Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մարդու եւ նրա հետագա գործունեությունը կարելի է կանխատեսել նրա կազմվածքով եւ արտաքին մի շարք գծերով

Փետրվար 11,2023 12:00

Աշխատանքային գործունեության ընթացքում անհրաժեշտ է լինում ճանաչել միանգամից դիմացինին եւ կարողանալ կողմնորոշվել, թե տվյալ անձնավորության հետ ինչպես պետք է շփվել, առավել եւս՝ աշխատել: Խառնվածքը բնութագրվում է շարժունակության ուժով` հավասարակշված գրգռման եւ արգելակման գործընթացներով:

Բնավորությունը նախատրամադրվածության եւ վերաբերմունքի համադրություն է, որը ղեկավարում է ապրելակերպը, անհատի գործողությունները եւ նրա վերաբերմունքն արտաքին միջավայրի նկատմամբ: Սա հոգեկան ռեակցիաների անհատական տեսակ է ուղղակի գրգռիչների գործողություններին եւ իրականության տպավորություններին:

Անհատականությունը մարդու հոգեբանական եւ սոցիալական ակտիվությունն է իր անկրկնելիության պարագայում: Անհատականությունն անձի յուրահատուկ առանձնահատկություններն են, որոնք մարդուն տալիս են ինքնատիպություն վարք որոշակի կրկնվող ոճի միջոցով:

Գենետիկայի գիտությամբ զբաղվողները փաստում են, որ ժառանգությամբ փոխանցվում է մեր անհատական հատկանիշների միայն քսան տոկոսը, իսկ մնացածը ժամանակի ընթացքում փոփոխվում է: Հոգեբանության ուսումնասիրության ընթացքում ինչ դռներ ասես, որ չեն բացվում: Պարզվում է, որ մարդու եւ նրա հետագա գործունեությունը կարելի է կանխատեսել նրա կազմվածքով եւ արտաքին մի շարք գծերով: Մարդու կյանքի սկզբնական փուլում ձեւավորվում են` կազմվածքը, խառնվածքը, գրավչությունը, էքստրավերտ/ինտրովերտ, աֆեկտիվ, զգայական վերաբերմունքի առկայությունը` անգիտակից հոգեբանական վիճակները, ապրումակցումը/էմպատիան, ակտիվության աստիճանը, կապվածություն ձեւավորելու ունակությունը:

Երկրորդ փուլում` 10-11 տարեկանում ձեւավորվում են անձի ուշադրությունը, հիշողությունը, դատողությունը:

Երրորդ փուլում` 18-20 տարեկանում անձի մոտ ի հայտ են գալիս այնպիսի հատկանիշներ, ինչպես համագործակցությունը, գործընկերությունը, լիդերությունը, դերային բաշխումը:

Չորրորդ փուլում` 40-45 տարեկանում ձեւավորվում է մարդու պատկերացումը արժեքների եւ իդեալների (կատարելատիպերի), կյանքի իմաստի մասին:

Անձի կազմվածքի առանձնահատկությամբ կարող ենք հաղթել դիմացինին բանավեճի ընթացքում կամ այլ հարցերում:

Մարդկանց տեսակները

Բնական է, որ բոլորս տարբեր ենք, մեկը նիհար է, մյուսը` գեր, իսկ երրորդը` մկանուտ: Եվ դա չի կարող չանդրադառնալ նրա բնավորության վրա:

Փորձագետ, մարդաբան Եվգենիյ Սպիրիցան գտնում է, որ մարդու կազմվածքն անդրադառնում է նրա խառնվածքի եւ բնավորության վրա, անկախ նրանից, տվյալ անձը զարգացածության ինչ մակարդակ ունի, ինչ տարիքի է եւ ինչ ազգության: Բավական է նրան ուսումնասիրել մի քանի րոպե եւ բնորոշել, թե տվյալ անձը պիկնիկ, մարզիկ, ասթենիկ, թե նրբագեղ կազմվածքով անձնավորություն է:

Այս մեթոդի առավելությունն այն է, որ անգամ եթե մարդը փորձի թաքցնել իրեն հատուկ բնավորության գծերը, ապա կազմվածքն անշուշտ չի կարող թաքցնել, իսկ դա կհուշի, թե ում հետ գործ ունենք:

Պիկնիկ տեսակի մարդիկ, որպես կանոն, ունենում են մարմնի զգալի ճարպային զանգված: Մարզիկ տեսակի մարդկանց մկանները զարգացած են, ունեն ճարպի քիչ զանգված: Ասթենիկ տեսակի մարդիկ ոչ շատ մկանուտ են եւ ճարպային զանգվածը մարմնի քիչ է: Քանի որ մկանները քիչ են, պաշտպանվելն էլ նրա համար դժվար է: Նրբագեղը պատկանում է այդ նույն կատեգորիային, սակայն ասթենիկից տարբերվում է իր նրբագեղ քայլվածքով: Լինում են խառը տեսակներ, սակայն որեւէ մի գիծ գերիշխող է լինում:

Մարդկանց կարելի է տարբերակել այնպիսի բնորոշ հատկանիշներով, ինչպիսիք են` շարժում, քայլվածք, կեցվածք, հարմարավետության նկատմամբ հակում, էներգիայի չափ, սոցիալականացում, բաց տարածքում գտնվելու ընթացք, զգացմունքայնություն, ձայն, ցավադիմացկունություն, քուն, ալկոհոլ եւ սթրես, արժեհամակարգ: Պիկնիկ տեսակի մարդիկ ունենում են հանգիստ կեցվածք եւ ընդհանուր առմամբ, հանգիստ շարժուձեւ, քանի որ իրենց մկաններին պետք է հանգստանալ: Նրանք սիրում են հարմարավետություն եւ չեն սիրում շարժում: Նրանց չես անվանի եռանդուն: Պիկնիկներին հատուկ է դանդաղ ռեակցիան: Այս տեսակի մարդիկ ունեն մարմնի մեծ զանգված եւ դա պաշտպանելու համար շատ են սիրում ուտել եւ իրենց հարցերը լուծել սեղանի շուրջ: Շատ են սիրում հաց ուտել ինչպես ծանոթ, այնպես էլ անծանոթ մարդկանց միջավայրում: Նրանց համար դա եւ շփում է, եւ էսթետիկ հաճույք: Պիկնիկներն առավել կենտրոնացած են այլ անձանց նկատմամբ, սիրում են լինել մարդկանց միջավայրում եւ շատ են ուշադրություն դարձնում հետադարձ կապին /feedback/: Նրանք ամենուր իրենց լավ են զգում, կարեւորը մեկը լինի, որ շփվեն եւ առավել եւս` ճաշեն: Սիրում են հոգ տանել ուրիշների մասին: Նրանք հավասարակշռված են: Նման տիպի մարդիկ ունենում են հանգիստ ձայն: Պիկնիկները ձգտում են հանգիստ բավարարվածության եւ խուսափում են ցավից, անհանգստությունից: Ունենում են լավ քուն: Հարբած վիճակում լիցքաթափված են եւ շփվող, դժվար պահերին ձգտում են լինել մարդկանց միջավայրում: Պիկնիկների համար շատ կարեւոր են ընտանեկան արժեքները:

Աթլետիկ, մարզիկ տեսակի մարդիկ ունեն վստահ կեցվածք, քայլվածք եւ շարժուձեւ: Նրանք ձգտում են ֆիզիկական ակտիվության, քանի որ մարմինը պետք է պահեն շարժուն վիճակում: Այս տեսակի մարդիկ, որպես կանոն, եռանդուն են: Միջավայրում սիրում են գերիշխել, քանի որ նյարդային համակարգը դա թույլ է տալիս: Նրանք շատ շուտ հարմարվում են դժվար իրավիճակին, քանի որ շուրջը միշտ լինում է ավելի ուժեղ մեկը: Շրջապատի կարծիքը նրանց համար կարեւոր չէ: Մարզիկներն իրենց շատ վատ են զգում փակ, ճնշող, չօդափոխված տարածքում: Նրանց եւ իրենց մկանների համար շատ կարեւոր է թթվածինը: Նրանց հիմնական բնորոշ գիծն ագրեսիվությունն է, իսկ կարեկցանքը նրանց բնորոշ չէ: Ձայնը բարձր է, գերիշխող: Ցավադիմացկուն են: Նրանք ունենում են քնի տարբեր տեսակներ: Հարբածության ժամանակ ագրեսիվ են եւ ինքնավստահ: Դժվար իրավիճակում մարզիկները չեն ընկրկում, չեն տրտնջում, այլ գործում են: Նման մարդիկ կողմնորոշված են դեպի երիտասարդական ձգտումներ եւ նպատակներ, եւ ըստ այդմ մշակում են կյանքի ռազմավարությունը: Ասթենիկ տեսակի մարդիկ ունենում են քիչ մկաններ եւ հետեւաբար նրանց գործողությունները ձգված են, արգելակված, դանդաղ եւ կոշտ: Նրանք ունեն ֆիզիոլոգիական ռեակտիվություն, որն արտահայտվում է որեւէ բանին, առարկային, սուբյեկտին կառչելով: Ասթենիկներին հատուկ է տագնապայնությունը: Կյանքում, միջավայրում ասթենիկները հակված են ավելի շատ դատողություններ անել, քան գործել եւ շատ մեծ ուշադրություն են դարձնում միջավայրին: Դա պաշտպանական ռեակցիա է, որպեսզի չհայտնվեն դժվար իրավիճակում, չառաջանան խնդիրներ: Ասթենիկներին հատուկ է սոցիոֆոբիան: Նրանք հաճախ ունենում են հանրային շփման վախ: Ի տարբերություն աթլետիկ, մարզիկ տեսակի մարդկանց, ասթետիկները, ընդհակառակը, սիրում են փակ տարածություն: Ինչքան փակ է տարածքը, այնքան նրանք իրենց ապահով եւ հանգիստ են զգում: Էմոցիոնալ, զգայական առումով այս տեսակի մարդիկ անկանխատեսելի են: Ունեն ցած ձայն: Անգամ աննշան ցավի նկատմամբ շատ զգայուն են: Շատ են սիրում քնել, քնել որտեղ եւ ինչպես պատահի: Նրանց հատուկ է քրոնիկ հոգնածությունն ու անքնությունը: Ուշադրության շնորհիվ ասթենիկները դիմացկուն են ալկոհոլի եւ հակադեպրեսանտների ազդեցությանը: Սթրեսի ժամանակ այս տեսակի մարդիկ սիրում են առանձնանալ: Նրանց աշխարհընկալման հիմքում պահպանողական եւ ավելի մեծ տարիքի արժեքներն են:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728