Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ կա հանդիսատես, որն ուզում է լավ ֆիլմ նայել»

Փետրվար 11,2023 12:30

Կարծում է կինոօպերատոր, Հայաստանի օպերատորների գիլդիայի անդամ Գեւորգ Եփրեմյանը

«2003 թվականին համակարգիչ ունեի, բայց խաղերի սկավառակներ չկային։ Ծննդյանս օրը որպես նվեր հենց սկավառակներ էի ուզել, բայց հայրս առաջարկեց տեսախցիկ գնել։ Սկզբում չէի ցանկանում, բայց հետո համաձայնեցի ու սիրահարվեցի. իսկապես սիրահարվելու բան էր…», – մեզ հետ զրույցում  ասում է կինոօպերատոր, Հայաստանի օպերատորների գիլդիայի անդամ Գեւորգ Եփրեմյանը։ Հարցին, ե՞րբ լրջորեն սկսեց կինոյով զբաղվել, հետեւյալ կերպ է պատասխանում.  «2009թ.-ից, երբ բանակից վերադարձա։ Սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Ռուդոլֆ Վաթինյանի «Արվեստանոց»-ում։ Բավականին ուշ եմ ընդունվել համալսարան։ Երբ ուսանող էի, Կենտրոն TV-ում գլխավոր օպերատորի հաստիքն էի զբաղեցնում։ Իրականում, TV-ի մեջ խորանալով՝ հեռանում ես կինոյից…»։

Ասում է՝ առաջին ֆիլմը վավերագրական էր՝ «Վահրամ Փափազյանը». «Ես Վահրամ Փափազյանին բացահայտեցի։ Ինձ ավելի հետաքրքիր էր հենց ինքը՝ Փափազյանը, քան այն, ինչը անում էի։ Հետագայում նաեւ խաղարկային ֆիլմերի անցա։ Մովսես Կարապետյանի հետ մի խաղարկային ֆիլմ էինք նկարել՝ «Մոնուալֆինջ»-ը, շատ հետաքրքիր դրամատուրգիա ուներ։ Ֆիլմում շատ մետաֆրեյմներ կան. տեսնում ես մի բան, հասկանում՝ այլ բան։ Անգամ  առարկաները, որոնք օգտագործվել են ֆիլմում, զուտ ինտերիեր չեն ապահովել, այլ ունեն գաղափար»։


Պատմելով մետաֆրեյմի մասին, Գեւորգը վկայակոչեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, ասելով, որ կինոյում կա «լաբորատորիա» հասկացություն, երբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչ է կատարվում նրա գլխում. «Փարաջանովի լաբորատորիան «Նռան գույնը» ֆիլմի սպիտակ սենյակի տեսարաններն են։ Ֆիլմի ընթացքում դատարկ սենյակը լցվում է, հետո նորից դատարկվում։ Հերոսի՝ Սայաթ-Նովայի հոգեվիճակը հենց լաբորատորիայում է ցույց տրվում։ Նույնը Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր»-ն ամբողջությամբ հեղինակի լաբորատորիան է։ Ես ամենեւին չեմ ուզում համեմատվել կինոյի այս հսկաների հետ, պարզապես նշեցի, որ «Մոնուալֆինջ»-ն էլ մեր փորձն է»։

Հարցրինք՝ իսկ չի՞ կարծում, որ հանդիսատեսը նախընտրում է ավելի հասանելին, որը չի ծանրաբեռնի իրեն եւ կլինի ավելի հեշտ ընկալելի։ «Միշտ կա հանդիսատես, որն ուզում է լավ ֆիլմ նայել։ Արվեստը սնունդ է, որ բոլոր ժամանակներում իր սպառողն ունեցել է ու կունենա»,-ասաց մեր զրուցակիցը։ Մարդկանց կարծիքների մասին էլ պատկերավոր հետեւյալն ասաց՝ «Համայնքը զորավոր է»։

Բնականաբար, հետաքրքրվեցինք, թե ինչն է մոտիվացնում ֆիլմարտադրության մեջ, ունի՞ նախընտրելի ֆիլմեր, որոնք որեւէ ազդեցություն ունեն իր ձեռագրի վրա։ «Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը։ Երբ դու տպավորվում ես որեւէ ֆիլմով, առանձնացնում ես քեզ համար որեւէ օպերատորի, այն միանշանակ թողնում է իր ազդեցությունը քո վրա ու քո ֆիլմերում։ Ու առհասարակ։ Երբ գնում ես կինոթատրոն ու ենթագիտակցությանդ մեջ որեւէ բան ֆիքսվում է, այն ինչ-որ պահի թողնում է իր ազդեցությունը»,-հնչեց պատասխանը։ Ինչ վերաբերում է հայկական ֆիլմարտադրությանը եւ այն հարցին, թե  ի՞նչն է մեզ պակասում լինել աշխարհում լավագույնների շարքերում, այս մասին էլ նշեց. «Մեզ մոտ շատ կան մարդիկ, որ կինոօպերատրություն են սովորում՝ չունեն տեսախցիկ, ու կան մարդիկ, որ ունեն՝ բայց չունեն կրթություն։ Չկա փորձ, չկա համապատասխան միջավայր, իսկ տեսական գիտելիքներով ոչինչ չես կարող անել։ Մեզ դպրոց է անհրաժեշտ, որտեղ շեշտը կդրվի թիմային աշխատանքի վրա»։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Գեւորգի նպատակներին. «Ունեմ նման դպրոց ստեղծելու նպատակներ։ Հունաստանից մի ռեժիսոր էր եկել՝ Հայաստանում ֆիլմ նկարահանելու, ուսանող էր։ Իրենց մոտ ամեն բան խիստ էր, ոչ թե ուսանողը պետք է չորս տարի սովորեր ու դիպլոմային հանձներ, այլ մեկից երկու ամիսը մեկ կարճամետրաժ ֆիլմ նկարահաներ։ Այսինքն՝ շեշտը դրվում էր գործնական հատվածի վրա։ Ու առհասարակ պետք է թիմային աշխատանքը շատ լավ արվի, իսկ մեզ մոտ չեն սովորեցնում դրան։ Դպրոցը պետք է տեխնիկական մասով բոլոր հնարավորությունները տա ուսանողին, ու խնդիր դնի իրենց առաջ լավագույնս ներկայացնելու ֆիլմը։ Այդ ժամանակ արդեն թե՛ ռեժիսորը, թե՛ սցենարիստը, թե՛ դերասանը, եւ առհասարակ, բոլորը թիմում կշահագրգռվեն ու լավագույնս կփորձեն դրսեւորել իրենց»։ Հարցին՝ ի՞նչը կփոխեր հայկական կինոարվեստում, Գեւորգ Եփրեմյանն ասաց, որ միշտ կողմնակից է եղել ինքն իրեն փոխելու գաղափարին, որովհետեւ միակ ճշմարիտ ուղին դա է իր համար։

Վերջին ֆիլմի մասին էլ խոսք գնաց։  «Ֆիլմի անունը «100 կյանք» է։ Նկարել ենք երեխայի ծնվելուց մինչեւ հարյուր տարեկան տարբեր մարդկանց։ Կարճամետրաժ ֆիլմ է, տեւողությունը մոտավորապես 15 րոպե կլինի։ Ֆիլմի ստեղծման ողջ ընթացքը շատ հետաքրքիր էր ու բավականին բարդ։ Արդեն տասը տարուց ավելի է, ինչ նկարահանում էինք ու մի քանի օպերատորներ են աշխատել ֆիլմի վրա։ Ինձ ռեժիսորն առաջարկեց ու միտքը շատ դուրս եկավ, միացա նախագծին ու սկսեցինք աշխատել։ Շուտով պատրաստ կլինի»,-ասաց նա։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728