2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։
Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:
2023թ․փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում վերոհիշյալ փողոցներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Համեր» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ։ Իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:
Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ:
Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Քննությամբ պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց:
Փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երևան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ