գլուխ գովալու կամ հպարտանալու առիթ է ներկայացվում, որ այդքան դեպք բացահայտեցիք։

– Չէ, գլուխ գովալու առիթ չկա, որեւէ հպարտանալու բան էլ չկա կոռուպցիոն երեւույթների մեջ։ Բայց եթե դեպքերի բացահայտումը շատանում է, դա բացասական չէ։ Եթե միջազգային կազմակերպությունների գնահատականներին նայենք, իրենք շատ են կարեւորում, օրինակ՝ կոռուպցիոն բնույթի խոշոր բացահայտում եղե՞լ է, թե՞ ոչ։
Կոռուպցիան էնպիսի ֆենոմեն է, որը չի վերանում, ժամանակի ընթացքում չի անէանում։ Այսինքն՝ բացահայտումը շատ կարեւոր տարր է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կա ու ճիշտ մակարդակի վրա է։

– Եթե դուք չորս տարի շարունակ կոռուպցիայի դեմ պայքար եք տանում ու ամեն օր թմբկահարում եք, որ ձեր կառավարությունն ամենահակակոռուպցիոնն է, բայց չորս տարվա ընթացքում գնալով այդ դեպքերը շատանում են՝ թեկուզ բացահայտվելով, դա արդյոք չի՞ նշանակում, որ ձեզ մոտ համակարգային կոռուպցիա կա։

– Ոչ, դա նշանակում է, որ քաղաքական կամքը կա՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, եւ մենք պայքարում ենք։ Եթե Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը բացահայտում է նման թերությունները եւ տալիս է այլ մարմիններին, դա նշանակում է՝ պայքարի կամքը կա։ Եվ ջայլամի քաղաքականությունը կլիներ շատ վատ քաղաքականություն, որ մենք ասեինք՝ ամեն ինչ իդեալական է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728