Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց դա՛ է հետաքրքրում

Փետրվար 11,2023 10:00

Հիշո՞ւմ եք, երբ «Խաղալիք» ֆիլմում թերթի խմբագիրը զեկուցում է սեփականատիրոջը, թե ինչ է լինելու թերթի հերթական համարում, սեփականատերը՝ Ռամբալ-Կոշեն տարակուսած հարցնում է՝ «դուք իսկապե՞ս կարծում եք, որ այդ մսագնդերը հետաքրքիր են ընթերցողին»:

Այդ հարցը ես հաճախ եմ ինքս ինձ տալիս՝ որպես սեփականատեր եւ խմբագիր: Մի՞թե Հայկ Կոնջորյանի եւ Հայկ Մամիջանյանի բանավեճը հետաքրքիր է հայ հասարակությանը: (Անունները, համարեք, պայմանական են՝ անձամբ այդ երիտասարդների դեմ ոչինչ չունեմ: Պարզապես բերում եմ ամենաթարմ օրինակը):

Դատելով համացանցային արձագանքներից՝ այդ վեճը մարդկանց հետաքրքրում է, որովհետեւ ամեն մի նման ելույթի տակ մի քանի տասնյակ երկրպագուներ եւ «հեյթերներ» բուռն կերպով արտահայտում են իրենց զգացմունքները՝ «այ, ապրես դու, լավ չոտկեցիր» կամ հակառակը՝ «տո, դու ո՞վ դառար, որ սենց բաներ ես խոսում»: Ո՛չ պատգամավորների արտահայտած մտքերը, ո՛չ էլ, առավել եւս, նման արձագանքները բովանդակային առանձին իմաստ չունեն՝ դա ավելի շուտ նման է «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» հարց ու պատասխանի խաղին:

Տարբերությունն այն է, որ կողմերն իրար հանդեպ ավելի կոպիտ եւ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, մեկ էլ այն, որ սոցիալական հարթակներում հայտնվում են հարյուրավոր «հնարամիտներ», որոնք հնարավորություն ունեն ի ցույց դնելու իրենց ողջ ինտելեկտն ու բառապաշարը:

Թեեւ մեր պետության եւ ժողովրդի ճակատագրի հետ այդ կրկնվող (եւ, իմ կարծիքով, խիստ տաղտկալի) բանավեճերն ուղիղ կապ չունեն, բայց դրանց անմիջական-քաղաքական բովանդակությունը պարզ է: Ընդդիմությունը, տեսնելով, որ Փաշինյանը 2018 թվականին եկել է իշխանության «ժողովրդի սրտից» խոսելով, մտածում է, որ նույն ձեւով կարող է հաջողության հասնել, եւ հիմա եկել է պոպուլիզմով եւ դեմագոգիայով զբաղվելու իր հերթը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ դաշտում ընդդիմադիրները չեն կարող մրցակցել ոչ միայն Փաշինյանի, այլեւ երկրորդ էշելոնի ՔՊ-ական գործիչների հետ: Նրանց միակ մրցակիցը գտնվում է օվկիանոսից այն կողմ եւ, բարեբախտաբար, Հայաստանում չունի իր նման «տաղանդավոր» հետեւորդներ: Երբ խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ «եկեք եւս մի անգամ արտահերթ ընտրություններ անցկացնենք», նրանք, հավանաբար, կատակում են: Եթե լուրջ են ասում, ապա չեն հասկանում, որ կրկին պարտվելու են իշխանությանը:

Խնդիրը, հետեւաբար, այն չէ, թե ով ավելի ճարտար լեզվով կկարողանա խաբել քաղաքացիներին, այլ այն, որ այդ քաղաքացիները պատրաստ են խաբվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Փաշինյանիզմի կարգ մը դերակատարներու պարագային, սկսեալ անշուշտ ու մանաւանդ Գլխաւորէն, կացութիւնը այլեւս կարելի չէ բացատրել միայն՝ ժողովուրդը խաբելու տաղանդով եւ ժողովուրդին խաբուելու հակումով: Այդ հարցը, այս հանգրուանին՝ այլեւս սահմանափակ է, այդքան ալ նշանակալից չէ. մեզ կը հեռացնէ էական խնդրի ճանաչումէն, գիտակցութենէն:

    Այժմ ընդհանուր Հայութեան մէջ տիրապետում են, շատ լայնօրէն գերիշխում են, ամենատարրական աստիճանի՝ pragmatismը, commօn senseը, նոյնիսկ պարզապէս որոշ իրատեսութիւն մը. ուղեղային մօտեցումներ, որոնք կապ չունին խաբելու կամ խաբուելու հետ, ոչ ալ տգիտութեան կամ անխելքութեան հետ:

    Իսկ ոչ-ուղեղային մակարդակի վրայ ալ, մնացած է միմիայն՝ ինքնապահպանումի բնազդը:

    • Nimar says:

      Կարծում եմ՝ շատ ճշգրիտ դիտարկում է։ Եվ հուսադրող:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Համաձայն չեմ Ձեր դիտարկումներին` ո`չ գտակցական, ոչ էլ ենթագիտակցական մակարդակին վերաբերող: Դրանք ինձ ստիպեցին վերընթերցել Կաֆկայի «Ուղղիչ գաղութում» գործը: Մեր ժողովուրդը («Հայ հասարակությունը»` ինչպես հարգելի պարոն խմբագիրն է ասում, կամ «ընդհանուր հայությունը` ինչպես Դուք եք ասում) նման է այդ գործի միջի մեղադրյալին, ով դատապարտված է մահապատժի` ինչ որ պատվիրան խախտած լինելու պատճառով: Նա չգիտի, թե ինչի համար է դատապարտված: Նույնիսկ չգիտի, որ դատապարտված է մահապատժի: Մահապատժի գործիքն իրենից ներկայացնում է սեղան, որի վրա մեջքով դեպի վերև պառկեցնում ու կապում են մեղադրյալին և դանակների հանգույց, որ վերևից փոքր քայլերով և կառավարվող շարժումներով մոտենում է մեղադրյալի մեջքին: Սեղանն ու դանակների հանգույցը` իրար հետ խիստ համաձայնեցված աշխատելով, մեղադրյալի մեջքին փորագրում են այն պատվիրանը, որն ինքը խախտել է: Շշմել կարելի է, թե ինչպես է Կաֆկայի աննորմալ ուղեղում ծնվել ժամանակակից թվածրագրային կառավարման հաստոցի գաղափարը: Մահապատժի առաջին 6 ժամերին մեղադրյալը միայն անտանելի ցավեր է զգում: Վեցերորդ ժամից հեո սկսվում է գիտակցության պայծառացում, ու նա` իր ցավերի միջոցով, «կարդում է» մեջքին փորագրվող պատվիրանը:
      Մեր «6-րդ ժամը», երևում է, դեռ չի հասել: Մենք դեռ չգիտակցված ցավերի մեջ ենք:

      • Blog_H says:

        Պահ մը, ես ալ այդպիսի բացատրութիւններ ջանացի որոնել… ի միջի այլոց, վարչակարգի վերահաստատումէն եւ ամրապնդումէն ետք, ստորեւ նշուած Յուլիս 2021ի յօդուածիս մէջ… սակայն անկէ ի վեր շատ ժամանակ անցաւ, շատ բաներ տեղի ունեցան, նաեւ մտիկ ըրի/վերլուծեցի բազմաթիւ ուրիշների, ուշադրութեան արժանի՝ լաւ եւ վատ ըսածները, եւ ուրեմն այժմ, հասած եմ այն մտածողութեան, զորս վերեւ ներկայացուցած եմ.

        https://haytougchamlian.home.blog/8-րդ-հանգրուանը/

        ( Ի դէպ, այս Խմբագրին գրածներուն մէջ ալ յստակ է՝ խորունկ հոլովոյթ մը. այդ պատճառով է որ վերադարձայ իր այս սիւնակին: )

  2. Լավատես says:

    Եթե խնդիր դնենք, թե ինչպես ոչնչացնել մարդկայինը, ազգայինը, պետականը ամեն մի կոնկրետ երկրում, ապա լուծումը կլինի այն, ինչ հիմա կատարվում է ամեն մի կոնկրետ երկրում: Վերցնենք մեր պետությունը, սկզբնական շրջանում կարծում էի, թե անփորձ անպատասխանատու մարդիկ են, հիմա համոզվում եմ, որ բոլոր պետություններում ներդրված են պաշտոնյաներ, որոնք իրենց գիտակցված ու պարտադրված ապաշնորհությամբ պետք է վարկաբեկեն բոլոր պետական ինստիտուտները, վարկաբեկեն ազգայինն ու մարդկայինը, որ հետո վերացնեն բոլոր պետությունները, ազգերն ու մարդկությանը: Սա վերաբերում է բոլոր անխտիր մարդկանց, ազգերին եւ պետություններին, այդ գլոբալ այլասերվածության դեմ կարող ենք պայքարել միայն մի ձեւով, երբ մենք մարդիկս, ազգերս ու պետություններս դառնանք իրարից գոյաբանորեն կախված, չիմացյալ կախվածությունը կախվածություն է, իմացյալ կախվածությունը’ անկախություն:

  3. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Եթե անգամ ընդունենք, որ քաղաքացին ուզում է կամ պատրաստ է խաբվել, դա չի նշանակում, թե խաբելը լավ բան է: Աշխարհում կան թմրամիջոցներ, մարմնավաճառներ, զենք եւ այլն, դա չի նշանակում, որ թմրամոլությունը, անկանոն սեռական շփումները, սպանությունները լավ բան են:
    Կամ եթե աշխարհում կա մի թույլ մարդ, որին բոլորը ծեծում ու ծաղրում են, դա չի նշանակում, թե թույլին ծեծելն ու ծաղրելը ճիշտ է:
    Հուսամ կարողացա բացատրել միտքս: Մի խաբիր խաբվել ուզողին:
    Եվ հետո՝ ճիշտ է ասված՝ հանրությունը (քաղաքացիների ամբողջությունը) նման է սպունգի, ինչ էլ տաս՝ իրենով է անում: Լավ բան տուր: Սուտ եւ կեղծիք մի տուր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728