«Հետք» – Փետրվարի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել արծաթագույն «Համեր» մակնիշի 35GM730 համարանիշերով մեքենան՝ իրեն հետապնդող պարեկների շարանով։ Հետապնդման ընթացքում հնչել են կրակոցներ, պարեկներին հաջողվել է ծակել մեքենայի անիվները։ Տեսանյութում Հրապարակի կենտրոնը հատող «Համերի» դիմացը կարողանում են կտրել պարեկները, մոտենում են մեքենային, բայց վարորդին չեն կարողանում դուրս բերել։
Մի քանի վայրկյանից մեքենան կարողանում է նորից պարեկներից ազատվել և Հանրապետության հրապարակից շարժվում է Տիգրան Մեծ փողոցի ուղղությամբ։ Աջ թեքվելով՝ դեպի Ագաթանգեղոսի փողոց՝ «Համերը» մտնում է մոտակա դալանը, և վարորդը, թողնելով մեքենան, փախչում է: Մեքենայի համարանիշը Հանրապետության հրապարակում պարեկների մեքենաների հետ ընդհարումից ընկել էր մայթին:
Այս կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել։
«Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Կարդացեք նաև
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Ավելի ուշ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։