Լրահոս
Օրվա լրահոսը

Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

Փետրվար 10,2023 23:23

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը որոշել է դադարեցնել քաղաքական գործունեությունը։ Այս մասին Տոնոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից,  որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումն ունեցել է միմիայն հետևյալ դրդապատճառները՝

  • ընկալումը, որ իմ և հազարավոր մայրերի զավակները դարձան 30 տարի մեր երկրում վարվող քաղաքականության արդյունքում իշխանության եկած ապազգային տարրերի հայրենադավության զոհը:
  • գիտակցումը, որ ինչքան էլ մենք տքնենք լինել լավ մանկավարժ, բժիշկ, գիտնական ու որևէ այլ մասնագետ և անբասիր ծառայենք մեր Հայրենիքին, արդյունք չի տալու, եթե երկիրը կառավարում են երկիրը չսիրող, հայրենատիրական ապրումից ու ազգի հավաքական արժանապատվություն համար պատասխանատվության զգացումից զուրկ և մշտապես «տերեր» փնտրող անձինք կամ նրանց շուրջ հավաքված մարդիկ:
  • համոզմունքը, որ հարկավոր է ստեղծել հայակենտրոն, հայաշահ և նախ սեփական ուժերին ապավինող նոր քաղաքական ուժեր:
  • հավատը, որ ժամանակի հրամայականն է մաքրել ՀՀ քաղաքական ողջ այլախեղված կառույցի փլատակները և նպաստել դրանք երիտասարդ, արհետավարժ ու Հայրենիքին անանձնական սիրով նվիրված անձանցով ու ուժերով փոխարինելու անխուսափելի գործընթացին:
  • և ի վերջո նպատակը՝ շարունակել մեր զավակների պայքարը, վերադարձնել նրանց ինքնազոհողության իմաստը և նրանցից գողացված հաղթանակը:

Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը:

Այս ամենով հանդերձ, այս պահին քաղաքական գործունեությունս փոխարինելով առավել ակտիվ հասարակական գործունեությամբ, հավաստում եմ, որ շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույնի չափով նպաստել երիտասարդ քաղաքական գործիչների և ուժերի գործունեությանն ու կայացմանը, ուշադրությանս կենտրոնում եմ պահելու  երկրում առկա թե քաղաքական և թե քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անելու եմ Մենուայիս և մեր մյուս բոլոր զավակների պայքարը ավարտին հասցնելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում «5165 շարժման» ամբողջ թիմին, որ առաջնորդվելով միայն իմ ապրած կյանքի և գաղափարների նկատմամբ ունեցած հարգանքով, առաջարկեցին ինձ առաջնորդել շարժումը, դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով  անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գաղափարը պետք է համախմբի և առաջնորդի քաղաքական ուժին, և ոչ թե որևէ անձ: Հաջողություն եմ մաղթում իմ ընկերներին և հավաստում, որ  քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, ես միշտ կհետևեմ և կսատարեմ իրենց, միաժամանակ լինելով 1-ին քննադատը և խորհրդատու:

Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից:

Աստված և Հայրենիք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կարին Տոնոյանը դադարեցնելով իր քաղաքական գործունեությունը, իր երկրորդ ապտակը հասցրեց մեր մտավորական էլիտային, քաղաքական ընդդիմությանը և միայն սեփական հոգսերով ապրող հասարակությանը:
    Առաջին անգամ նա ապտակեց, երբ անձնական մեծ վիշտ ունենալով հանդերձ, ինքը մտավ քաղաքականություն՝ զգալով իր հայրենիքի առջև ծառացած վտանգավոր մարտահրավերները և տեսնելով վերը նշված հասարակական շերտերի անտարբերությունը կամ ապաշնորհությունը: Նա պարզ տեսավ, որ մեր հասարակությունը բավարարվում է միայն հերոս նահատակների թաղումների մասնակցությամբ ու ծաղկեպսակների պատվիրմամբ աչքի ընկնելով և սփոփիչ կենացներ խմելով: Իսկ երբ այդ հերոսների սևազգեստ մայրերին ենիչերի ոստիկանները եռաբլուրում քարշ էին տալիս, ապա այդ նույն մարդիկ իրենց տաքուկ անկյուններում նստած՝ ընդամենը վրդովվում, քննադատում, հայհոյում և ֆեյսբուքյան գրառումներ էին անում:

    Հարգարժան տիկին Տոնոյան, քաղաքականություն մտնելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու Ձեր բացատրությունները տպավորիչ ու ազդեցիկ էին: Իսկ ակտիվ հասարակական գործունեության անցնելու և այս ապազգային իշխանությունների դեմ Ձեր պայքարը շարունակելու որոշումը միգուցե ամաչեցնի գլուխները ավազի մեջ մտցրած մեր ջայլամային քաղաքական ընդդիմությանը և ճակատագրապաշտության նիրհով ախտահարված մեր հասարակությանը, որպեսզի նրանք խելքի գան և տեր կանգնեն մեր երկրի ապագային: Ընդամենը հիշել է պետք, որ 1 դար առաջ 5165 մ բարձրությունն իր հսկայական շրջակայքով և 1,5 մլն մեր գենետիկ գանձը մենք կորցրինք մեր անկազմակերպվածության, օտարահավատության, սեփական ընտանիքը մի կերպ փրկելու պարզամիտ մտածելակերպի և ազգային համընդհանուր պայքարի բացակայության պատճառով: Այսօր նմանատիպ սխալներ թույլ տալու իրավունքը մենք չունենք և միակ լուծումն է՝ համատարած անտարբերությունը փոխարինել փրկության պայքարով:

    Ինչպես Դուք ասացիք՝ Աստված և Հայրենիք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728