Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը ըստ ՍԴ-ի՝ վիճարկում էր Բարձրագույն դատական խորհրդի որոշման իրավաչափությունը

Փետրվար 11,2023 13:30

Մեկ տարի առաջ փետրվարին ՀՀ ոստիկանությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին (2021թ. սեպտեմբերի 8-ին Դավիթ Անհաթի փողոցում չի ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին-Ռ.Մ.): Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի մարտի 14-ին ընդունված ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել էին: Սահմանադրական դատարան դիմած Սիմա Իսկանդարյանի կարծիքով՝ «Դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում չեն սահմանվել դատավորի պաշտոնավարման դադարեցման համար խախտման հետեւանքները, ուստի եւ բացակայում են հանրային ծառայության անցնելու եւ դրանից բխող դատավորի պաշտոնում պաշտոնավարելու իրավունքի իրականացման արդյունավետ կառուցակարգերը եւ ընթացակարգերը: Ըստ նրա՝ ցանկացած խախտում կարող է առաջացնել կամ առաջացնում է ինչ-որ հետեւանքներ, սակայն թե ո՞ր հետեւանքները կարող են դիտվել որպես դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի, մնացել է անորոշ, մի կողմից՝ այն պատճառով, որ որոշակիացված չեն հենց հետեւանքները, մյուս կողմից՝ նույն նորմով որոշակիացված չէ՝ որ հետեւանքները դատավորի կարգավիճակի ո՞ր բաղադրիչի հետ պետք է լինեն անհամատեղելի:

Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ. «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում կիրառվող իրավադրույթներում առկա ընդհանրական ձեւակերպումներին հստակություն հաղորդելու եւ այդպիսով իրավական որոշակիության սահմանադրական հրամայականը կենսագործելու խնդրում հիմնարար դերակատարություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ի զորու է համապատասխան իրավանորմերի, տվյալ դեպքում՝ դատական մեկնաբանման միջոցով դրանց հաղորդել անհրաժեշտ որոշակիություն»: ՍԴ-ի գնահատմամբ. «Դիմողը, ձեւականորեն բարձրացնելով իրավական ակտի նորմերի սահմանադրականության հարցեր, իրականում առաջ է քաշում ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից»։

Հունվարի 31-ին ՍԴ աշխատակարգային որոշմամբ Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ նույն հոդվածի 1-ին մասի «բոլոր հանգամանքներում» դրույթի եւ 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի՝ «պայմանավորված կատարման հանգամանքներով եւ (կամ) առաջացրած հետեւանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճվել է:

Սահմանադրական դատարանը հունվարին կարճել էր մեկ այլ դատավորի՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գործը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728