Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հարթակներում փայլող մեր հայրենակից երաժիշտները կարեւորում են հայաստանյան բեմը

Փետրվար 11,2023 13:00

Ողջունելի է, երբ հայաստանյան նվագախմբերը իբրեւ հյուրախաղորդ երաժիշտներ հրավիրում են նաեւ հայազգի երաժիշտներին։ Նման քաղաքականություն վաղուց որդեգրել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Նա առաջինն էր, որ հայաստանցի հանդիսատեսին ներկայացրեց այնպիսի երիտասարդ արվեստագետների, ինչպիսիք են Ֆրանսիայից սոպրանո Աննա Կասյանը, թավջութակահար Քսավիեր Ֆիլիպսը, Կանադայից ջութակահարուհի Քեթրին Մանուկյանը, Սիրիայից շեփորահար Արմեն Ասլանյանը, Ռուսաստանից ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը… բոլորին չես թվարկի։ Հաճախ էլ մեր երիտասարդ հայրենակիցները Հայաստանում ունենում են այնպիսի ելույթներ, հանդիպումներ, որ վստահաբար կարող ենք ասել՝ կհիշեն իրենց ողջ կյանքի ընթացքում։

Օրինակ՝ 2021թ. դաշնակահարուհի Մայա Օհանյանի (ՌԴ)՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երեւանյան համերգին հանդիսատեսի կարգավիճակում էր լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտտին, որը Մայայի ելույթից հետո ասել էր, թե զարմացած է պատանի դաշնակահարուհու կատարողական հասունությամբ, իսկ մեզ հետ զրույցում անդրադառնալով հնչած Բեթհովենի դաշնամուրի 3-րդ կոնցերտին, ներկայացրել էր լեգենդար Սվյատոսլավ Ռիխտերի կարծիքը նույն կոնցերտի կատարման մասին. «Ռիխտերը պնդում էր, որ կոնցերտի 3-րդ մասի սկիզբը չպետք է կատարել գեղեցիկ կամ հաճելի կերպով՝ ինչպես բոլորն են նվագում, այն պետք է նվագել ավելի ձիգ, ավելի կատաղի։ Եվ իսկապես քիչ առաջ լսածս, մասնավորապես հենց այդ հատվածը, զարմանալիորեն համընկավ Ռիխտերի պատկերացումների հետ»։ 2018-ին էլ հայրենիքում առաջին անգամ ներկայացավ 14-ամյա Եվա Գեւորգյանը (ՌԴ), որը այդ տարիքում ոչ թե մեկ, երկու, երեք, այլ արդեն մի քանի տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր էր։ Երեւանյան համերգից հետո համացանցում տեղադրված պատանի դաշնակահարուհու եւ մեր ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ Շոպենի երկրորդ կոնցերտից մի հատվածը, ըստ մեր տեղեկությունների, արժանացել էր Վալերի Գերգիեւի ուշադրությանը, որին հետեւել էր հրավերը։ Ի դեպ, Եվային մեկ անգամ էլ հանդիպեցինք անցյալ տարի, դարձյալ ֆիլհարմոնիկի հրավերով, բայց այս անգամ դիրիժորական վահանակի մոտ էր գերմանացի ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը։ Ընդ որում, ինչպես Եվա Գեւորգյանը, այնպես էլ դիրիժորը, միջազգային մի քանի տասնյակ մրցույթների դափնեկիր են։

Արտասահմանում ծնված, ուսում ստացած եւ նոր-նոր կարիերա սկսած մեր հայրենակիցներից ընտրեցինք Եվային եւ Մայային, քանի որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 10-ին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի հերթական համերգին նրանք հանդես կգան միասին, հնչեցնելով Մոցարտի երկու դաշնամուրի համար գրված մի բեմոլ մաժոր կոնցերտը։ Գլխավոր փորձի ընդմիջմանը դաշնակահարուհիները տեղեկացրին, որ իրենք ծանոթացել են հյուրախաղերի ժամանակ՝ 2022թ. ամռանը, Վենետիկում։ Մայան հիշեց 2021-ը, երբ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ հանդես է եկել Հռոմում, համերգին էլ ներկա են եղել Հայաստանի եւ Իտալիայի նախագահները։ Եվան էլ մտաբերեց, որ անցյալ տարի Երեւան է ժամանել Ռախմանինովի անվան մրցույթի ավարտից անմիջապես հետո։ Երեք անվանակարգերով՝ «Դաշնակահարներ», «Դիրիժորներ» եւ «Կոմպոզիտորներ», անցկացվող մրցույթում փայլել են «յան»-ով վերջացող ազգանվամբ երիտասարդ երաժիշտները՝ դաշնակահարներ Իլյա Պապոյան, Կոնստանտին Խաչիկյան, Եվա Գեւորգյան, դիրիժոր Գուրգեն Պետրոսյան։ Կատակեց, թե «Կոմպոզիտորներ» անվանակարգում էլ, եթե հայ մասնակից լիներ, անկասկած կհաղթեր։

Հետաքրքրությանը, թե՝ Երեւանից հետո ի՞նչ ծրագրեր ունեն, Մայայի ու Եվայի պատասխանները համարյա նույնն էին, եթե փորձենք կարճ ներկայացնել, կստացվի՝ համագործակցություն հեղինակավոր նվագախմբերի եւ անվանի դիրիժորների հետ, նաեւ մասնակցություն փառատոների եւ, ինչպես դաշնակահարուհիները հավաստիացրին՝ կշարունակեն մասնակցել վարպետության դասերի։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ մտադրություն չունե՞ն ավելացնել իրենց մրցանակները՝ մասնակցելով մրցույթների, Մայան հայտնեց, որ 2022-ին սկսել է համագործակցել իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոյի հետ, որը Արամ Խաչատրյանի անվան մրցույթի անցյալ տարվա հաղթողն է։ Իսկ Եվան առանց մանրամասնելու հավելեց, թե իրենց տարեկից երաժիշտների շրջանում շատ է խոսվում Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մասին։

Անդրադառնալով կայանալիք համերգին եւ ոգեւորված Մոցարտի Երկու դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտով, մեր հայրենակցուհիները միաբերան փաստեցին, որ սովորաբար արժեքավոր գործեր ստեղծում են երիտասարդ տարիքում։ Օրինակ, Մոցարտն Երկու դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը գրել է 23 տարեկանում։ Մենք էլ հավելենք, որ այս կոնցերտն ունի հետաքրքիր պատմություն. առաջին կատարողներն էին դառնալու հեղինակը եւ նրա քույրը, սակայն Մոցարտի նամակներից տեղեկանում ենք, որ այս գործի կատարման համար հեղինակի հետ  հանդես է եկել մի մեծահարուստի դուստր՝ Ժոզեֆինա անունով, որը սիրահարված էր կոմպոզիտորին եւ ամեն կերպ փորձում էր մոտ լինել նրան, օգտագործելով նաեւ համատեղ ելույթները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728